«Հայաստան» հիմնադրամը եւս 3 գյուղ կապահովի խմելու ջրով
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հադրութի շրջանում մեկնարկել է Մեծ Թաղլար-Ազոխ-Դրախտիկ ջրամատակարարման համակարգի կառուցումը, որը հովանավորվում են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը եւ ԼՂՀ կառավարությունը:
Մեծ Թաղլար-Ազոխ-Դրախտիկ ջրամատակարարման ծրագրի շրջանակում նախատեսվում է Իշխանագետի վրա կառուցել ջրընդունիչ կառույց, պարզարան ու ավազորսիչ: Բացի 22 կմ երկարությամբ ջրատարից գյուղերում կկառուցվեն օրվա կարգավորման ջրամբարներ` բաժանարար հորերով` ջուրը գյուղերին հավասարաչափ բաշխելու համար: Ծրագրի ավարտը նախատեսվում է դեկտեմբերին:
«Գյուղացուն ջուր ապահովելով` մենք ապահովում ենք համայնքի վաղվա օրը»,- նշում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:
«Խմելու ջրի խնդիր միշտ էլ եղել է գյուղում: Ավելի քան 200-ամյա աղբյուրները շոգ ամիսներին ցամաքում են ու գյուղացուն կանգնեցնում խնդրի առջեւ»,- հայտնեց Թաղլարի համայնքի ղեկավար Վլադ Դանիելյանը:
Մեծ Թաղլար, Ազոխ եւ Դրախտիկ համայնքները ԼՂՀ բարձրադիր գյուղերից են, որտեղ ապրող շուրջ 2750 բնակիչ տարեվեջին կապահովվի խմելու ջրով: Տեղաբնակ տարեցները համայնքների հետագազարգացումը կապում են ջրի խնդրի լուծման հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել