HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արմեն Մարտիրոսյանը իշխանություններին խնդրում է դուրս գալ փողոց եւ տեսնել իրականությունը

07_04-sharmazanov-martirosyԱզգային ժողովի ամբիոնից այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ ելույթով: «Ապրիլի 9-ին լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին: Այս ընթացքում որքան բազմաթիվ են եղել մեր պետության առջեւ ծառացած մարտահրավերները, այնքան մեծ է եղել երկրի բարձրագույն իշխանության կամքն ու նպատակաուղղվածությունը լուծել այդ պրոբլեմները, որքան հնարավոր է արդյունավետ»,-նշեց պատգամավորը: Նա ավելացրեց, որ իշխանություններն առաջնորդվել են նախագահի նախընտրական ծրագրի իրականացմամբ, որի գլխավոր դրվագներն են ազգային համերաշխությունն ու խնդիրները միասնաբար լուծելու պատրաստակամությունը: «Առաջին քայլերն արված են. Հանրային խորհուրդը կազմավորման փուլում է եւ այն հնարավորություն ուն խորհրդակցական մարմին դառնալ: Երկրի նախագահը պետությունը չի տեսնում սեփական նստավայրից, բազմաթիվ այցելությունները մարզեր փաստում են, որ նրա նախընտրական խոստումը` տարածքների համաչափ զարգացման մասին, եւս հօդս չեն ցնդել»,-նշեց Էդ. Շարմազանովը եւ կարեւորեց տնտեսական քայլերը` նոր ատոմակայանի կառուցում, Համահայկական բանկի հիմնում եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում: Արտաքին քաղաքականության ոլորտում որպես  նախագահի գործունեության կարեւոր փաստ պատգամավորը նշեց ՄԱԿ-ի ամբիոնից նախագահի հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցի կարգավորումը հնարավոր է միմիայն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պայմաններում: «Ուրեմն լինենք միասնական, հանդուրժող եւ համերաշխ»,-կոչ արեց Շարմազանովը: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով իշխանությունների գործունեությանը, ասաց. «Մեր գործընկերներից մեկը նշեց, թե անձրեւը իշխանությունների մեղքով չէ: Այնքան մեղք ունեն եւ գիտեն, որ հասարակությունն ամեն ինչում է մեղադրում իրենց, որ այս մեկից արդեն հրաժարվում են: Հարգելիներ, հասարակությունը տեղյակ է, թե ինչի մեջ են մեղավոր իշխանությունները»: Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց, թե իշխանություններն առիթը բաց չեն թողնում տարբեր ամբիոններից հայտարարել, որ հոգում են քաղաքացիների, փոքր բիզնեսի մասին, որ հակաճգնաժամային քայլեր են ձեռնարկում, որ աշխատատեղեր, ազատ տնտեսական դաշտ են ապահովելու: «Իհարկե, սա հեշտ է ասել, որովհետեւ սրանք խոսքեր են, այլ ոչ թե գործեր: Իշխանություններ, եթե դուք ուզում եք բիզնեսի անվտանգության խնդիր ապահովել, խնդրում եմ դուրս գաք փողոցներ  եւ տեսնեք: Հարկայինի մասին եք մտածում, մտածում եք, խոշոր բիզնեսը բերեք հարկային դաշտ եւ ոչ թե հանապազօրյա հացը աշխատող բանվորին սեղմեք այնքան, որ ասի` ավելի լավ է գնամ Թուրքիայում ապրեմ, քան Հայաստանում: Արդյոք սրանք են այն քայլերը, որ մեզ պետք է միավորեն, արդյոք սա է միասնության ճանապարհը, որ պետք է լինի Հայաստանում»,-նշեց Ա. Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter