Բարաք Օբաման աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
Ստամբուլում երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանին, Ալի Բաբաջանին եւ Միշլին Կալմի-Ռեյին: Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից «Քաղաքակրթությունների դաշինք» երկրորդ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ճաշից առաջ:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` Օբաման իր աջակցությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ջանքերին` գոհունակություն հայտնելով բանակցություններում վերջերս արձանագրված առաջընթացի կապակցությամբ:
ԱՄՆ նախագահը քաջալերել է կողմերին մոտ ապագայում կնքել երկու կարեւոր երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող համաձայնագիր:
Բարաք Օբամայի բնորոշմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ձեռնարկած քայլերը պատմական ու խիզախ քայլեր են, եւ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ապահովել երկու ժողովուրդներին խաղաղ ու բարեկեցիկ ապագա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել