HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացվել է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործով դատավճիռը

2009թ. ապրիլի 6-7-ին Աախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ` նրա հոր Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության եզրափակիչ նիստերը: Հետքն արդեն տեղեկացրել է այդ նիստի մասին: «Երկիր» միությունը քիչ առաջ տարածել է մամլո հաղորդագրություն, որտեղ նոր մանրամասներ կան այսօր կայացված դատական նիստից: Ապրիլի 6-ին մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ` Իրակլի Բարձիմաձեն, որը Վահագն Չախալյանի համար պահանջեց 14 տարի ազատազրկում եւ 18000 լարի (10,650 ԱՄՆ դոլար) տուգանք, Ռուբեն Չախալյանի համար` 4 տարի ազատազրկում եւ 6,000 լարի (3,550 ԱՄՆ դոլար) տուգանք, Արմեն Չախալյանի համար` 3 տարի պայմանական ազատազրկում եւ  3,000 լարի (1,750 ԱՄՆ դոլար)տուգանք: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան դատապաշտպանները: Ապրիլի 7-ին պաշտպանական խոսքն ասեց Վահագն Չախալյանը (տեքստը զետեղված է հավելվածում), այնուհետեւ դատավորը դատավճիռը կայացնելու նպատակով գնաց խորհրդակցական սենյակ: Դատարանը մեղավոր ճանաչեց Վահագն Չախալյանին գործի բոլոր դրվագներով` Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), 225 հոդվածի 2-րդ մասով (Մասնակցություն զանգվածային անկարգություններին), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 353-րդ հոդվածի 2-րդ մասով (Ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի կամ խուլիգաանությունը կասեցնող այլ անձի դեմ) դատապարտելով ջավախքահայ ակտիվիստին 10 տարվա ազատազրկման առանց պատժի մի մասի տուգանքով փոխարինման հնարավորության: Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 225 հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն զանգվածային անկարգություններին)` դատապարտվելով 5,000 լարի (3000 ԱՄՆ դոլար) տուգանքի, Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում). նրա նկատմամբ որպես պատիժ սահմանվեց 2,000 լարի (1,200 ԱՄՆ դոլար) տուգանք: Չախալյանները մտադիր են բողոքարկել դատավճիռը վերադաս դատական ատյաններում, իսկ այնուհետեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Երկիր» միությունը գնահատում է կայացված դատավճիռը որպես խայտառակ խախտումներով իրականացված դատավարության խայտառակ «հանգուցալուծում»: Դրանով վրացական իշխանությունները ի լուր աշխարհի հայտարարում են, որ ջավախքահայության իրավունքների համար հանրահավաքներն ու ցույցերը նրանք համարում են «զանգվածային անկարգություններ» եւ «հանրային կարգը խափանող զանգվածային միջոցառումներ», իսկ դրանց մասնակցելը` հանդիսանում է քրեորեն պատժելի հանցագործություն: Արդ, «Երկիր» միությունը կոչ է անում. -հայաստանյան եւ սփյուռքյան կառույցներին` համապատասխան կերպով արձագանքել ջավախքահայ գործչի նկատմամբ վրացական իշխանությունների պատվերով կայացրած դատավճիռ-հաշվեհարդարի փաստին, -միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին` գործուն միջոցներ ձեռնարկել վրացական իշխանություններին իրավապաշտպանության միջազգային տարրական նորմերի նկատմամբ հարգանքի սաղմեր ներարկելու եւ ջավախքահայության առջեւ ծառացած խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ուղղությամբ եւ վերջ տալու խայտառակ դատավարությունների եւ հալածանքների միջոցով ջավախքահայությանը լռեցնելու ներկա գործելաոճին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter