HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ն Գյումրիում բացեց մարզային գրասենյակ

07_04-bhkԿուսակցության մարզային գրասենյակ հիմնելու նպատակով այսօր Գյումրիում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ական նախարարներ Հարություն Քուշկյանը, Վարդան Վարդանյանը եւ Արմեն Գրիգորյանը: Մարզի ծննդատաները շրջելուց ու ծննդկաններին դրամական օգնություն բաժանելուց զատ ԲՀԿ-ականները Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տան բանալիներ նվիրեցին գյումրեցի անօթևան Աիդա Մկրտչյանի ընտանիքին, շտապօգնության մեքենա` Գյումրիի շտապօգնության կայանին, միկրոավտոբուս` մարզի հաշմանդամներին և որոշակի դրամական օգնություն Օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ Արտակ Կիրակոսյանին: Նրա ողնաշարը վնասվել էր անցյալ տարի Սարդարապատում կազմակերպված համերգի փորձի ժամանակ, երբ բեմն ուժեղ քամու պատճառով շուռ էր եկել: Արտակը փրկել էր երեք երեխաների կյանք եւ վնասել իր ողնաշարը: Օգնությունները բաժանելուց հետո Գագիկ Ծառուկյանը հանդիպեց լրագրողներին: Նա նախևառաջ անդրադարձավ այն հարցին, թե ինչու չի բավարարվում քաղաքային խորհուրդներով ու որոշել է մարզային խորհուրդներ հիմնել: «Մենք տասը մարզ ունենք, ու ամեն մարզի համար մարզային կառույցի պատասխանատու ենք ընտրում, որ ամբողջ մարզի խնդիրները, պրոբլեմները, ծրագրերը համատեղ վերլուծեն, որոշեն, նոր հանդիպեն մեզ հետ, որ կարողանանք մարզի զարգացմանը նպաստել: Եթե քաղաքային խորհուրդներից ամեն մեկը մեզ դիմի, ինքնըստինքյան խնդիրը չի կարգավորվի: Իսկ եթե կա մի պատասխանատու, գործը հեշտանում է, որոշում են կայացնում, մենք էլ վերանայում ենք, հետո մեր կուսակցությունով իրականացնում ենք կառավարությունում, Ազգային ժողովում»,- պատասխանեց Գագիկ Ծառուկյանը: Իսկ ինչ կասի նա ԲՀԿ-ի Գյումրու կառույցում առկա ներքին տարաձայնությունների մասին, ինչու են գյումրեցի ԲՀԿ-ականները այդքան դժգոհ Ծառուկյանից, ինչու են զղջում կոալիցիոն այս կուսակցության շարքերը համալրելու համար: «Տարաձայնություններ չեն կարող լինել, մենք մեր մարդկանց գնահատում ենք իրենց հարգանքով, իրենց կատարած աշխատանքով, մենք ծանոթ-բարեկամ չենք խաղում: Մենք հիմնականում ոչ թե ընտրությունից ընտրություն ենք աշխատում, Ձեզ պարզ ասեմ, որ հիմնականում կուսակցություն ստեղծվում ա կամ կուսակցությունը իրենց անձնական բիզնեսին ծառայեցնելու համար, կամ ինչ-որ պաշտոնի անցնելու համար, բայց այս կուսակցության ստեղծման հիմքերը մաքուր են, գաղափարն արդար է, ցանկությունը մեկն է, որ մենք ունենանք կայուն, ամուր երկիր, մեր երեխաների ապագան փայլուն լինի, մենք հենասյուներից մեկն ենք: Ես այսօր խնդիր ունեմ ոչ թե գումարի, պաշտոնի, հարգանքի, այլև խնդիր ունեմ, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի, ժողովրդին հնարավորություն տրվի, որ աշխատողը աշխատի, կառուցողը կառուցի, սովորողը սովորի, թոշակառուն, որ երկար ժամանակ աշխատել է, ծերության հասակում կարողանա բարեկեցիկ, բարգավաճ երկրում ապրել»,- նախընտրական քարոզարշավ հիշեցնող մտքերով հանդես եկավ Ծառուկյանը: Նա այնպես ոգևորվեց, որ նույնիսկ լրագրողներին կոչ արեց խելքի գալ ու համախմբվել: «Ես ուզում եմ, որ մեր լրագրողներն էլ, անկախ նրանից` ընդդիմադիր են, դիմադիր են, մենք Հայաստան երկրում ենք, մենք հայ ժողովուրդ ենք, լավը լավ պետք է ասենք, վատը` վատ: Երբ ասում եմ` խի եք այդպես անում, ասում են` մենք ընդդիմադիր ենք, մենք հայ ժողովուրդ ենք, հաջողությունը, հաղթանակը մերն ա, պարտությունը մերն ա, թե չէ` կարողանանք սևը սպիտակից տարբերել, մինչև չկարողանանք սևը սպիտակից տարբերել, ոչ մի հաջողության չենք կարողանա հասնել, դա վերաբերում ա բոլորին, ես չեմ ուզում անհատական ասել, ես երբեք ոչ մեկի վրա ցեխ չեմ շպրտել, չեմ ասում, թե նա չի կարում աշխատի, չի կարում դա անի: Մենք խոսում ենք, մեր ծրագիրը սա է, մեր խոսքը սա է, էսքան ժամանակ չի եղել, որ բան ասենք ու իրականություն չդարձնենք, մենք շատ քիչ ասում ենք, բայց անում ենք, որովհետև մենք միշտ ուզում ենք ժողովրդի աչքերին նայենք: Այն մարդիկ, ովքեր մեզ այսօր ձայն չեն տվել, երկու տարի հետո են տալու, երեք տարի հետո են տալու: Մարդու վստահության համար ժամանակ ա պետք, խոսքերին չեն հավատում, ժողովուրդը հավատում է արած գործին, մարդու սկզբունքին»,- ասաց Ծառուկյանը: Տեղեկացնենք, որ ԲՀԿ-ի մարզային կառույցն այսուհետ ղեկավարելու է նորաթուխ ԲՀԿ-ական, Ազգային ժողովի երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով  նախորդ ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար, սակայն չկարողացավ հաղթել ՀՀԿ անդամ Վարդան  Ղուկասյանին: Մենք ԱԺ պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչու է ԲՀԿ-ական դարձել, միթե այս միջոցով չի փորձում լուրջ հակակշիռ դառնալ Գյումրիի քաղաքապետին` գալիք ընտրություններում քաղաքապետի պաշտոնում ընտրվելու նպատակով: «Դա կապ չունի, եթե ես նման նպատակ ունենայի, ոչ մի բան ինձ չէր խանգարում, որ ես ավելի շուտ մտնեի ԲՀԿ, օրինակ` ասենք քաղաքապետի ընտրություններից առաջ: Նման նպատակ, վստահեցնում եմ, չկա, ես անձնական շահ չունեմ, ես կուսակցական դարձա, որպեսզի ավելի շատ հնարավորություններ ունենամ օգտակար դառնալ Շիրակի մարզի ազգաբնակչությանը: Ի վերջո, երկու տարի է ես անկուսակցական, անկախ պատգամավոր եմ, ես լուրջ ուսումնասիրել եմ քաղաքական դաշտը ու որպես պատգամավոր համոզվել, որ այն հարցերը, որոնք մեր մարզի ազգաբնակչությանը հուզում են, լուծում տալու համար հեշտ ձևը կուսակցական դառնալն է, քո թիկունքին կուսակցություն ունենալն է: Այլապես շատ-շատ հարցեր լուծում չեն ստանա»,- պատասխանեց Մարտուն Գրիգորյանը: «Այսինքն` մեր երկրում անկախ  մնալ հնարավոր չէ» մեր հարցին պատգամավորը պատասխանեց. «Անկախ մնալ հնարավոր է, եթե չես ուզում բան անել, այդ դեպքում անկախ մնալը ամենալավն է»:

Մեկնաբանություններ (2)

Արփինե
Ես Արցախից եմ,ունեմ նորածին երեխա Ընտանիքս բաղկացած է 3հոգուց Ալեքսանդր Համբարձումյան Արփինե Համբարձումյան Լուսե Համբարձումյան-3ամսեկան Եթե հնարավոր է օգնեք լվացքի մեքենա յով .երեխայի համար մահճակալ.մանկական կերNan .տակդիր-3համար ..վերմակներ.տաք հագուստ
Ալինա
Ես Արցախից եմ տեղանված 2023 սեպտեմբերի 27 ։։7հոքով ապրումենք Գյումրի ում վսրձով ունեմ ամեն ինչի կարիք խնդրումեմ օգնեք շնորակալութուն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter