HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

13-ամյա պատանին հրաշքի չի հավատում, չնայած լավատես է

arthur13-ամյա Արթուր Ավանեսյանը 9 տարեկանից սայլակով է տեղաշարժվում: Կապանցի Արթուրը ծնորղեների հետ վերջին տարիներին ապրում էր Մոսկվայում: Ընտանիքն արդեն մեկ տարի է` վերադարձել է Կապան: Տղան Մոսկվայում հատուկ կարիքավոր երեխաների համար նախատեսված դպրոց էր հաճախում: Գերազանցիկ է սովորել, գովասանագրեր ստացել: Նույնիսկ մորը` Աննա Ավանեսյանին դպրոցի տնօրինությունը «Երախտագիտության նամակ» է շնորհել, որով շնորհակալություն է հայտնում, որ նման «բարի, աշխատասեր, ուժեղ կամքով  տղա են դաստիրակել»:  Արթուրը Կապանում դեռևս դպրոց չի հաճախում: Սիրում է գրքեր կարդալ, ինտերնետում փնտրել: «Հետաքրքիր կայքեր շատ կան, կարդում եմ, աշխարհում կատարվող իրադարձություններին եմ ծանոթանում»,- ասում է Արթուրը: Բայց ստիպված է լինելու ապավինել միայն հեռուստատեսությանը, որովհետև համակարգիչը փչացել է, ասել են` անհնար է նորոգել, իսկ նորը գնելու հնարավորություն չունեն: «Դե  չեմ հուսահատվում, կարող եմ հեռախոսով էլ ինտերնետ մտնեմ, բայց չեմ կարող ինձ անհրաժեշտ ինֆորմացիան ստանալ»,- ասում է Արթուրը: Չի ուզում ծնողներին նեղություն պատճառել. միակ աշխատողը հայրն է, մայրն  իրեն է պահում, եղբայրն էլ ուսանող է: Մայրը` տիկին Աննան, պատմում է, որ որդուն Մոսկվայում բուժման էին տանում, եթե բուժման կուրսը մինչև վերջ ստանար, գուցե տարբերություն նկատվեր Արթուրի մոտ: «Բայց ֆինանսական խնդիրներ առաջացան, հայ համայնքը մի անգամ օգնեց  ու վերջացավ,- ասաց տիկին Աննան` առանց դժգոհելու,- մեր խաչը մենք պիտի կրենք»: Հիվանդությունը ողնաշարի հետ է կապված, մինչև 8 տարեկանը Արթուրը շատ աշխույժ ու թռվռան երեխա է եղել:  13-ամյա պատանին հիմա մեկ ցանկություն ունի` լինել Ամերիկայի «Դիսնեյլենդում»: Ինտերնետով է տեսել, կարդացել ու արդեն  ծանոթ է: «Հրաշքներ կամ չեն լինում, կամ իմ ուզածն անհնար է, ես զգում եմ, որ հարազատներս ինձանից թաքուն խոսում են, ուրեմն չեմ բուժվի»,- ասում է Արթուրը: Արթուրն ուզում է փաստաբան դառնալ,  պաշտպանել մարդկանց իրավունքները: Մայրը պատմում է, որ պիտի պայմանավորվեն մի դպրոցի հետ, որպեսզի սեպտեմբերից տնային ուսուցում կազմակերպեն: Ի տարբերություն մոսկվացիների, մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունելու հաշմանդամներին: Համենայնդեպս, այդպես է կարծում զրուցակիցս` Աննա Ավանեսյանը: «Արթուրին տանում ենք բակ, բոլորը մի տեսակ են նայում, չեն ուզում մերվել, շփվել»,- փորձեց շշուկով ասել մայրը, սակայն Արթուրը լսելով մորը` արձագանքեց, որ իր ընկերները լավն են ու ընդունում են իրեն` ինչպես կա: «Համաձայն եմ, բալես, բայց էլի էն չի, չէ՞, ոնց Մոսկվայում»,- որդուն ասաց մայրը: Հաշմանդամների աջակցության  «Ողջի» ՀԿ-ն գարնան ու կանանց տոնի միամսյակի կապակցությամբ այցելություններ կազմակերպեց հատուկ կարիքավորներին: «Մոտ  52 ընտանիք մտանք: Իսկ եթե շահառուն գեղեցեիկ սեռի ներկայացուցիչ չէ, ապա նվեր ստանում է նաև նրա խնամակալը: Այս պահին կազմակերպության առաջնահերթ խնդիրներից մեկը Կապանում թեքահարթակների կառուցումն է, որպեսզի հաշմանդամները կարողանան անարգել տեղաշարժվել»,- ասաց «Ողջի» ՀԿ-ի նախագահ Կամո Դավթյանը: Նա ասում է, որ առաջընթացը նկատելի է, հաշմանդամներն ինտեգրվում են հասարակությանը, հասարակությունն էլ ընդունում է նրանց: «Կարծես հաշմանդամներն ամաչում են իրենց վիճակից: Չեն ուզում դուրս գալ, շփվել մարդկանց հետ: Եթե մեկ, երկու անգամ զբոսնեն, ապա համոզված եմ` պատկերը կփոխվի»,- նշեց Կամո Դավթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter