Եվրոպական խորհրդարանի անդամը խորհուրդ է տալիս դաս քաղել մարտի 1-ի իրադարձություններից
«Երբ գալիս ենք Հայաստան, բազմաթիվ հարցեր ենք քննարկում, որոնց թվում են ազատազրկման վայրերը եւ բանտարկյալների խնդիրը: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են մարդիկ կալանավայրերում շարունակում ապրել եւ իմացանք, որ նոր կալանավայրեր են կառուցվում եւ ավելի լավ պայմաններով, այս իմաստով, կարծես, զարգացում կա»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության համանախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Մարի Անն Իզլեր Բեգենը: Նա Հայաստանում է Հայաստան-Եվրոպական Միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով, որը մեկնարկել է երեկ՝ ապրիլի 7-ին:
Տիկին Բեգենը նաեւ տեղեկացրեց, որ փորձել են հանդիպել մարտի 1-ի իրադարձություններից հետո ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց հետ:
«Պետք է ասեմ, որ ոչ մի խոչընդոտ չի հարուցվել, մենք կարողացել ենք տեսնել բոլոր նրանց, ումից որ ուզում էինք իմանալ իրենց մեկնաբանությունները, բացատրությունները իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես փորձել ենք հարցնել, թե ինչպես է ընթանում դատավարության պրոցեսը»,- նշեց բանախոսը: Անն Իզլեր Բեգենն ասաց, որ Եվրոպայի խորհրդարանը համաձայն է Եվրոպայի խորհրդի՝ «քաղբանտարկյալ» տերմինին վերաբերող սահմանման հետ:
«Հույս հայտնեմ, որ մոտ ապագայում հարցերը լավագույնս պիտի լուծվեն, որովհետեւ թե՛ Եվրոպայի խորհրդարանը, թե՛ Հայաստանի իշխանությունները փորձում են դրան տալ ճիշտ, արդարացի լուծում»,- ընդգծեց բանախոսը:
Իզլեր Բեգենը խորհուրդ տվեց բոլորին դաս քաղել մարտի 1-ի իրադարձություններից:
«Ես կուզեի, որպեսզի նման ցույցեր, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ, չլինեն այլեւս ո՛չ Հայասատանում, ո՛չ որեւէ այլ երկրում: Օրենսդրական դաշտը պետք է հստակեցվի, որպեսզի դրա հնարավորությունը չլինի»,- նշեց Իզլեր Բեգենը:
Լրագրողները փորձեցին ճշտել՝ մի՞թե իր ասածը ենթադրում է, որ Հայաստանում այլեւս ցույցեր չպետք է լինեն:
«Ես նկատի ունեի այնպիսի ցույցեր, որոնք ուղեկցվում են անկարգություններով, որտեղ մարդիկ են մեռնում: Ես կողմնակից եմ խաղաղ ցույցերի, օրինակ՝ երբ մարդիկ դեմ են դուրս գալիս Կառավարության որեւէ որոշման: Ցույցի իրավունքը համընդհանուր է»,- մեկնաբանեց համանախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել