Ինչու չի մաքսազերծվում Խաչատուր Սուքիասյանի ընկերության ապրանքը
Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց բարձրացրեց, որը վերաբերում է մաքսակետում գտնվող «Սպորտ-թայմ» ընկերության սպորտային ապրանքների տեսականուն:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ «Սպորտ-թայմ» ՍՊԸ-ն պատկանում է «Սիլ կոնցեռնին» եւ այդ ընկերության ապրանքները շուրջ մեկ ամիս է գտնվում են մաքսային ծառայությունում:
«Ես կցանկանայի իմանալ` այս ինչ հետապնդում է իրականացվում մեր գործընկեր, «Սիլ կոնցեռնի» սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի գույքի նկատմամբ: Արդեն որերորդ դեպքն է սա, մենք ականատես եղանք, թե ինչպես փակվեց «Բջնին» եւ շուրջ 500 աշխատողներ մնացին գործազուրկ: Այսօր էլ շուրջ 32 մլն դրամի ապրանքը, որը պետք է նաեւ մուտքագրվեր այդ գումարը մեր բյուջե, չի մուտքագրվում, դեռ ավելին` նրանք պատրաստ են եղել համապատասխան գրավամիջոց դնել որպես երաշխիք մաքսազերծելու այդ ապրանքը, սակայն մաքսային կոմիտեն չի ցանկանում լուծում տալ» ,-նշեց պատգամավորը:
Նա հիշեցրեց մեկ տարվա պատմություն ունեցող նախադեպը, երբ նույն կոնցեռնի մեկ այլ ձեռնարկություն, որը ծխախոտ էր տեղափոխում, եւս տուժեց մաքսային ծառայության կողմից:
«Ես կցանկանայի իմանալ` ինչու՞ է Հայաստանի Հանրապետությունում նման խտրական վերաբերմունք ցուցաբերվում գործարարների նկատմամբ»,-հարցրեց պատգամավորը:
Կառավարությունը խնդրեց, որպեսզի հարցը ներկայացվի գրավոր` ճշգրիտ պատասխան ապահովելու համար:
«Ընդհանրապես ես դեմ եմ, քանի որ այդ ապրանքը մեկ ամիս է, ինչ գտնվում է մաքսակետում: Այդ ընկերության մրցակիցները, ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, «Նայք» եւ «Ֆիլա» ընկերությունների սեփականատերերի մասին է խոսքը: Նրանք այս պահին սեզոնային ապրանք են վաճառում եւ այդ ապրանքը, որը մաքսատանն է, պետք է վաճառվի հենց այս սեզոնին` մեկ ամիս էլ մնալով այնտեղ, հնարավորություն չի ունենալու սպառվելու: Այս ընկերությունը տուժելու է, իսկ վերոնշյալ ընկերությունները լավ պայմաններ են ձեռք բերելու: Ես կցանկանայի, որ այս հարցին շուտափույթ լուծում տրվի»,-նշեց Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տեղ գտած տեղեկատվության, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Ֆիլա» եւ նրա ընկերոջը պատկանող «Նայք» ֆիրմաները ապրանք են ներկրել Հայաստան, իսկ «Ադիդասը» եւ «Պուման» նրանց հիմնական մրցակիցներն են, ուստի` մաքսայինի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, անօրինական հրահանգ է տվել` մաքսազերծում չիրականացնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել