Մարգարան պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը
Արմավիրի մարզի Մարգարա գյուղը 1500 բնակիչ ունի եւ ընդհամենը 300 հեկտար հողատարածք, որից 200 հեկտարը գտնվում է վերահսկողության գոտում՝ փշալարերից այն կողմ: Գյուղը սահմանակից է Թուքիային: Տեղացիների ասելով, սահմանն այնքան մոտ է, որ եթե թուրքական գյուղերում հարսանիք է լինում երաժշտության ձայնը հասնում է Մարգարա: «Հետքի» հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ դժվարությամբ են կարողանում գոյատեւել, քանի որ Մարգարայում ոչ մի զբաղմունք չկա: Հողամասերը բավականին հեռու են գյուղից եւ այդ պատճառով անմշակ են: Բացի դա, շատ գյուղացիներ վախենում են անցնել փշալարերից այն կողմ եւ հող մշակել:
«Ինչ գիտենք, մեկ էլ տեսար թուրքերը խփեցին»-ասաց մարգարեցի մի տղամարդ: Նշենք, որ փշալարերից այն կողմ գտնվող հողերը մշակելու համար գյուղացիներին ամեն տարի մեկ տարվա ժամկետով հատուկ անցագրեր են տալիս: Ամեն անգամ գյուղացիները դաշտ գնալիս պարտադիր պետք է սահմանապահներին ցույց տան անցագիրն ու անձնագիրը նոր անցնեն վերահսկողության գոտի: Նույն գործընթացն էլ կատարվում է դաշտից տուն վերադառնալիս:
Մարգարան Թուրքիայից բաժանված է Արաքս գետով եւ փորձեցինք լուսանկարել այն կամուրջը, որը, սահմանը բացվելու դեպքում, կապող օղակ է լինելու երկու հարեւան պետությունների համար: Սահմանապահները արգելեցին կամուրջը լուսանկարել:
Կամուրջի տեսքը թարմացվել էր, եւ Թուրքիայի եւ Հայաստանի կողմից եզրաձողերն ու քարերը ներկած էին: Գյուղացիների պատմելով այդ աշխատանքներն այս գարնանն են կատարվել: Գյուղացիները մեզ պատմեցին, որ երեւանաբնակ մեծահարուստները գրեթե ամեն օր ջիպերով գալիս են Մարգարա եւ հետաքրքրվում են, թե գյուղում ով է հող վաճառում: Մարգարայում հող ունենալու ցանկություն հայտնած հարուստները գյուղացիներին առաջարկում են կրկնակի գումար՝ միայն թե իրենց ուզած վայրում հողակտոր գնեն:
«Պարզ է, որ գլխի են ընկել, սահմանը վաղ թե ուշ պիտի բացվի, ուզում են հող առնեն, որ բիզնես դնեն միլիոնավոր եկամուտ ունենան»,-ասում էին գյուղացիներից մեկը չուզենալով անունը նշել:
Ինչ կտա սահմանի բացումը մարգարացիներին
«Լավ ու վատը դեռ չենք տեսել: Օրինակ, մեկի տունը, որ մտնում ես հյուրասիրությունից երեւում է, արժեր այդ տունը մտնել, թե՝ չէ: Կոնկրետ պատասխան չեմ կարող տալ, բայց մարդիկ կուզենան սահմանը բացվի, իրար հետ առեւտուր անեն: Վաղուց է կռվի ժամանակն անցել, ցանկանում ենք խաղաղություն լինի, հանգիստ ապրենք: Մեր հարեւաններից մեկն էլ Թուրքիան է, ինչու չէ, կարելի է նորմալ հարեւանություն անել նրա հետ: Սահմանի բացման առումով գյուղացիների կարծիքը երկու մասի է բաժանվել՝ մի մասն ուզում է, մյուս մասն էլ ընդհանրապես չի ուզում: Այդ թեմայով գյուղում ընդհանուր քննարկում չի եղել»,-Մարգարայի գյուղապետի տեղակալ Ղազար Թադեւոսյանը:
Թոշակառու Աղվան Մկրտչյանն էլ գրեթե նույն կարծիքին էր: «Ի՞նչ իմանանք ոնց կլինի, որ սահմանը բացվի: Եթե թուրքերը մեզ դավաճան են լավ բան կարանք նրանցից սպասե՞նք: Մյուս կողմից էլ երկու ժողովուրդ իրար հետ առեւտուր կանեն, կարող է լավ լինի: Ճիշտ է, ցեղասպանություն է եղել, մեր պապերին կոտորել են, բայց անվերջ չի կարող թշնամանքը շարունակվել: Մենք ի՞նչ մեղավոր ենք, կամ իրենց այսօրվա սերունդն ի՞նչ մեղավոր է, որ տարիներ առաջ կռիվ է եղել: Նույնիսկ հարեւանն է հարեւանի հետ կռիվ անում, տալիս իրար սպանում են, բայց ընտանիքներով էլի բարիշում են: Սերունդը փոխվել է, հիմա ինչ իմանանք ո՞նց կլինի, պիտի որ լավ լինի,-ասաց Աղվան պապն ու ավելացրեց,- միշտ էլ հեռուստատեսությամբ հետեւում ենք, թե սահմանի բացման համար ինչ են խոսում: Երկու օր առաջ էլ Ամերիկայի նախագահն էր Թուրքիայում, մտածում ենք, որ լավ կլինի: Իմ հասկացողությամբ Օբաման պիտի ճանաչի ցեղասպանությունը: Ինքը երիտասարդ տղա է, խոսք է տվել ուզում ա իրա խոսքը կատարած լինի: Ի՞նչ էլ լինի, ես եմ ու իմ ուլերը»:
Մարգարայի հանրակրթական դպրոցի հանրահաշվի ուսուցչուհի Վարդ Միքայելյանն ավելի խորը վերլուծեց իրավիճակը: «Ամեն մի եւրեւույթ էլ ունի իր դրական եւ բացասական կողմերը: Ես ծնվել եմ այստեղ ու արդեն 50 տարի է սահմանի վրա եմ ապրում: Մեզ համար սահմանն անբաժանելի է դարձել: Եթե սահմանը բացվի, իհարկե, շարժ կլինի, ապրանքները կէժանանան, բայց մյուս կողմից վախ կա: Ի՞նչ էլ լինի մենք դարավոր թշնամիներ ենք թուրքերի հետ, միանգամից սահմանը բացելուց վախենում ենք: Չնայած ինձ թվում է ավելի շատ լավ կլինի մեզ համար, քան վատ, վերջ ի վերջո հարեւաններ ենք պիտի սահմանը բացվի: Չի կարելի շրջապատվել թշնամանքով, Աստվածաշնչում էլ Աստված ասում է՝ միշտ փորձիր ներել: Չեմ ասում մեր պատմությունը, կոտորածները մոռանանք, բայց պիտի նաեւ ներել կարողանանք: Ի՞նչ եղել է տարիներ առաջ արդեն պատմություն է, հիմա պիտի մեր նոր պատմությունը կերտենք: Ես Վրաստանի դեմ ոչինչ չունեմ, բայց ճիշտը խոսենք՝ վրացիների վրա հույս դնել չի լինի: Մեր մյուս հարեւանի՝ Պարսկաստանի հետ հարաբերությունները լավ է, բայց վատ չի լինի, որ Թուրքիայի հետ էլ լավ հարաբերություններ ունենանք: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրանց հետ կիսելու բան ունենք, դժվար թե նրանց հետ հիմա մեր հարաբերությունները լավ լինեն»,- ասաց Վարդ Միքայելյանը:
Սահմանի բացման թեմայով զրուցեցինք նաեւ գյուղի անապահով ընտանիքներից մեկի մոր՝ տիկին Սիլվայի հետ: Նրան ընդհանրապես չէր հետաքրքրում սահմանի բացումը, ոչ էլ դրա համար մտահոգված էր: «Ընենց հետաքրքիր հարց են տալիս, ինձ օգուտ ինչ պիտի լինի այ ցավդ տանեմ: Օգուտը գրպանովին է լինում՝ ով գրպանում փող ունի սահմանի բացումը նրան էլ օգուտ կլինի: Ես սովորական մարդ եմ, եթե ես էլ մի եկամուտ կամ գումար ունենայի, ես էլ շահագրգռված կլինեի, որ սահմանը բացվի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել