Քաղաքական իշխանության բարոյականությունը
Այն ժամանակներում, երբ դեռ կառավարման մեխանիզմներն առնչություն չունեին ժողովրդավարության հետ, եւ պետությունը կառավարվում էր անհատների կամ անհատների միավորումների կամային դրսեւորումների միջոցով, ժողովրդին միավորող մշակույթի մեջ առաջացել էր ճեղքվածություն։
Ժողովրդի մի մասը, որն առնչություն չուներ պետության կառավարման հետ, մշակութային, հաճախ նաեւ տեսակային առումներով տարբերվում էր ժողովրդի պետությունը կառավարող հատվածից։
Պետության կառավարմանը չմասնակցող «ենթակաները» կարծում էին, որ ոչ ոք իրավունք չունի որոշելու մյուսների փոխարեն, իսկ քանի որ պետությունը հասարակական կեցության կառույց է, ապա դրա կառավարման պրոցեսում ընդունված նորմերը պետք է ազդեն պետության մեջ ապրող բոլոր մարդկանց վրա։
«Ենթակաների» տեսանկյունից պետությունը կառավարելը անբարոյականին վայել գործ էր։ Եվ քանի որ պետությունը կառավարելու արվեստը կոչվում է քաղաքականություն, այդ բառի հոմանիշ է ընկալվում անբարոյականությունը։ Իրենց հերթին պետության կառավարմանը մասնակցողները՝ «իշխողները» նման բնորոշումից խուսափելու համար՝ պաշտպանողական բնազդով«ենթականերին» կոչում են սեփական կյանքի հանդեպ պատասխանատվությունից խուսափողներ՝ հպատակներ։
Այսպիսի ընկալումների ծայրահեղացումը որպես կանոն հանգեցնում է հեղափոխությունների։ Առավել առաջադեմ ժողովուրդները այն հաղթահարել են՝ ստեղծելով պետության կառավարման նոր համակարգ։
Այս համակարգը ենթադրում է ժողովրդի բոլոր խավերի մասնակցություն պետության կառավարմանը։ Այստեղ հաշվի է առնվում ժողովրդի մեծամասնական կարծիքը ազգային-մշակութային հարցերի շուրջ եւ ապա, այն դարձնելով ընդհանուր բոլորի համար՝ իրագործվում պետությունը ժամանակավորապես կառավարող իշխանության կողմից։
Պետության կառավարման ժողովրդավարական մեխանիզմի ի հայտ գալուն պես, պարզ է, որ պետք է վերանան քաղաքականություն–անբարոյականություն եւ հասարակ ժողովուրդ–տգետների բազմություն բնորոշումները։
Այստեղ քաղաքականությամբ զբաղվում են բոլորը, եւ ընդհանուր կարգին (օրենքներին) ենթարկվում են բոլորը։ Քաղաքականությամբ (պետության կառավարմամբ) զբաղվում է ժողովուրդը, իսկ ժողովուրդը անբարոյական լինել չի կարող։
Սերնդի պատասխանատվությունը
Ժողովրդի սերունդը մի խումբ անհատականություններ չեն, դա հենց ժողովուրդն է՝ ժամանակի որոշակի կտրվածքում։
Մեր ժողովուրդը հազարամյակներ շարունակ չունենալով սեփական ազգային պետությունը, մարդու էության էվոլյուցիային հետընթաց իր մեջ ձեւավորել է հայ էթնոսի պահպանման պատասխանատվությունը կրող սերունդների հաջորդականությունն ապահովող նահապետական համակարգ։
Երբ ամեն հաջորդ սերունդ մարդու էկզիստենցիալ զարգացմանը հակառակ ավելի ու ավելի էր իր վրա վերցրնում էթնիկական պահպանման պատասխանատվությունը (նահապետականությունը գնալով ստանում էր ավելի վառ արտահայտված դրսեւորումներ), մինչդեռ մնացյալ քաղաքակիրթ աշխարհը ձգտում էր դեպի մարդակենտրոն որոշակիացում, առաջացավ ռոմանտիկ սերնդի ի հայտ գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը։
Մոտ 100 տարի առաջ այդ սերնդի առաջին ներկայացուցիչներն աշխարհաքաղաքական պրոցեսներից (նաեւ) օգտվելով կերտեցին հայկական պետություն։ Այն ժամանակվա պետություններն արդեն բռնել էին ժողովրդավարական զարգացման ուղին, եւ մեր նորաստեղծ պետության կառավարման հիմքում պետք է օրինաչափորեն կանգներ քաղաքացիական հասարակությունը։
Ցավոք այդ ժամանակ սոցիալ-հեղափոխականությունը խեղդեց ամեն քաղաքացիականը, եւ կորցրինք մեր պետությունը։
Այսօրվա մեր սերունդը հասցրել է ժառանգել պետության գոյությունը որպես օբյեկտիվ ռեալություն, եւ մեր՝ իմ սերնդի պատասխանատվությունը, քաղաքացիական հասարակության կերտումն է եւ հաջորդ՝ ինֆորմացիոն հասարակությանը համապատասխան, էկզիստենցիալ սերնդի համար ճանապարհ հարթելը։
Կա ուշադրության արժանի եւս մի հանգամանք. ինչպես առաջին հանրապետության ժամանակ, այժմ էլ, քաղաքակիրթ աշխարհին ներդաշնակվելու ժամանակը սուղ է։ Հաշվի առնելով տարածաշրջանում քաղաքական տեղաշարժերի արագությունը եւ տվյալ դասավորվածությանը քաղաքացիական հասարակության ադեկվատ դիրքորոշումը, անհրաժեշտ է ժողովրդի հնարավորինս լայն շերտերի ներգրավվումը քաղաքական պրոցեսների մեջ։
Ընտրությունը
Ժողովրդի հավաքական կամքը որոշակիացնելու եւ ժողովրդի կողմից այն դրսեւորելու եղանակը ընտրությունն է։
Ընտրության միջոցով քաղաքացիական հասարակությունը ներկայացնում է պետության կառավարման իր տեսլականը, եւ ապա պետությունը, կառավարող սուբյեկտն ընդունելով ընտրության արդյունքները որպես ժողովրդի հավաքական կամք, կառավարում է պետությունը։
Բացի այդ, ընտրությունն իրենից ներկայացնում է քաղաքացիական հասարակության ձեւավորման հիմնական միջոցը, երբ տվյալ պետության քաղաքացին գիտակցում է պետության կառավարման հանդեպ իր պատասխանատվությունը։
Լիարժեք քաղաքացիական հասարակություն չունեցող պետությունները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը եւ իշխանության ձեւավորումից զատ ընտրությունը դիտարկեն որպես լիարժեք քաղաքացիական հասարակություն կերտելու գերադասելի միջոց։
Իրավացիորեն դատապարտելի է ոչ լեգիտիմ եւ քրիստոնեական ծանր մեղքերի տակ մնացած իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցությունը մեղսակից տարր դառնալու նպատակով, բայց եւ միեւնույն ժամանակ ողջունելի է ընտրական պրոցեսը քաղաքացիական հասարակության կերտմանը ծառայեցնելը։
Գիտակցելով սերնդի պատասխանատվությունն ու ժամանակի պահանջները, եւ դիտարկելով Երեւանի ավագանու ընտրությունը որպես Հայաստանի ժողովրդավարացման պրոցեսի կարեւոր փուլ, ես իմ պայքարի շարունակությունը տեսնում եմ Երեւանի ընտրություններին որպես ավագանու անդամի թեկնածու մասնակցելու մեջ։
Հայկ Միրզոյան
Երեւանի ավագանու անդամի թեկնածու
Հայ Ազգային Կոնգրեսի Անդամ
Երիտասարդ Պահպանողականների Միության համանախագահ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել