HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Վարկավորման ծավալները նվազել են

ԿԲ-ն այլընտրանքային ուղիներ է փնտրում «Վարկավորման ծավալները նվազել, անցյալ տարվա մարտի ամսի հետ համեմատած` 70 մլրդ-ից մինչև 52 մլրդ են դարձել, բայց բանկերը ստիպված են ճգնաժամի պայմաններում լինել ավելի խստապահանջ, ավելի զսպված, ավելի լուրջ»,- հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հանդիպման ժամանակ: Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ փոքր և միջին բիզնեսին վարկավորելու համար կառավարության տրամադրած 50 մլն դրամից բացի, մեկ շաբաթվա ընթացքում Համաշախարհային բանկի առաջին տրանշն էլ` 50 մլն դոլար, կհասնի Հայաստան եւ դարձյալ կուղղվի վարկավորմանը: Կենտրոնական բանկն այժմ բանակցություններ է վարում Ասիական բանկի, Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի և գերմական KfW բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որտեղից էլ ակնկալիքներ ունեն լուրջ դրամական միջոցներ ներգրավելու: Բացի այդ, Ջավադյանի խոսքերով, ԿԲ-ն պատրաստվում է 5 մլրդ դրամ կապիտալով հիփոթեքային հիմնադրամ ստեղծել: Այս պահին բանակցություններ են վարվում կառավարության և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ` կապիտալը ավելացնելու նպատակով: «Հույս ունեմ` մինչև տարվա վերջ կապիտալը 30 մլրդ դրամից ավելի կլինի, և դա նոր ազդակ կտա մեր շուկաներին»,- ասաց նա: Մինչեւ ապրիլի վերջ ԿԲ-ում կգրանցվի Համահայկական բանկը: «Մենք արդեն իսկ պատրաստ ենք այդ գրանցումն իրականացնելու: Խոսքը լիցենզավորման մասին չէ: Համապատասխան գումարը վեց միլիարդ դրամ է, որը տեղադրվելու է մեր հատուկ կուտակային հաշվին»,-ասաց Կենտրոնական բանկի նախագահը: Նրա խոսքերով` դրանից հետո իրենք տարբեր ներդրողների հետ բանակցություն են վարելու եւ հույս ունեն, որ մի քանի ամսվա ընթացքում կլիցենզավորեն բանկը, եւ այն կսկսի աշխատել: Բանկի ղեկավարի ընտրության համար ԿԲ-ն դիմել է միջազգային հատուկ ընկերությունների եւ հուսով է երեք ամսվա ընթացքում ունենալ ընտրված կոնկրետ մարդ: «Ղեկավարի կողմից համապատասխան կադրեր կընտրվեն, կտրամադրվի շենք այդ բանկին, կապահովենք տեխնիկական միջոցները, որոնք պարտադիր են գործունեության համար եւ, իմ կարծիքով, այս տարվա վերջին բանկը կսկսի իր գործունեությունը»,- ասաց Արթուր Ջավադյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter