ԴԱՀԿ-ը պատասխանում է «Բջնի»-ի փաստաբանին
Վերջին ժամանակաշրջանում որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վարկաբեկելու համար: Այդ գործում ակտիվորեն օգտագործվում են որոշ անձինք, որոնցից է նաեւ «Բջնի»-ի փաստաբան Արա Զոհրաբյանը: Վերջինս օրենքների անհեթեթ մեկնաբանություններով փորձեր է անում հեղինակազրկել ծառայությանը, հավանաբար, խաղալիք դառնալով ինչ-ինչ մարդկանց ձեռքում:
Զրպարտանքների հերթական շարքը օրերս նա նախաձեռնել է հայրենական լրատվական կայքէջերից մեկում (խոսքը վերաբերում է ապրիլի 6-ին Հետքում հրապարակված «Ռուբեն Հայրապետյանը հասկացել է, որ գնել է մի բան, որն ամբողջովին իրենը չէ»հոդվածին, http://hetq.am/am/court/bjni-18/-խմբ.):
Ի տարբերություն Արա Զոհրաբյանի, որը ժամանակ չի գտնում բացի ՀՀ օրենքների տեքստերը թերթելուց նաեւ խորանալ դրանց տրամաբանության մեջ, ԴԱՀԿ ծառայությունում տիրապետում են այդ թվում նաեւ հանքային ոլորտը կարգավորող օրենսդրությանը:
Փաստաբանի կողմից հիշատակված «Կոնցեսիայի մասին» օրենքի 66 հոդվածը նախատեսում է, որ «հանքային իրավունքները չեն կարող փոխանցվել կամ գրավադրվել առանց լիազոր մարմնի համաձայնության»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ լոտի նկարագրության մեջ մանրամասը թվարկված են եղել այն բոլոր գույքային իրավունքները, որոնք փոխանցվում էին հավանական գնորդին:
Եվ եթե փաստաբանը նկատեր, ապա կտեսներ, որ «հանքային իրավունք» հասկացողությունը աճուրդի առարկա չէր հանդիսանում: Այդ իրավունքից օգտվելու համար գնորդն ինքը պետք է դիմեր լիազոր պետական մարմնին, ինչի համար ԴԱՀԿ ծառայությունը պատասխանատվություն չի կրում:
Ինչ վերաբերում է աճուրդի ընթացքում ավելացված արժեքի հարկ առաջանալուն: Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս ԴԱՀԿ ծառայությունը առաջնորդվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, որի 43 հոդվածի 2 մասը նախատեսում է` «պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախuերը»:
Սրան հակասում է «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածը, որը նախատեսում է անուղղակի հարկերի հաշվարկումը բռնագանձման դեպքում: Միաժամանակ «Իրավական ակտերի մասին» օրենքի 24 հոդվածի համաձայն` միեւնույն մարմնի ընդունած, հավասար իրավական ուժ ունեցող ակտերի միջեւ հակասությունների դեպքում, գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը: ԴԱՀԿ-ի մասին օրենքն ընդունվել է 1998 թվականին, այնինչ «Սնանկության մասին» օրենքը` 2006-ին:
Արա Զոհրաբյանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա ծանոթ չէ նաեւ ԴԱՀԿ ծառայության կողմից բազմիցս հրապարակված լոտի մանրամասն կառուցվածքին: Հակառակ դեպքում նա չէր հայտարարի, թե «լոտի կազմում ընգրկված չեն եղել գործարան հասնող ջրի խողովակները, շատ սարքավորումներ»: Դրանք ընգրկված են եղել լոտում:
Ինչ վերաբերում է լրագրողի` Արդարադատության նախարարությունում անանուն աղբյուրներին, որոնք իբր թե վկայել են Ռ. Հայրապետյանի եւ ԴԱՀԿԱԾ ղեկավարության հարաբերությունների սրման մասին: Կարելի է եզրակացնել, որ այս անանուն «աղբյուրի» մասին հիշատակումը զուտ լրագրողական հնարք է:
Ինչ վերաբերում է գումարը ծառայությունում պահելու հնարավորություններին, ապա դրանք առկա են: Իսկ գումարը դեռեւս պահվում էր ծառայությունում, քանի որ պայմանագիրը վավեր է համարվում գնորդի կողմից գույքի փաստացի տիրապետման պահից: Գույքի փոխանցման գործընթացը դեռ ավարտված չէր:
Կասկածի տակ դնելով Արա Զոհրաբյանի իրավաբանական գրագիտությունը` ԴԱՀԿ ծառայությունը հորդորում է նրան չներքաշվել իր հեղինակությունը նվաստացնող օտար խաղերի մեջ:
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն անխտիր շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները` ցուցաբերելով սկզբունքային մոտեցում բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, չտարբերակելով կատարողական վարույթները` ըստ իրենց գումարային ծավալների կամ մասնակիցների ով լինելու:
ԴԱՀԿԱԾ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել