HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը

Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, սարսափած հասարակական համատարած անվստահության մթնոլորտից, անհանգստացած նորանոր սոցիալական խմբերի մեջ օր-օրի մեծացող դժգհությունից, վարչախումբը որոշել է ժամկետից մոտ մեկ ամիս առաջ սկսել իր թեկնածուի նախընտրական միջոցառումները: Այդ շրջանակներում ապրիլի 7-ին` Մայրության ու գեղեցկության օրը ոստիկանական շարասյունը անմիջապես հարձակվեցին Հյուսիսային պողոտայում ամեն օր «քաղաքական զբոսանքի» եկած մարդկանց վրա, երբ նրանք տոնի առիթով փուչիկներ թողեցին երկինք «Ազատ, անկախ Հայաստան» վտանգավոր կարգախոսով: Պետականությանը եւ կայունությանը սպառնացող ազատության եւ անկախության վտանգը կանխելու համար հաջորդ օրը` ապրիլի 8-ին նույն ոստիկանական շարասյուները ամուր փակել էին «Հյուսիսային պողոտան» երկու կողմից: Չբավարարվելով դրանով ու կատարելով «վերեւից» եկած հրահանգը, նրանք փորձեցին ցրել այստեղ հավաքված մարդկանց: Որպես կանխարգելիչ միջոց, ինչպես մեկ տարի առաջ այս օրերին, նրանք ոստիկանութուն «բերման ենթարկեցին» 10 ակտիվիստների, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին: Այս ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել նաեւ «Ա1+» գործակալության լրագրող Դավիթ Ջալալյանը, որն ավելի ուշ հոսպիտալացվել է: Զուգահեռաբառ կոպտորեն խոչընդոտվել են մի շարք այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը:Սակայն այս ամենի հետեւանքը եղավ այն, որ կրկնապատկված քանակով «զբոսնողները» ամբողջ երեք ժամ տպավորիչ ցույցեր կազմակերպեցին Թումանյան, Տերյան, Սայաթ-Նովա փողոցներում` վանկարկելով Շարժման կարգախոսները, ինչին ոգեւորությամբ միանում էին անցորդները ու մեքենաների վարորդները: Երբ վերջնականապես ակնհայտ դարձավ նախապես ծրագրված «միջոցառման» տապալումը, Կենտրոնի ոստիկանության բաժնում շուրջ երկու ժամ պահելուց հետո ազատ արձակեցին նաեւ այստեղ «բերման ենթարկվածներին»` ներողություն խնդրելով «թյուրիմացության համար»: Անցած մեկ տարվա ընթացքում սա տասնյակ փորձերից հերթականն էր` Հյուսիսային պողոտայի ամենօրյա «քաղաքական զբոսանքները» դադարեցնելու համար: Այդ փորձերը տեղի են ունենում հատկապես այն ժամանակ, երբ վարչախումբը վախենում է ինչ որ բանից: Եւ ամեն անգամ նման անհաջող փորձից հետո մարդկանց մեջ բնական մի մղումով մեծանում է երեկոյան այստեղ զբոսնելու անդիմադրելի ցանկությունը: Հայ ազգային կոնգրեսը խորուրդ է տալիս իշխանություններին հաշտվել արդեն ավելի քան մեկ տարի քննություն բռնած իրողության հետ, իսկ հայրենի ոստիկաններին կոչ է անում չկատարել իրենց տրված ապօրինի, մարդու իրավունքները ոտնահարող հրահանգները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter