HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» խորհրդաժողովը՝ ապրիլի 16-ին

Ապրիլի 7-ին Ախալքալաքում կայացավ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին տարածաշրջանում գործող շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, անդամ-ներկայացուցիչներ: Ա-ԻՆՖՈ գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպման հենց սկզբից,«Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը ներկայացրեց` սույն թվականի ապրիլի 7-ին նախատեսված «Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» նշանաբանով խորհրդաժողովի հետաձգման բուն պատճառները: «Ակունք» միության նախագահը տեղեկացրեց, որ կայանալիք խորհրդաժողովին որոշվել է մասնակցության հրավեր ուղարկել նաև Վրաստանում գործող այն երկրների դեսպանատներին ու Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին և պաշտոնատար անձանց, ովքեր իրավասու են և պետք է զբաղվեն երկրի ազգային փոքրամասնությունների ճակատագրով: Այս հարցում խիստ կարևորվեց իշխանության ներկայացուցիչների ներկայությունը, որպեսզի հետագայում նրանք հայտնի էպոսի նույնքան տարածված խոսքերն ասելու հիմքեր չունենան. որ չմտածեն «Դավիթը գող-գող եկավ, գող-գող գնաց»: Անդրադառնալով ջավախահայ պատգամավորների` Վրաստանի խորհրդարանում ծավալած գործունեությանը, շեշտվեց, որ մինչև հիմա չեն եղել դեպքեր, երբ նրանք Ջավախքի խնդիրներն ընդարձակորեն, համարձակորեն ու բացեիցաց բարձրացնեն: Եվ սրա համար, խորհրդի կարծիքով, պետք է միասնական դառնալ, ուժեղանալ ու թիկունք կանգնել նրանց: Ահա թե ինչու է որոշվել Վրաստանի խորհրդարանի երեք հայազգի պատգամավորներին ևս հրավիրել կայանալիք խորհրդաժողովին`«բացատրելու, հասկացնելու, նաև ստիպելու, որպեսզի ջավախահայերին հուզող հիմնահարցերը բարձրացվեն»: Ա-ինֆո լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախատեսված խորհրդաժողովը ծրագրված էր անցկացնել ապրիլի 7-ին, և այս մասին տարբեր ԶԼՄ-ներով նախօրոք տարածվել էր: Սակայն, պարզվում է` միջոցառման հետաձգումը հիմնավոր պատճառներ ունի: Ա. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, իշխանությունների և նրանց ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ապրիլի 9-ին երկրում անցկացվելիք գործողություններին նախապատրաստվելու պատճառով, չեն կարողացել մասնակցել ապրիլի 7-ին նախատեսված խորհրդաժողովին: Ուստիև տարածաշրջանում անցանկալի լարվածություն չստեղծելու նպատակով, նաև խորհրդաժողովն ապրիլի 9-ից հետո անցկացնելու` երկրի պետանվտանգության և ներքին գործերի նախարարությունների բարձրաստիճան ղեկավարների խնդրանքը հաշվի առնելով, որոշվել է խորհրդաժողովի անցկացումը հետաձգել որոշակի ժամանակով (ի դեպ, այս մասին տարածվել է նաև տեղական լրատվամիջոցներով)… Նիստի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից մշակվեց և հաստատվեց բանաձևի նախագիծ (բանաձևի նախագիծը պետք է քննարկվի նաև առաջիկայում կայանալիք խորհրդաժողովի ընթացքում), որն, ինչպես հայտարարվեց, նպատակ ունի նպաստել Վրաստանի պետականության ամրապնդմանը, ժողովրդավարական դրույթների լիիրավ ներդրմանն ու կիրառմանը, օժանդակել Վրաստանի պետական կառուցվածքի ամենանպաստավոր ձևի ընտրության գործընթացներին, մասնակցել տեղական ինքնակառավարման և կառավարման ձևերի վերակազմավորմանն ու զարգացմանը: Բանաձևի ընդունման դեպքում, նրանում առաջադրված դրույթները, պարզվում է` նաև հնարավորություն կտան մասնակցելու պետաիրավական բոլոր ոլորտներում ազգային փոքրամասնությունների ու էթնիկ խմբերի ինտեգրացմանը, ազգային խտրականության տարրեր պարունակող գործողությունների վերացմանը, Սամցխե-Ջավախքում խնդիրների համապարփակ լուծման միջոցով նպաստելու Վրաստանում ներքին ինտեգրացման օբյեկտիվ գործընթացի կայացմանը, երկրում բնակվող տարբեր ազգերի փոխհանդուրժողականության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանմանն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, և նպաստել հայ ու վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված բոլոր գործընթացներին: Ներկայացվելով երկրի Սահմանադրությունում առկա որոշ բացթողումներ և թերացումներ, որոնք մասնավորապես առնչվում են նախ` երկրի պետական կառուցվածքի մասին հստակ ու ամբողջական սահմանման բացակայությանը, ինչն ուղղակիորեն խոչընդոտում է երկրում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման ընթացքին, ապա` գործող Սահմանադրությամբ ամրագրված տեղական ինքնակառավարման վերաբերյալ դրույթներին, որոնք իրականում չեն բավարարում ներկայացվող պահանջներին և կիրառվում են ոչ լիարժեք, նաև` տեղական ինքնակառավարման և կառավարման առկա համակարգում ազգերի իրավահավասարության սկզբունքը չհարգելուն, խորհուրդը կոնկրետացրեց իր մտահոգությունները, որոնք, ըստ նրա, կարող են ոչ դրական ազդեցություն ունենալ հետևյալ կերպ . Նախ` Վրաստանի պետական կառուցվածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցումը կվնասի Վրաստանի միջազգային հեղինակությանն ու երկրում ժողովրդավարության զարգացմանը, այն նաև կարող է դառնալ ծառացած տարաբնույթ խնդիրների քննարկման և լուծման ոչ քաղաքակիրթ մեթոդների անուղղակի խրախուսման միջոց, ու խնդիրների լուծման ոչ ամբողջական ձևերը կամ ձգձգումները կարող են առաջացնել նոր և անցանկալի լարվածություն: Ասվածն ի նկատի ունենալով` Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդն անհրաժեշտ համարեց Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու գերիշխանությունը վերականգնելու և պահպանելու, առկա ազգամիջյան խնդիրները օբյեկտիվ, արդարացի և իրավականորեն լուծելու համար, որպես Վրաստանի պետական կառուցվածք ընդունել դաշնային (ֆեդերալ) ձևը, որը կազմվելու է կենտրոնական իշխանությունից և դաշնային միավորներից: Խորհրդի կարծիքով, այնուհետև հարկավոր է Վրաստանի պետական դաշնային կառույցում կենտրոնական իշխանություններին վերապահել Վրաստանի Սահմանադրության հոդված 3-ի առաջին կետի ենթակետերով սահմանված բոլոր լիազորությունները, ինչպես նաև Դաշնային միավորների կազմում հիմք ընդունել Վրաստանի բաղկացուցիչ, համախումբ ապրող ազգությունների էթնիկական ինքնության պահպանման և զարգացման համար ներկայացվող պահանջներին: Խորհուրդը նաև առաջարկեց Սամցխե-Ջավախքը` ներկա սահմաններով և սահմանակից Քվեմո Քարթլիի` առավելաբար հայաբնակ բնակավայրերը միացնելով տարածաշրջանին, օժտել ինքնավար սուբյեկտի կարգավիճակով, իսկ ինքնավարություններին ընձեռել ինքնակառավարման լայն իրավասություններ` ներառյալ սեփական սահմանադրություն և խորհրդարան ունենալը, բնակչության կողմից ինքնակառավարման և կառավարման բոլոր մարմինների ազատ ընտրության իրավունքը` կրթության, մշակույթի, սոցիալ-տնտեսական քաղաքականության, հասարակական կարգի պահպանության, տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության իրավասությունները… Առաջարկ եղավ խորհրդի կողմից առաջարկվող բանաձևի նախագիծը հանրությանն առավել մատչելի եղանակներով տարածել, որպեսզի տեղաբնակները ևս իրազեկ լինեն բանաձևի բովանդակությունից, հանդես գան որոշակի առաջարկներով, տեսակետներով: Խորհրդի մյուս անդամները ողջունեցին այս առաջարկը` կողմ լինելով նախագծի մասսայականացմանը: Ներկաներից` Ստեփան Հակոբյանն այն տեսակետը հնչեցրեց, որ այսուհետ պետք է համարձակորեն գործել և վստահաբար տեր կանգնել իրավունքներին, քանզի նախկինի գործելաոճը մինչ օրս ոչ մի էական արդյունք չի տվել: Նշվեց, որ տարածաշրջանի որոշ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ տեղաբնակներն այնաստիճան լրջորեն չեն պայքարել ու սթափ չեն գործել, որ դա ցանկալի արդյունք ապահովի: Նիստի ավարտին, խորհրդի անդամները որոշեցին նախատեսվելիք խորհրդաժողովն անցկացնել սույն թվականի ապրիլի 16-ին: Նախագիծ ԲԱՆԱՁԵՎ Ընդունված է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների «Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» նշանաբանով խորհրդի նիստի կողմից: 07 ապրիլի 2009 թ., ք. Ախալքալաք Խորհրդաժողովը, նպատակ ունենալով՝ - նպաստելու Վրաստանի պետականության ամրապնդմանը, ժողովրդավարական դրույթների լիիրավ ներդրմանն ու կիրառմանը, - օժանդակելու Վրաստանի պետական կառուցվածքի ամենանպաստավոր ձևի ընտրության գործընթացներին, - մասնակցելու տեղական ինքնակառավարման և կառավարման ձևերի վերակազ-մավորմանն ու զարգացմանը, - մասնակցելու պետաիրավական բոլոր ոլորտներում ազգային փոքրամասնությունների ու էթնիկ խմբերի ինտեգրացմանը, ազգային խտրականության տարրեր պարունակող գործողությունների վերացմանը, - Սամցխե-Ջավախքում խնդիրների համապարփակ լուծման միջոցով նպաստելու Վրաստանում ներքին ինտեգրացման օբյեկտիվ գործընթացի կայացմանը, երկրում բնակվող տարբեր ազգերի փոխհանդուրժողականության, ինչպես նաև ներքաղա-քական կայունության պահպանմանն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդ-մանը, - նպաստելու հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված բոլոր գործընթացներին: Խորհրդաժողովը փաստում է, որ՝ - Վրաստանի գործող Սահմանադրության մեջ երկրի պետական կառուցվածքի մասին հստակ ու ամբողջական սահմանման բացակայությունը ուղղակիորեն խոչընդոտում է երկրում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման ընթացքին, - Վրաստանի գործող Սահմանադրությամբ ամրագրված տեղական ինքնակառավար-ման վերաբերյալ դրույթները իրականում չեն բավարարում ներկայացվող պահանջ-ներին և կիրառվում են ոչ լիարժեք , - տեղական ինքնակառավարման և կառավարման առկա համակարգում չի հարգվում ազգերի իրավահավասարության սկզբունքը, Խորհրդաժողովը, մտահոգված լինելով, որ՝ - Վրաստանի պետական կառուցվածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցումը կվնասի Վրաստանի միջազգային հեղինակությանն ու երկրում ժողովրդավարության զարգացմանը, որը կարող է ի չիք դարձնել պետությանն իրենց հավատարմությունը բազմիցս ապացուցած ազգերի և ազգությունների,այդ թվում նաև հայերիս, քաղաքակիրթ գործելաոճը, - Վրաստանի պետական կառուցվածքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցումը կարող է դառնալ ծառացած տարաբնույթ խնդիրների քննարկման և լուծման ոչ քաղաքակիրթ մեթոդների անուղղակի խրախուսման միջոց, - իրավահավասարության սկզբունքի վրա խարսխված պետական քաղաքականության բացակայությունը կարող է անդառնալի հարված հասցնել հասարակության մեջ ազգային փոքրամասնությունների ինտեգրացման ձգտումներին, - խնդիրների լուծման ոչ ամբողջական ձևերը կամ ձգձգումները կարող են առաջացնել նոր և անցանկալի լարվածություն, Խորհրդաժողովը անհրաժեշտ է համարում Վրաստանի իշխանությունների եւ Խորհրդարանի կողմից հետեւյալ քայլերի իրագործումը՝ ա) Վրաստանի տարածքային ամբողջականությունը և գերիշխանությունը վերականգնելու ու պահպանելու, որպես կայուն և ժողովրդավար զարգացման երաշխիք՝ առկա ազգամիջյան խնդիրները օբյեկտիվ, արդարացի և իրավականորեն լուծելու նպատակով որպես Վրաստանի պետական կառուցվածք ընդունել դաշնային (ֆեդերալ) ձևը, որը կկազմվի կենտրոնական իշխանությունից և դաշնային միավորներից: բ) Վրաստանի պետական դաշնային կառույցում կենտրոնական իշխանություններին վերապահել Վրաստանի Սահմանադրության հոդված 3-ի առաջին կետի ենթակետերով սահմանված բոլոր լիազորությունները. գ) Դաշնային միավորների (Ինքնավարություններ) կազմում հիմք ընդունել Վրաստանի բաղկացուցիչ, համախումբ ապրող ազգությունների էթնիկական ինքնության պահպանման և զարգացման համար ներկայացվող պահանջները. դ) Սամցխե-Ջավախքը, իր ներկա սահմաններով և սահմանակից Քվեմո Քարթլիի, առավելաբար հայաբնակ բնակավայրերով«օժտել ինքնավար սուբյեկտի կարգավիճակով. ե) Ինքնավարություններին ընձեռել ինքնակառավարման լայն իրավասություններ` ներառյալ սեփական սահմանադրություն և խորհրդարան ունենալը, բնակչության կողմից ինքնակառավարման և կառավարման բոլոր մարմինների ազատ ընտրության իրավունքը` կրթության, մշակույթի, սոցիալ-տնտեսական քաղաքականության, հասարակական կարգի պահպանության, տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության իրավասությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter