Հայ ազգային կոնգրեսը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարվա մասին
Ապրիլի 9-ին լրանում է Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմի երկրորդ պարագլուխ Ս. Սարգսյանի այսպես կոչված պաշտոնավարման` էկզոտիկ երդմնակալության 1 տարին: Երդմնակալություն, որ իշխանության բռնազավթիչը համարձակվեց իրականացնել միայն ամայության մեջ` Երեւանի կենտրոնը մի քանի կիլոմետր շառավղով մարդազերծելով ու զինված ուժերի աչալուրջ հսկողությամբ:
Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը`
- Չպատժելով ընտրությունների ժամանակ հարյուրավոր օրինախախտներին ու իրական հանցագործներին, ընդհակառակը` բոլորին առնելով պաշտպանության տակ, ապացուցեց, որ նաեւ ինքն է եղել փետրվարի 19-ի ընտրախախտումների դժոխային մեխանիզմի ստեղծողներից ու հրահանգողներից մեկը:
- Ամեն ինչ արեց պարտակելու համար 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների բարբարոսական ջարդը, նույն օրը երեկոյան ինքնաբուխ խաղաղ հանրահավաքի մասնակիցների արյունալի սպանդը: Միայն նրա հրամանով է, որ հնարավոր էր քրեական գործ անգամ չհարուցել զոհված 10 քաղաքացիների մահվան փաստով: Դրանով նա ապացուցեց, որ ինքը ոչ միայն տեղյակ, այլ առնվազն համահեղինակ է եղել պետական ու ազգային այդ խայտառակության կազմակերպմանը:
- Շարունակում է պատանդ պահել 55 քաղբանտարկյալների` չխորշելով այդ նպատակի համար մինչեւ վերջ վարկաբեկել, ծաղր ու ծանակի առարկա դարձնել ողջ դատական համակարգը, հանցավոր գործողությունների մղել տասնյակ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների:
- Նրա հրահանգով իրավապահ մարմինները հետապնդումների, հալածանքների ու տեռորի են ենթարկել տասնյակ հազարավոր քաղաքացիների, շատերին զրկել աշխատանքից ու կենսամիջոցներից, ինչով ապացուցել է իր` զբաղեցրած պաշտոնին անվայել քստմնելի մանրախնդրությունը:
- Նոր մակարդակի է բարձրացրել տնտեսության մենաշնորհացումը, միաժամանակ սկսել է սեփականության վերաբաշխման մի գործընթաց` երկուսն էլ չափազանց վտանգավոր առանց այն էլ ռեսուրսներով թույլ ու ճգնաժամի ճիրաններում հայտնված երկրի տնտեսության համար: Տնտեսական աղետի եզրին են հասել հարյուրավոր միջին, հազարավոր մանր գործարարներ, տասնյակ հազարավոր անհատ ձեռներեցներ: Ամեն օր հազարավոր մարդիկ կորցնում են նվազագույն կենսապահովման միջոցներ հայթայթելու հնարավորությունը:
- Երբ ամբողջ աշխարհում գների աննախադեպ անկում է, Հայաստանում գների նույնպիսի բարձրացում է. շատ լավ հասկանալով, որ ապօրինի ու հանցավոր իր իշխանությունը դատապարտված է, Ս. Սարգսյանի վարչախումբը ինքնամոռաց տրվել է վերջին թալանին ու կողոպուտին` դրանով նաեւ վրեժ լուծելով իրեն ոչ մի կերպ չընդունող մի ողջ ժողովրդից:
- Հայաստանը ոչ միայն շարունակում է մնալ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի տակ, այլեւ մեկ տարվա ընթացքում վաստակել է իշխանության համար խայտառակ երեք բանաձեւ, որոնք հողին են հավասարեցնում երկրի միջազգային վարկը:
- Սեփական իշխանությունը օր ավելի պահելու համար Ս. Սարգսյանը միջազգային աճուրդի է հանել երկրի ազգային շահերը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը հասցվել է մի վիճակի, երբ կա°մ ստիպված պետք է լինի ստորագրել կարգավորման` մինչ այս եղած հնարավոր տարբերակներից ամենաանբարենպաստը, կա°մ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ:
- Նույնպիսի աճուրդի է հանվել նաեւ Հայկական ցեղասպանության խնդիրը. համաձայնելով այդ խնդրով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու` տարիներ առաջ Թուրքիայի կողմից արված անհեթեթ առաջարկին, Ս. Սարգսյանն ըստ էության կասկածի տակ առավ 1915 թ. Ցեղասպանության փաստը` մի կողմից անհարմար դրության մեջ դնելով այն պետականորեն ընդունած շատ պետությունների, մյուս կողմից` խափանեց հետագա հնարավոր ճանաչումները:
Այսպիսով, մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը լիակատար կրախի է մատնվել ներքին քաղաղաքական ասպարեզում. մարդու իրավունքների հազարավոր խախտումները, պետական մարմինների ապօրինությունների խրախճանքը, անիշխանության ծավալվող երեւույթները, անպատիժ սպանությունները, վարչախմբի քրեականացման խորացումը նրա դեմ են տրամադրել ողջ հասարակությանը: Նա նույնպիսի կրախի է մատնվել նաեւ արտաքին քաղաքական ասպարեզում` երկիրը ու նրա շահերը դարձնելով մանրադրամ մեծ պետությունների բարդ հարաբերություններում: Երկու դեպքում էլ նրա ՙձեռքբերումները՚ տասնապատիկ բավարար են մարդկային ու քաղաքական տարրական արժանապատվություն ունեցող գործչի համար` ընդունել ահռելի ձախողումնեը եւ հրաժարական տալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել