HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի պաշտոնավարման առաջին տարին

hayoc-ashxarh4Այսօր լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին: Պաշտոնավարում, որի ընթացքում Հայաստանը կարողացավ արժանապատվորեն դիմակայել միանգամայն նոր բնույթի մարտահրավերներին, ինչպես նաև մեր ազգային շահերին համահունչ հաշվենկատ քաղաքական կեցվածք որդեգրել տարածաշրջանային աշխարհաքաղաքական վայրիվերումների և ուժային բևեռների վերադասավորումների գործընթացում: Նախագահի պաշտոնավարման հենց առաջին օրից ԼՂ հակամարտության արդարացի կարգավորման հիմնահարցը առաձնահատուկ տեղ գրավեց երկրի արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում: Հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի աշխուժացման առումով տարին ոչ միայն հագեցած էր, այլև նախորդներից տարբերվում էր նրանով, որ դրական առաջընթաց արձանագրեց: Պաշտոնավարման հենց առաջին տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների արդյունքը եղավ նոյեմբերի 2-ին կնքված Մայնդորֆյան հռչակագիրը, որում տեղ գտան այնպիսի դրույթներ, որոնք համապատասխանում են հայկական կողմի  մոտեցումներին: Հատկանշական է, որ այս հռչակագիրը ոչ միայն «Հայաստան-Ադրբեջան»  ձևաչափի փաստաթուղթ է, այլև միջազգային. այն ստորագրել է նաև ռուսական կողմը` դրանից բխող իրավական և քաղաքական բոլոր հետևանքներով: ԼՂ կարգավորման գործընթացում որդեգրած քաղաքականության անդրադարձները արձանագրվեցին նաև տարեվերջին, մասնավորապես դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 16-րդ հանդիպման արդյունքում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարության մեջ: Սերժ Սարգսյանը հանդես եկավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աննախադեպ նախաձեռնությամբ` Աբդուլլահ Գյուլին հրավիրելով Երևան: Թուրքիայի նկատմամբ հայկական նախաձեռնողականությունը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես համարձակ ու կառուցողական քայլ` ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության մթնոլորտի ձևավորմանը: Սերժ Սարգսյանը այս մեկ տարվա ընթացքում կարողացավ հասնել նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների ձևաչափում որակական առաջընթաց արձանագրվի: Նախագահը ռուս-վրացական պատերազմական իրավիճակում պաշտոնական այցով մեկնեց Վրաստան, որը փաստեց, որ Հայաստանը նման բարդ իրավիճակում ոչ միայն չի խուսափում ուղղակի շիտակ երկխոսություն վարել Թբիլիսիի հետ, այլև պատրաստ է պատերազմի հետևանքով առավել շոշափելի դարձած հաղորդակցային էներգետիկ բեռնափոխադրումների անվտանգ տարանցման խնդիրների լուծման այլընտրանքային մեխանիզմներ առաջարկել: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման միամյակը ակնառու էր նաև Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և ատլանտյան ուղղություններով ակտիվության տեսանկյունից, զգալի աշխուժություն արձանագրվեց Իրանի հետ երկկողմ տնտեսական հարաբերություններում և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter