HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապե, Էձիկը դո՞ւ ես

hj7ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Թուրքիա կատարած այցը ակնհայտ դարձրեց, որ ապրիլի 24-ի ուղերձում նա չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը, և այս թեման գրեթե փակված կարելի է համարել: Հիմա արդեն բոլորովին ուրիշ հարց է գալիս առաջին պլան. արդյոք առաջիկայում կբացվի՞ հայ-թուրքական սահմանը, եթե այո` կոնկրետ ե՞րբ և ի՞նչ պայմաններով: Հիմա, երբ Թուրքիան գործնականում իրեն ապահովագրել է մոտ ապագայում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, արդյոք կոնկրետ քայլ կանի՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, թե առաջին հարցը լուծված համարելով` կփորձի ավելի բարդացնել Հայաստանի վիճակը: Ի դեպ, «հայամետ» Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի չօգտագործման որոշակի երաշխիք ստանալուց բացի` Թուրքիան վերջին մեկ տարվա ընթացքում հաջողությամբ տեղավորվեց ԼՂ հարցի բանակցային գործընթացում, ըստ էության, ստեղծելով մի այնպիսի վիճակ, որ հայ-թուրքական սահմանի բացումը կապվի ԼՂ հարցի կարգավորման հետ: Եվ հիմա պակաս հավանական է թվում, որ Թուրքիան կհրաժարվի այդ սահմանի բացումը ԼՂ հարցի կարգավորման հետ կապելու քաղաքականությունից: Եթե նման բան տեղի ունենա, դա ինչ-որ իմաստով բարեհաջողություն կլինի Հայաստանի համար, բայց պրագմատիկ քաղաքականության տեսակետից քիչ հավանական է թվում, որ այդպես լինի: Եվ եթե այսքանից հետո հայ-թուրքական սահմանը չբացվի, դա կլինի Հայաստանի հերթական ստորացումը, և կստացվի, որ այս ողջ թատրոնը նրա համար էր, որ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը չարտասանելու հիմնավորում ունենա: Իսկ սրանում շահագրգիռ էր ոչ միայն Թուրքիան, այլև ինքը` Օբաման: Ինչ վերաբերում է այս ողջ գործընթացում հայկական կողմի դերակատարմանը, ամեն ինչ երևում է նույնիսկ պաշտոնական լրատվությունից: Չնայած հայտարարվում է, որ Օբաման Ստամբուլում ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանին, բայց նա ընդամենը ճաշի գնալու ճանապարհին ոտքի վրա նայել է Է. Նալբանդյանին ու ասել. «Ապե, Էձիկը դո՞ւ ես»: «Ես եմ»: «Դե ելույթներս ուշադիր կկարդաս, ընգեր ջան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter