
Բազմիցս ասվել է, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ վարչական գործիչ է, հմուտ կառավարիչ, քան թե հրապարակային գործիչ, հռետոր: Այսպիսին էր նա մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը և, բնականաբար, այդպիսին է նաև նախագահի պաշտոնում:
Այս տիպի գործիչներին հատուկ է որոշումների կայացման կայուն և արդյունավետ սխեմաների կիրարկումը, գործառույթները սեփական թիմում և ենթակաների միջև հստակ բաժանումը, իշխանության ներսում տարբեր շահերի, խմբերի հավասարակշռումն ու զսպումը և այլն: Քաղաքագիտական տերմինաբանությամբ` Ս. Սարգսյանը պատկանում է լիդերների ոչ թե «քարոզիչ» կամ «տեսաբան» տիպերին, այլ` «կազմակերպիչ»:
Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում քաղաքական որոշումները կայացնում են ոչ թե անհատական մակարդակում, այլ համակարգված ինստիտուցիոնալ սխեմաներով: Այլ հարց է, որ մեր դեռևս մինչև վերջ չկայացած քաղաքական համակարգում անձի դերակատարությունն ավելի կարևոր է, քան ինստիտուտներինը: Սակայն Ս. Սարգսյանին անցած մեկ տարվա ընթացքում հաջողվել է բավականին լուրջ արդյունք ապահովել պետական կառավարման տարբեր մարմինների գործունեության ինքնուրույնության ու արդյունավետության բարձրացման առումով: Այսպես, օրինակ, եթե մինչև նախորդ տարվա ապրիլ ամիսը պետական իշխանության բոլոր երեք թևերն էլ համարվում էին գործադիրի «կցորդ», ապա այսօր անգամ ընդդիմադիր տրամադրված մամուլը ձեռնպահ է մնում նման որակումներից: Ոչ թե այն պատճառով, որ իրավիճակը կտրուկ փոխվել է, այլ որովհետև առկա է միտում: Հակված ենք կարծելու, որ այդ միտումը հետևանք է ոչ միայն Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության, այլև ընտրված կադրերի առաջ սեփական լիազորությունների ու պատասխանատվության շրջանակների հստակեցման:
Մի խոսքով` հանրապետության երրորդ նախագահի կազմակերպչական ունակություններն ու ջիղը կոնկրետ արդյունքներ են տալիս և խոստանում: Ընդ որում` երկու առումով. ոչ միայն բարձրացնում են պետական կառավարման արդյունավետությունը, այլև զգալիորեն նպաստում են քաղաքական համակարգի կայացմանն ու որոշակի ավանդույթների արմատավորմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել