HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղյան կողմի խնդիրն է մինչեւ վերջ պաշտպանել կարգավորման սեփական մոտեցումը

atanesyanՀետքի հարցազրույցը ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս կգնահատեիք Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված վերջին զարգացումները` հայ-թուրքական հարաբերերությունների բարելավման փորձերի եւ ԱՄՆ նախագահի` Թուրքիա կատարած այցի ֆոնին: Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված զարգացումների նման ընթացքը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա: Հայ-թուրքական հարաբերությունները, կարծում եմ, բավական հեռու են բարելավվելու հեռանկարից: Այստեղ ավելի շատ գերիշխում է ցանկությունը: Հակված չեմ ենթադրել, որ ԱՄՆ նախագահի այցը Թուրքիա պետք է գնահատել Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների համատեքստում: Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարծես թե, ավելի հաճախակի են այցելում տարածաշրջան` թեկուզ առանձին-առանձին, եւ նկատելի է համանախագահների ակտիվությունը նաեւ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ աշխատանքներում: Ինչպե՞ս եք գնահատում համանախագահների նման ակտիվությունը, ինչո՞վ է պայմանավորված եւ ինչի՞ կբերի դա: Կա չափազանցված վերաբերմունք, երբ համանախագահների այս կամ այն արտահայտությունը դիտվում է որպես գրեթե ճակատագրական: Չպետք է մոռանալ, որ նրանք ընդամենը միջնորդներ են, իսկ լուծում կարող են գտնել բանակցող կողմերը: Համանախագահների այցերի հաճախականությունը դեռ ոչինչ չի նշանակում: Էական չեն նաեւ նրանց շփումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ղարաբաղյան կարգավորումը շատ տարողունակ միջազգային հարց է, եւ այստեղ արագացված լուծում չի կարող լինել: Համանախագահները բազմիցս նշել են, որ եթե բանակցող կողմերի միջեւ որեւէ համաձայնություն ձեռք բերվի, ապա այդ ժամանակ հասարակություններին տեղյակ կպահեն մանրամասների մասին, սակայն հայտնի է, որ Վիեննայում մարտի վերջին կայացած հայ-ադրբեջանական ֆորումի ժամանակ համանախագահները որոշ հայտարարություններ, այնուամենայնիվ, արել են, այդ թվում նաեւ` նոր, ու միաժամանակ կոչ են արել հասարակություններին հետեւել իրենց առաջնորդներին: Ձեր կարծիքով, արդյոք սա նշանակու՞մ է, որ կարգավորումն արդեն մոտ է, կամ ինչո՞վ է պայմանավորված միջնորդների, այսպես ասած, նոր մոտեցումը: Միջնորդները երբեմն նաեւ արդյունավետ աշխատանքի պատրանք ստեղծելու հարց են լուծում: Դա նույնպես տեղավորվում  է նրանց ընկալումներում: Այդ մենք ենք երբեմն շատ լրջացնում որեւէ դիվանագետի դերը: Նրանք միշտ էլ կոչ են արել, որ հասարակությունները պետք է վստահեն իրենց առաջնորդներին: Նորություն չէ նաեւ վերջին հորդորը: Ֆորումի մասնակիցները նաեւ շեշտել են, որ համանախագահների կողմից հնչեցված տարբերակներն ու հայտարարությունները ձեռնտու չեն հայկական կողմին, ինչի վերաբերյալ իրենց անհամաձայնությունն արտահայտել են համանախագահների հետ հանդիպման ժամանակ, սակայն, ըստ նրանց, համանախագահների կողմից ինչ-որ ճնշում` առաջարկների ուղղությամբ աշխատելու, այնուամենայնիվ, նկատվում էր: Այս ամենի համատեքստում` եւ՛ տարածաշրջանային զարգացումների, եւ՛ համանախագահների ակտիվության, ո՞րն է, Ձեր կարծիքով, Ղարաբաղյան կողմի խնդիրը, անելիքը: Ես չգիտեմ, թե ով ում է հանդիպել եւ ինչ են քննարկել: Չեմ հասկանում նաեւ «ձեռնտու չեն հայկական կողմին» ձեւակերպումը, որովհետեւ այն, ինչի մասին խոսվում է, բազմիցս հնչեցվել է, եւ այդ շրջանակներում են բանակցում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները: Եթե նկատի ունեք ֆրանսիացի համանախագահի խոսքերը ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու մասին, ապա այստեղ էլ որեւէ նոր բան չի ասվել: Միջնորդները նախկինում էլ նման տեսակետ արտահայտել են: Ո՞րն է ղարաբաղյան կողմի խնդիրը: Դա շատ պարզ է. մինչեւ վերջ պաշտպանել կարգավորման սեփական մոտեցումը: Բայց նախ՝ հարկ է վերջնականապես ճշտել այն, ինչ ենթակա է մինչեւ վերջ պաշտպանության: Սա գեղեցկախոսության տեղ չէ, որտեղ ամեն մեկը ձգտում է մյուսին գերազանցել իր երեւակայությամբ: Մենք պարտավոր ենք լուծել շատ պրագմատիկ խնդիր. ապահովել Լեռնային Ղարաբաղի արմատական հայ մեծամասնության իրավունքները  նրա համար ընդունելի պետական ինքնուրույնությամբ, նրա համար ընդունելի սահմանններում, անվտանգության սեփական համակարգի նախապատվությամբ: Միշտ պետք է հիշել, որ վերջնական որոշման իրավունքը պատկանում է ԼՂՀ ժողովրդին: Եւ այս գերակայությամբ էլ պիտի դրսեւորվի մեր արտաքին քաղաքականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter