HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Տաքսիների տարիքի սահմանափակումը հանվել է մինչեւ տարեվերջ

taxiesՂարաբաղի տաքսիստների բողոքներին «Հետքը»  մի քանի անգամ անդրադարձել է. նրանք բողոքում էին ոլորտում կատարված վերջին փոփոխություններից` կապված դեղին համարանիշների, սակաչափիչների տեղադրման, ուղեւորափոխադրում իրականացնող մեքենաների տարիքի եւ այլ հարցերի հետ: Մոտ մեկ ամիս առաջ ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պատասխանատուները խոստացել էին ուսումնասիրել տաքսիստների բողոքները եւ ձեռնարկել համապատասխան քայլեր: Ի՞նչ է արվել, ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանից: Նրա խոսքերով, հաշվի առնելով տաքսիստների բողոքները, կառավարության քննարկմանն են ներկայացվել որոշման մի նախագիծ, որով մինչեւ 2010թ. հունվարի 1-ը հանվում է մեքենաների տարիքի հետ կապված սահմանափակումը: Սա նշանակում է, որ մինչեւ տարեվերջ ուշադրություն չի դարձվելու մեքենաների տարիքի վրա: Միաժամանակ, բաժնի պետի հավաստմամբ, շարունակվում է տաքսի ծառայութունների եւ անհատ ձեռնարկատերերի լիցենզիա տրամադրելու գործընթացը: Մինչեւ հիմա լիցենզիա ստանալու համար բաժին են դիմել 30 ընկերություններ եւ ԱՁ, որոնցից լիցենզիա են ստացել 22-ը` 135 մեքենայի ներգրավմամբ, իսկ մյուսների գործերն ընթացքի մեջ են: «Իսկ ի՞նչ է արվում այն մեքենաների հետ, որոնց տարիքը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին» հարցին ի պատասխան Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այդ մեքենաներին ներդիր է տրամադրվում մինչեւ տարեվերջ: Այս բնագավառում կա մեկ խնդիր եւս, որը կապված է ոչ թե մեքենաների, այլ վարորդների հետ. բոլոր կազմակերպություններում մեքենաների թվի մոտ 10 տոկոսի չափով վարորդների չի թույլատրվել ծառայություն մատուցել` հիմնականում առողջական որոշ խնդիրների եւ աշխատանքային համապատասխան ստաժ չունենալու պատճառով: Կան տաքսիստներ, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս իրականացնել ուղեւորափոխադրում: Այժմ այդ հարցը լուծվում է, քանի որ, ի տարբերություն նախկին տարիների, առողջական վիճակի մասին փաստաթղթում նշվում է անձի առողջական իրական վիճակը, ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի հեշտ ու հստակ կողմնորոշվել` թույլտվություն տալու հարցում: Մյուս փոփոխությունները կապված դեղին համարանիշների եւ սակաչափիչների հետ` անփոփոխ են մնում: Ինչ վերաբերում է դեղին համարանիշներով ասենք Ստեփանակերտից Վրաստան գնալու մասին հարցին, որը նույնպես հնչեցրել էին տաքսիստները, Տ.Գաբրիելյանի խոսքերով, դա նույնպես լուծում կստանա, քանի որ հարցի առնչությամբ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունն արդեն իսկ բանակցություններ է վարում Վրաստանի համապատասխան մարմինների հետ: Ոլորտում կա եւս մեկ նորամուծություն. կառավարությունը որոշել է վերոնշյալ խնդիրների լուծմանն ու ոլորտի զարգացմանը խթանելու նպատակով 1 մեքենայով ծառայություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց արտոնյալ վարկեր տրամադրել` մեքենա ձեռք բերելու համար: Բաժնի պետի խոսքերով, վարկը կտրամադրվի մոտավորապես 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով` մինչեւ 4 տարի ժամկետով: Այժմ քննարկման փուլում է տրամադրման մեխանիզմների եւ կանխավճարի մուծման հարցը: «Վարկերը բոլորին չեն տրամադրվելու: Հաշվի են առնվելու անձի ինչպես սոցիալական վիճակը, այնպես էլ այն, թե նա գործունեության ընթացքում ինչպես է կատարել հարկային պարտավորությունները»,- «Հետքի» հետ զրույցում նշել է Տ.Գաբրիելյանը, ավելացնելով, որ վարկ տանալու համար արդեն 4 հոգի դիմել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter