Քաղբանտարկյալների կոմիտեն մտահոգված է Շանթ Հարությունյանի ճակատագրով
Հետընտրական զարգացումների կապակցությամբ անհիմն, միայն մարտի մեկին ունեցած հրապարակային ելույթի համար ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, ս.թ. փետրվարի վերջերից սկսած Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ենթարկվում էր հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների: Նա գտնվում էր մենախցում, բացարձակապես մեկուսացված էր արտաքին աշխարհից:
Առանց որեւէ հիմնավորման նրան արգելվում էր տեսակցել կամ հեռախոսային խոսակցություններ ունենալ հարազատների հետ: Հետագայում`եւ հարազատների, եւ դատավարությանը հետեւող հանրության համար անսպասելի կերպով մարտի 9-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավորը որոշում կայացրեց, համաձայն որի Շանթ Հարությունյանը պետք է ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության:
Մարտի 17 –ից Շանթ Հարությունյանը գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում, բացարձակապես մեկուսացված պայմաններում: Անգամ նրա հարազատները նրան այցելել չեն կարողանում եւ որեւէ հստակ տեղեկություն նրա առողջական վիճակի կամ պահման պայմանների մասին առ այսօր չկա: ՀՀ Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում Շանթ Հարությունյանի ճակատագրի կապակցությամբ եւ հայտարարում է, որ նրա անվտանգության եւ առողջական վիճակի համար ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ գործող իշխանությունը:
ՀՀ Քաղաքական բանտարկյալների և
հալածյալների պաշտպանության կոմիտե
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել