20 մլրդ դրամ` շինարարությունը խթանելու համար
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ հակաճգնաժամային միջոցառումներ մշակող Օպերատիվ շտաբը հայտարարում է մրցույթի մասին, որը սկսելվու է երկուշաբթի օրվանից:
«Գաղտնիք չէ, որ մեր տնտեսության զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը շինարարությունն է, եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներն առաջին հերթին իրենց վրա զգացին հենց մեր կառուցապատողները, որովհետեւ օտարերկրյա ներդրումների ծավալները կտրուկ նվազեցին շինարարության ոլորտում եւ դա բացասաբար անդրադարձավ համախառն ներքին արդյունքի մեր ցուցանիշների վրա։ Ինչպես նաեւ գաղտնիք չէ, որ շինարարությունը ամենամեծ մուլտիպլիկատիվ էֆեկտն ունի համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ, քանի որ շինարարությունն իր հետեւից շարժում է մեր տնտեսության մի մեծ հատված։ Եվ հասկանալի է, որ շինարարությունում ներդրումային ծավալների կրճատումը էական նշանակություն ունի ընդհանուր տնտեսական համակարգի համար։ Եվ այս նոր նախաձեռնությունը, որով հանդես է գալիս օպերատիվ շտաբը, նպատակ ունի խթանել շինարարությունը ՀՀ-ում»,- ասել Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը որոշում է ընդունել տրամադրել պետական երաշխիքներ կառուցապատողներին` առաջին փուլում մինչեւ 20 մլրդ դրամի չափով: Պետական երաշխիքներ, որոնք հնարավորություն կտան կառուցապատողներին վարկային միջոցներ ներգրավել առեւտրային բանկերից. «Այսօր առեւտրային բանկերում լիկվիդայնության մակարդակը չափազանց բարձր է, նրանք ունեն կուտակած ռեսուրսներ եւ միակ գործոնը, որը զսպում է նրանց ավելացնելու վարկավորման ծավալները, ռիսկայնության գնահատումն է։ Հասկանալի է, որ պետությունը չի կարող այս պահին չմիջամտել եւ չվերցնել իր վրա որոշակի ռիսկեր, նպատակ ունենալով աշխուժացնել տնտեսությունը։ Բոլոր կառուցապատողները կարող են դիմել օպերատիվ շտաբին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր»,-ասել է վարչապետը:
Ավելի ուշ Օպերատիվ շտաբը հանդես է եկել մրցույթի պայմաններին վերաբերող հայտարարությամբ:
Օպերատիվ շտաբը հրավիրում է բնակելի շենքերի կառուցապատում իրականացնող ընկերություններին` մասնակցելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրին, համաձայն որի գրավի դիմաց ՀՀ կառավարությունը կառուցապատողներին տրամադրելու է վարկային երաշխիքներ` կիսավարտ բնակելի շինարարական օբյեկտներն ավարտելու նպատակով: Որպես գրավ ընդունվում է այլ պարտավորություններով չծանրաբեռնված անշարժ գույքը:
Տրամադրվող երաշխիքի գումարը չի գերազանցելու գրավադրվող անշարժ գույքի շուկայական գնի 35%-ը: Անշարժ գույքի շուկայական գինը որոշելիս հիմք է ընդունվելու 2 անկախ գնահատող ընկերությունների կողմից տրված շուկայական գների նվազագույնը: Պետական երաշխիքը կարող է տրամադրվել մինչև 3 տարի ժամկետով: Տրամադրվող երաշխիքի գումարն այլ տեսակի գրավի դիմաց (բանկերում հաշիվների մնացորդը, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, BBB- վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող բանկերի երաշխիքը), ելնելով իրացվելիության աստիճանից, կարող է հասնել գրավադրվող գույքի շուկայական գնի մինչև 100%-ը:
Վարկային երաշխիքը տրամադրվելու է պահանջվող վարկի միայն մայր գումարի համար:
Կառուցապատողներին ներկայացվող պահանջները.
1. Առևտրային բանկը պատրաստ է վարկավորել կառուցապատողին պետական երաշխիքի առկայության պարագայում, ինչը հավաստվում է առևտրային բանկի կողմից պաշտոնական գրությամբ:
2. Կառուցապատման ենթակա օբյեկտի պատրաստվածության աստիճանը պետք է լինի առնվազն 75%, ինչը հավաստվում է գույքը գնահատող ընկերությունների կողմից:
Առաջարկվող երաշխիքների ընդհանուր գումարը կազմում է 20 մլրդ դրամ: Պահանջներին բավարարող հայտերի հանրագումարը 20 մլրդ գումարը գերազանցելու դեպքում` նախապատվությունը տրվելու է այն կառուցապատողներին, որոնց շինարարական օբյեկտների ավարտման աստիճանը առավելագույնն է և որոնց կառույցի 1 քառ.մ շուկայական արժեքը նվազագույնն է:
Կառուցապատողն օպերատիվ շտաբին պետք է ներկայացնի` ըստ կից ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը:
Օպերապիվ շտաբն իրավունք է վերապահում կառուցապատողների կողմից ներկայացված տվյալները, ինչպես նաև գնահատողներից ստացված գնահատականները լրացուցիչ փորձաքննության ենթարկել:
Դիմումներն ընդունվում են սկսած 2009 թվականի ապրիլի 14-ից: Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել