ՀԴՄ վիճակահանությունների չշահած կտրոնները գցել պետք չէ
ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացի նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմի կատարելագործման նպատակով կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճահականության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարել։ Սա, ըստ կառավարության կայքէջի, հնարավորություն կտա՝ զգալիորեն կրճատելու ՀԴՄ կտրոնների չտրամադրումը ու նաեւ կտրոնների վրա գործարքի իրական արժեքների արտացոլումը։
Ներդրվող նոր մեխանիզմի համաձայն, եռամսյակի ընթացքում վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոններից պետք է կազմվեն խմբաքանակներ։ Յուրաքանչյուր խմբաքանակում ներառվող կտրոնների քանակը տատանվում է 50-ից մինչեւ 1000 կտրոն` հստակ ֆիքսված քանակներով։ Յուրաքանչյուր խմբաքանակի համար սահմանվում է գործարքների արժեքների հանրագումարի նվազագույն շեմ` հիմք ընդունելով գործարքի միջին արժեքի 2000-ից մինչեւ 6000 եւ ավելի դրամ մեծությունները։
Եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա ընթացքում հարկային մարմին ներկայացված յուրաքանչյուր խմբաքանակների համար հաշվարկվում է բոնուսի կոնկրետ գումար, որը կախված է խմբաքանակի կտրոնների գործարքների արժեքների հանրագումարից։ Բոնուսների մեծությունները տատանվում են գումարային նվազագույն շեմերի նկատմամբ 2.5-ից մինչեւ 3.3 տոկոսի սահմաններում։
Ներկայացված խմբաքանակների կտրոնները հարկային մարմնի կողմից ստուգվելուց հետո, դրանք ներկայացնող ֆիզիկական անձին տրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձեւով միջնորդագիր` հաշվարկված բոնուսը ստանալու նպատակով բանկ ներկայացնելու համար։ Բոնուսը վճարվում է բանկերի կողմից` ներկայացված միջնորդագրի եւ անձնագրի հիման վրա, յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել