HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Արմյանսկի ստանդարտ»-ը որոշել է շրջել մարզերում

Վանաձորի  «Արմյանսկի ստանդարտ» ուրախների ու հնարամիտների ակումբը (ՈՒՀԱ)  ապրլի 2-ին մասնակցել է ՈՒՀԱ-ի միջազգային միության Ուկրաինայի առաջին լիգայի 1/8 եզրափակչին: Օդեսայում, ԱՊՀ 23 թիմերի հետ պայքարում, «Արմյանսկի ստանդարտ»-ը 10 միավոր հավաքեց 10 հնարավորից ու միանգամից անցավ կիսաեզրափակիչ: Այն կրկին Օդեսայում է լինելու, բայց ինչպես նշեց թիմի ավագ Արտյոմ Նահապետյանը, հարցականի տակ է նրանց մասնակցության հարցը: Պատճառը հովանավոր չունենալն է: Թիմը նման դառն իրողության բախվել է 2004-2005թ-ին, երբ մասնակցեցին «ԿԻՎԻՆ» միջազգային սանկտպետերբուրգյան լիգային, հասան մինչև եզրափակիչ, ու ֆինանսների բացակայության պատճառով չմասնակցեցին: Այս տարվա հունվարին ակումբը մասնակցել է Սոչիում կայացած «ԿԻՎԻՆ 2009» փառատոնին, որը ղեկավարում է Ալեքսանդր Մասլյակովը: Վերջինիս հրավերով էլ մասնակցեցին ՈՒՀԱ-ի միջազգային լիգաներից մեկին: Ըստ  Արտյոմ Նահապետյանի՝ իրենք ընտրեցին բարձր վարկանիշ ունեցող Ուկրաինայի առաջին լիգային, քանի որ  եզրափակիչում հաղթողը մասնակցում է Ուկրաինայի բարձրագույն լիգայի խաղերին: Արտյոմ Նահապետյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենց աջակցել են հիմնականում վանաձորցի պաշտոնյաներն ու գործարարները: «Խնդրանքով դիմել էինք ՀՀ նախագահին, վարչապետին, ու նրանց միջնորդությամբ թիմին օգնեց ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը»,-ասում է Արտյոմը: Թիմի ավագի խոսքով, չնայած դժվարություններին մեկնեցին Օդեսա` վերադարձան հաղթանակով: Հայաստանից մեկնած թիմին մեծ օգնություն է ցուց տվել Օդեսայի հայ համայնքը: «Միայն պատկերացնել է պետք, թե ոնց էին հայերը մեզ  «դուխ» տալիս: Էլ չենք խոսում Ուկրաինայի հայ երիտասարդության նախագահ Արտյոմ Քարաջյանի ու նրա մոր` «Օդեսկի վեստնիկ» ամսաթերթի գլխավոր խմբագրի մասին»,-պատմում է Արտյոմը: «Արմյանսկի ստանդարտ» թիմը պատրաստվում է համերգային շրջագայությունների մեկնել Հայաստանի մարզեր: Առաջինը, հավանաբար կսկսեն Սյունիքից ու այդ իսկ պատճառով այս օրերին Կապանում է թիմի ավագը: «Նպատակը մեկն է՝ ճանաչեն մեզ, ասենք, որ մենք էլ վատ չենք, չէ որ մեր ելույթներով նաև մարդիկ Հայաստանն ու հայերին են փորձում ճանաչել»,-ասում է Արտյոմ Նահապետյանը` ավելացնում, որ համերգային շրջագայությունների  համար նույնպես հովանավորներ են պետք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter