HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բջնիի» փաստաբանը պատասխանում է ԴԱՀԿ-ին

Հերքման պահանջ 06_04-a_zohrabyan2009 թվականի ապրիլի 8-ին մի քանի ինտերնետային կայքէջերում հրապարակվել է ԴԱՀԿ ծառայության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի հոդվածը, որով վերջինս պատասխան է տվել ««Բջնիի» փաստաբան Արա Զոհրաբյանին»: Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները՝ սույնով ներկայացնում եմ հերքման պահանջ` սույն պատասխանի հրատարակման միջոցով: «ԴԱՀԿ ծառայության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ԴԱՀԿ ծառայության անունից հրապարակավ հանդես գալով օգտագործել է հետևյալ արտահայտությունները` «Վերջինս օրենքների անհեթեթ մեկնաբանություններով փորձեր է անում հեղինակազրկել ծառայությանը, հավանաբար, խաղալիք դառնալով ինչ-ինչ մարդկանց ձեռքում: Ի տարբերություն Արա Զոհրաբյանի, որը ժամանակ չի գտնում բացի ՀՀ օրենքների տեքստերը թերթելուց նաեւ խորանալ դրանց տրամաբանության մեջ, ԴԱՀԿ ծառայությունում տիրապետում են այդ թվում նաեւ հանքային ոլորտը կարգավորող օրենսդրությանը: Փաստաբանի կողմից հիշատակված «Կոնցեսիայի մասին» օրենքի 66 հոդվածը նախատեսում է, որ «հանքային իրավունքները չեն կարող փոխանցվել կամ գրավադրվել առանց լիազոր մարմնի համաձայնության»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ լոտի նկարագրության մեջ մանրամասը թվարկված են եղել այն բոլոր գույքային իրավունքները, որոնք փոխանցվում էին հավանական գնորդին»: «Եվ եթե փաստաբանը նկատեր, ապա կտեսներ, որ «հանքային իրավունք» հասկացողությունը աճուրդի առարկա չէր հանդիսանում: Այդ իրավունքից օգտվելու համար գնորդն ինքը պետք է դիմեր լիազոր պետական մարմնին, ինչի համար ԴԱՀԿ ծառայությունը պատասխանատվություն չի կրում»: «Կասկածի տակ դնելով Արա Զոհրաբյանի իրավաբանական գրագիտությունը` ԴԱՀԿ ծառայությունը հորդորում է նրան չներքաշվել իր հեղինակությունը նվաստացնող օտար խաղերի մեջ»: Հիմա կցանկանայի անդրադառնալ ԴԱՀԿ ծառայության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի մտքերին՝ ըստ հերթականության: Նախ՝ ես խաղալիք չեմ որևէ մեկի ձեռքին, ինչը չեմ կարող ասել Ռուբեն Գրդզելյանի մասին: Երկրորդ՝ ի տարբերություն Ռուբեն Գրդզելյանի, ես երբևէ խնդիրը չեմ անձնավորում և զբաղվում եմ միայն փաստաբանական ծառայություններով: Երբևէ իմ դիրքորոշումներում չեմ ասել, որ մեղավորը «Գրդզելյանն է» կամ «Բաբաջանյանը»:  Ինձ համար կողմը ԴԱՀԿ ծառայությունն է: Երրորդ՝ եթե իմ իրավաբանական գրագիտությունը կասկածի տակ է դնում դատավարության հակառակորդ կողմը, և ի հակառակ այդ կասկածի՝ դատարանն ընդունում է իմ փաստարկների իրավացիությունը, ապա Ռուբեն Գրդզելյանի ելույթը ոչ այլ ինչ է, քան անձնական վրդովմունքի արտահայտում կամ պարտության դառը պտուղները չմարսելու դրսևորում: Ի սկզբանե պետք է հայտարարեմ, որ սույն պատասխանով չեմ հավասարվելու Ռուբեն Գրդզելյանի մակարդակին և չեմ փորձելու վիրավորել նրան, և եթե ԴԱՀԿ ծառայությունն, իրոք, անկեղծ է իր հորդորների մեջ, ապա այդ անկեղծությունն ավելի հիմնավոր կդրսևորվեր, եթե վերջինս այդ ամենն ասեր բարեկամանական տոնով: Բոլոր դեպքերում անհարիր եմ համարում պետական մարմնի կողմից փաստաբանի կամ որևէ քաղաքացու նկատմամբ նմանատիպ վիրավորական ելույթները, քանի որ դա դեմ է պետական մարմնի աշխատակիցների (նաև լրագրողի) պրոֆեսիոնալիզմին: Հիմա փորձենք վերլուծել փաստերը. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն հոդվածի իմաստով` «փոխանցում» նշանակում է հանքային իրավունքների նկատմամբ որևէ գործարք` ի շահ երրորդ անձի: 2. Հանքային իրավունքները չեն կարող փոխանցվել կամ գրավադրվել առանց լիազոր մարմնի համաձայնության...: Առանց նման համաձայնության, հանքային իրավունքների փոխանցման կամ գրավադրման ցանկացած գործարք առ ոչինչ է»: Ռուբեն Գրդզելյանը հայտնել է, որ  «հանքային իրավունք» հասկացողությունը աճուրդի առարկա չէր հանդիսանում: ԴԱՀԿ ծառայության կողմից գնորդի հետ կնքված պայմանագրի թիվ 3 հավելվածի «Գ» կետում, որպես աճուրդով վաճառված «գույքային և այլ իրավունքներ» նշվել է ընդերք օգտագործման և հանքային իրավունքը: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` լոտ է համարվում աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքը: Այս պայմաններում, բնական է, որ ԴԱՀԿ ծառայությունը կրկին ստահոդ տեղեկություններ է տարածում, քանի որ փաստացի հանքային իրավունքները ներառել է աճուրդի լոտի կազմում: Ոչ թե փաստաբանն է վարկաբեկում ԴԱՀԿ ծառայությանը (այդպիսի մտադրություն երբևէ չեմ ունեցել և չեմ ունենալու), այլ` ԴԱՀԿ ծառայության մի քանի ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցներ: Ռուբեն Գրդզելյանը փորձում է աճուրդն անվավեր ճանաչելու «մեղքը» գցել ՀՀ Ազգային ժողովի վրա` օրենքների հակասության պատրվակով, սակայն ՀՀ վարչական դատարանը, որի վճռի օրինականության վերաբերյալ նախապես իրենց հայտարարություններն են արել և՛ ԴԱՀԿ ծառայությունը, և՛ գնորդը, նման հակասություն չի վկայակոչել: Ավելին ասեմ՝ 03.02.2009 թ. ընկերությունը գրավոր դիմել է ԴԱՀԿ ծառայությանը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով և նույն փաստարկներով, որոնք դատարանը հետագայում հիմնավոր է համարել, խնդրել է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը: Այս պայմաններում ակնհայտ է, որ ԴԱՀԿ ծառայությունը խախտել է օրենքի պահանջները՝ ի հակասումն Ռուբեն Գրդզելյանի մշտական այն հայտարարությունների, որ ԴԱՀԿ ծառայությունը գործում է օրենքին համապատասխան: Արա Զոհրաբյան 09.04.2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter