
Մինչև երեկ, պարոնայք, մարդկությանը հայտնի էր բոլոր հարցերի պատասխաններին հավակնող միայն մի տեքստ. այն կոչվում է հնգամատյան: Նոր կտակարանում հարցերն արդեն անհամեմատ շատ էին: Հեգելն ու Դոստոևսկին այդպես էլ գերեզման տարան իրենց տանջող հարցերը: Բայց նման խայտառակությունը հավերժ շարունակվել չէր կարող. երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ և տվեց բոլոր հարցերի պատասխանները:
Անկեղծ ասած` երբեմն նույնիսկ զարմանում ես, թե այդ երբ են ՀԱԿ-ում հասցնում, դեռ մի բան էլ ` հայտարարություններ գրել: Չէ՞ որ զբաղված են անասելի. մերթ մի բարի գործ են անում, մերթ` երկրորդը, այդպես էլ տքնաջան աշխատանքի ու վազվզուքի մեջ անցկացնում բոլոր օրերը, նույնիսկ շունչը տեղը բերել չեն հասցնում, իսկ այստեղ` հայտարարություն: Ընդ որում` ցանկացած առիթով ու ամեն օր: Կանչեք Գինեսին, թող գրանցի ռեկորդը:
ՀԱԿ-ի երեկվա հայտարարությունը ավարտվում է հետևյալ կերպ. «Անցած մեկ տարվա ընթացքում սա տասնյակ փորձերից հերթականն էր` Հյուսիսային պողոտայի ամենօրյա «քաղաքական զբոսանքները» դադարեցնելու համար: Եվ ամեն անգամ նման անհաջող փորձից հետո մարդկանց մեջ բնական մի մղումով մեծանում է երեկոյան այստեղ զբոսնելու անդիմադրելի ցանկությունը»:
«Զբոսնելու անդիմադրելի ցանկություն» բառակապակցությունը հանձին հայտարարության հեղինակի մատնում է ուղեղով օժտված մարդուն. համենայնդեպս` ամենօրյա սխրանքի տենչով առլեցուն ուղեղով: Նրանք հերոսներ են, հասկանո՞ւմ եք: Եվ եթե Հյուսիսային պողոտայում իրավապահների հետ ընդհարման արդյունքում ակտիվիստներին ինչ-որ բան պատահի, ապա նրան այնտեղ ուղարկած Տեր-Պետրոսյանը ոչ մի պատասխանատվություն չի կրի: Ասված է, չէ՞, հերոսներ են: Իսկ հերոսների հետ անպայման պետք է ինչ-որ բան պատահի: Իսկ Կոնգրեսը հետո դրա պատվին հանդես կգա ևս մեկ հայտարարությամբ: Զբաղմունք է, այնուամենայնիվ:
Այնպես որ, ՀԱԿ-ի հետ ամեն ինչ կարգին է, պետք չէ նրա համար անհանգստանալ: Մի բան է միայն փոքր-ինչ շփոթեցնում: Երբ երկար ժամանակ պայքարում ես հանցավոր վարչախմբի դեմ, հետզհետե ինքդ էլ ես վերածվում հանցագործի: Դիֆուզիայի օրենքն է, հասկանո՞ւմ ես:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել