
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչները անդրադարձան Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկամյակին եւ փորձեցին մատնանշել բացթողումներն ու առավելությունները:
«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը մեկ նախադասությամբ ասաց. «Ձեռքբերումն այն է, որ չի կրկնվել 2008 թ. մարտի 1-ը»:
ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ «ծափահարելու առանձնապես պատճառներ չկան»: Նա գտնում է, որ այս մեկ տարվա ընթացքում կարելի էր շատ ավելիին հասնել, քան հաջողվել է. «Ամենակարեւոր նվաճումը, սակայն, առկա է: Դա երկրում վերահաստատված ներքին կայունությունն է, սա առնվազն որպես ձեռքբերում կարելի է ֆիքսել»:

Առկա դժվարություններն էլ
Վահան Հովհաննիսյանը բաժանեց երկու մասի, որից մեկը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, իսկ երկրորդը` Ադրբեջանի, Թուրքիայի ճնշման ավելացումն է. «Այս ամենը օբյեկտիվ դժվարություններ են ստեղծում մեզ համար, բայց կան նաեւ սուբյեկտիվ դժվարություններ, որոնք կարելի է կապել ժողովրդավարության ընկալման հետ: Տարբեր քաղաքական ուժեր տարբեր բան են հասկանում դրա տակ: Բնական է, որ այս տարաձայնությունները` ժողովրդավարության զարգացման ուղիների մասին, կան նաեւ կոալիցիայի մեջ»,- նշեց Վ. Հովհաննիսյանը:
ԲՀԿ պատգամավոր
Նաիրա Զոհրաբյանը, երկրի նախագահի

գործունեությունը գնահատելու համար, խորհուրդ է տալիս այն դիտարկել ներքին եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից. «Արտաքին քաղաքական ոլորտում նախաձեռնողական քաղաքականություն էր, որը մեզ համար ընդունելի էր` ճիշտ շեշտադրումներով թե´ Լեռնային Ղարաբաղի հարցում, թե´ Թուրքիայի հետ հարցում, դինամիկ տեղաշարժեր են եղել»:
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` Ն. Զոհրաբյանը նշեց. «Երկրորդ սերնդի բարեփոխումների այն կուրսը, որը նախագահական ընտրություններով ազդարարվեց, իհարկե, որոշակիորեն տեմպը դանդաղեցվեց մարտի 1-ի իրադարձություններից հետո, բայց այսօր կա հստակ քաղաքական կամք` հաղթահարելու մարտի 1-ի սինդրոմը: Վստահ եմ, որ ուժի մեջ է նախագահի կոչը երկխոսելու բոլոր ուժերի հետ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ ձեռքբերումների մասին շատ է խոսել, բայց ավելացրեց. «Այսօր մենք կրկնակի անգամ վճռական ենք, քան մեկ տարի առաջ, բոլոր հարցերում: Հաջողություններն ակնառու են»:
Բացթողումներն էլ, ըստ Գ. Սահակյանի, պիտի լինեն, քանի որ եթե կա աշխատանք, բացթողումների լինելը տրամաբանական է:
«Կարող էինք ավելին անել: Այն գնահատականները, որոնք այսօր հնչում են երկրի նախագահի մեկ տարվա աշխատանքի վերաբերյալ, կարծում եմ, որ դրանք երբեմն-երբեմն կցկտուր են հնչում մեր կողմից, այդպես էլ մենք չսովորեցինք պոպուլիզմի դերը քաղաքականության մեջ»,- եզրափակեց պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել