HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գալուստ Սահակյան. «Հասարակությունը պետք է անպայման փախչի լրագրողից»

ajԱյսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ  խմբակցությունների ներկայացուցիչները անդրադարձան նաեւ Հյուսիսային պողոտայում ոստիկանության կողմից իրականացված քաղաքացիների եւ լրագրողի նկատմամբ բռնություններին: Լրագրողները հետաքրքրվեցին` գուցե Հայաստանում արտակարգ դրությունը դեռ շարունակվո՞ւմ է: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ոստիկանությունը գործում է օրենքից դուրս եւ մարդկանց կուտակումների վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները անհիմն է համարում. «Ես ականատես եմ եղել, 10 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Որեւիցէ օրինական պահանջ նրանց ներկայացված չէր:   Փաստորեն, նրանք երեք ժամ ապօրինի գտնվել են անազատության մեջ»: ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը անկեղծացավ եւ ասաց. «Ես երեկ եմ իմացել, եւ եթե մարդիկ կուտակվում են, խաղաղ ցույցեր են, միտինգներ են, որեւէ կարգ չեն խախտել, ես ուղղակի դատապարտում եմ նման մոտեցումը, ով ուզում է լինի»: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ արտակարգ իրավիճակ երկրում չկա, դրա պատճառն էլ չկա. «Իսկ, թե ինչ է կատարվել Հյուսիսային պողոտայում, ես ձեզանից եմ տեղեկանում: Չեմ կարծում, որ դա այնքան հասարակական եւ քաղաքական աղմուկ է հանել, որ հայտնի դարձած լիներ բոլորին. ճեպազրույցին այդ հարցը բարձրացնելը եւս մեթոդ է, որպեսզի հարցը հնչեղություն ստանա»: Լրագրողները Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե նա ռադիո լսո՞ւմ է կամ թերթեր կարդո՞ւմ է. «Ժամանակ էլ չունեմ ամբողջ օրս նվիրել ռադիոկայան լսելու կամ թերթ կարդալու համար»,- պատասխանեց պատգամավորը: Նրա կուսակից Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ ազատ շարժումը կամ խոսքի սահմանափակումը դատապարտելի է: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը մտահոգված է, մասնավորապես լրագրող Դավիթ Ջալալյանի մասով. «Ես նրան ճանաչում եմ եւ չեմ կարող պատկերացնել, որ նա կարող է անկարգությունների մասնակից լինել կամ անկարգություններ արած լինել: Արմեն Աշոտյանը հանձնաժողովի անունից, մասնավորապես Դավիթի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար, զրուցել է ոստիկանապետի հետ: Ոստիկանապետի պատասխանը եղել է, որ թյուրիմացություն կա, քանի որ Դավիթը գնացել է Կենտրոն ոստիկանություն եւ գրել է, որ իրեն ոչ մեկը չի վնասել»: Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ մարդիկ օրենքի սահմաններում պետք է իրավունք ունենան կազմակերպել ցույցեր: ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի խոսքերը ներկայացնում ենք բառացի. «Ես խորհուրդ կտայի, որ ժողովուրդը մի փոքր հանդուրժող լինի ոստիկանների նկատմամբ: Ոստիկանները նրա համար են, որ երբ մասայական միջոցառում է տեղի ունենում, անպայման տեղում լինեն: Իսկ ինչ վերաբերում է նորից լրագրողի, մեզ մոտ լրագրողն արդեն դարձել է շառից, փորձանքից հեռու մնալ: Լրագրողն ամեն ինչ կարող է անել, նույնիսկ որոգայթներ լարել, բայց հասարակությունը կամ մարդիկ պետք է անպայման հեռու փախչեն լրագրողից: Զանգվածային միջոցառումները պետք է կոռեկտ կազմակերպվեն, եւ եթե իշխանությունների դեմ է ուղղված, ոստիկանի համազգեստը պետք է հարգել, մեր օրենքը դա է նախատեսում, ինչքան համեստ լինեն իրենց խնդիրները առաջադրելուց, այնքան կշահի մեր պետությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter