
Ապրիլի 8-ին մոտավորապես ժամը 17 անց 40 րոպեին Մարտակերտ քաղաքից ոչ հեռու գտնվող ցանքատարածություններից մեկում կուլտիվացիոն աշխատանքներ կատարելու ժամանակ հակատանկային ականի վրա տրակտոր է պայթել: Միջադեպի արդյունքում տուժել է տրակտորի վարորդը, որի վիճակը, բուժող բժիշկների խոսքերով, կայուն է, եւ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Ինչպես մեզ հայտնել են ականազերծմամբ զբաղվող HALO Trust բրիտանական կազմակերպության ղարաբաղյան կառույցից, ապրիլի 9-ին կազմակերպության մի խումբ աշխատողներ պայթյունի տարածքում իրականացված հետազոտության արդյունքում հայտնաբերել են եւս 2 հակատանկային ական: Նշված տարածքում մեկ անգամ եւս կտեղադրվեն նախազգուշացնող նշաններ, իսկ վտանգավոր հատվածը կընդգրկվի ականազերծման 2009թ. ծրագրում:
Այս միջադեպը 2009թ. արձանագրված առաջին դեպքն է: Տեղեկացնենք, որ 2008թ. ընթացքում արձանագրվել է ականի եւ չպայթած զինամթերքի պայթյունի 10 դեպք, որոնց արդյունքում տուժել է 14 մարդ, որոնցից 2-ը մահացել են, այդ թվում 1-ը` երեխա: Դժբախտ պատահարների հիմնական պատճառները շարունակում է մնալ բնակչության կողմից անտարբեր եւ ոչ ճիշտ վերաբերմունքը` զգուշացնող նշանների եւ գտնված չպայթած զինամթերքի նկատմամբ:
Ճիշտ է միջադեպերի պատճառը հիմնականում բնակիչների անտարբերությունն է լինում` զգուշացնող նշանների նկատմամբ, սակայն այս դեպքում առաջին հերթին պետք է ուշադիր լինեին շրջանի այն պատասխանատուները, ովքեր հողահատկացումներ են իրականացնում: Հենց նրանք պետք է աչք չփակեին այդ նշանների վրա, կամ հողը հատկացնելուց առաջ տեղեկանային տարածքի վիճակի մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել