«Արմմոնո»-ին այս տարի մասնակցում է 8 երկիր
Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Կամերուն, Մեծ Բրիտանիա. ահա այն երկրները, որոնք կմասնակցեն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին: Նախապես հայտ ներկայացրած 27 երկրներից միայն այս 8-ն են մասնակցում փառատոնին: Ինչպես Հետքի հետ զրույցում ասաց Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը, պատճառը միջազգային ֆինանսական ճգնաժամն է:
Փառատոնն ապրիլի 8-ից արդեն մեկնարկել Է Երևանում, իսկ երկուշաբթի` ապրիլի 13-ին, կտեղափոխվի Սյունիք: Կապանում մեկնարկը կտա Հովհաննես Բաբախանյանը` «Կոնտրաբաս» ներկայացմամբ: Թատրոնի տնօրենի խոսքով` թատրոնի մասնաշենքը նորոգվել է պետբյուջեով հատկացված 49 մլն դրամով, եւ ընդամենը 200 տեղանոց դահլիճը լիովին համապատասխանում է մոնո-ներկայացումների պահանջներին: Կապանում փառատոնի անցկացմանն աջակցում է Կապանի քաղաքապետարանը: «Ոչ մի տոմս չի վաճառվելում, մուտքը կլինի հրավիրատոմսերով, ու ներկայացումները հնարավորություն կունենան դիտելու թատրոն հասկացող ու գնահատող մարդիկ»,-ասաց Կ. Արզումանյանը: Վերջինիս հավաստմամբ` փառատոնի ընթացքում կլինեն նաեւ անակնկալներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել