Այգեստանի ճակատամարտից մինչեւ Թուրքմենբաշու ավտոկրատիա
Լրացել է Այգեստանի ճակատամարտի 17 տարին: Այդ հերոսամարտում գրվեց Այգեստանի պատմության ամենափառավոր էջը: Երբ Հադրութի հարավային դարպասի պաշտպանությունը ստանձնած մոտ երկու տասնյակի հասնող ինքնապաշտպանական ջոկատը ոչ միայն դիմակայեց գերակշիռ թվով նախահարձակ ազերի օմոնականների գրոհին, այլեւ ստիպեց նրանց փախուստի դիմել` մարտադաշտում թողնելով զոհեր ու զրահատեխնիկա, եւ մեկընդմիշտ մոռանալ դեպի Հադրութ տանող այդ ճանապարհը:
Ժամանակին ԶԼՄ-ների կողմից մեծ գնահատական ստացած այդ ճակատամարտի մասին իսպառ մոռացվեց: Ոմանք դա կապում են շրջանում զավեշտի հասնող հաճախակի իշխանափոխությունների հետ, երբ ղեկավարներից մեկը մասնակցել է այդ ճակատամարտին, իսկ մյուսը` ոչ: Այն, որ Վահան Բադասյանը մասնակցել է այդ ճակատամարտին, ակնհայտ է, իսկ որ Վալերի Գեւորգյանը (Հադրութի շրջանի վարչակազմի ներկայիս ղեկավարը) չի մասնակցել այդ ճակատամարտին, այդ էլ հաստատ գիտենք: Այդ օրերին նա «թիկունքում» էր գտնվում եւ ընդհանրապես մի ներքին համոզմամբ (այդպես ասում են նաեւ ուրիշները) նա միշտ թիկունքը գերադասել է ճակատից: Ճիշտն ասած` նրանք միմյանց չէին էլ ճանաչում, եւ միայն չգիտես` ճակատագրի հեգնանքով, թե ղեկավարության ծաղրով նրանց ճանապարհները պատերազմի ավարտից հետո խաչվեցին, որպեսզի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնում ճակատում վիրավորված, Մարտական խաչի ասպետ, ազգայնական գաղափարներով տոգորված ՀՅԴ նվիրյալ Վ. Բադասյանին փոխարինի թիկունքից եկած, «թիկունքի» ձեռքբերած կոմունիստական գաղափարները դավանած ու դավաճանած հերթական հերթապահ կուսակցության անդամ, ամեն կարգի քննադատությունների հանդեպ իմունիտետ ձեռք բերած Վ. Գեւորգյանը: Ժամանակ անց (ծանր շրջան էր) հիշեցին «հին ընկերներին» ու Վ.Գեւորգյանին փոխարինեց Վ.Բադասյանը, իսկ երբ ամեն ինչ խաղաղվեց, վերեւներում նորից զարմացան, թե ինչու պատերազմի հերոսները չեն զոհվում պատերազմի դաշտում, ու Վ. Բադասյանին փոխարինեց Վ. Գեւորգյանը: Իսկ մի քանի օր անց Վ. Գեւորգյանին փոխարինած Վ. Բադասյանը, զգալով այս փոխակերպումների անհեթեթությունը, թողեց քաղաքական ծաղրադաշտը թիկունքի «գրոհայիններին»: Վերեւները Հադրութում չգտան մեկին, ով կարող էր փոխարինել Վ. Բադասյանին: Ասպարեզը մնաց Վ. Գեւորգյանին: Ասում են` հենց այդ օրվանից էլ Հադրութում սկսվեց Թուրքմենբաշու ավտոկրատիայի դարաշրջանը: Այն տարբերվում է բրեժնեւյան լճացումից իր կայունությամբ, բռիությամբ, անպատժելիությամբ: Ինչ տվեց Թուրքմենբաշին Հադրութին. առաջնահերթ կարգով գլխատվեցին քաղաքի մայթերի ու պուրակների ծառերը, ավերվեցին քաղաքի պուրակները (ով է այսօր հիշում Անտանինայի գեղատեսիլ պուրակը): Հետպատերազմյան տարիներից ի վեր միայն Հադրութում է, որ չի կազմակերպվել որեւէ արտադրություն: Միայն Հադրութում հնարավոր դարձավ գյուղամերձ տարածքները վերածել պաշտոնական աղբանոցների եւ, տարիներ շարունակ խախտելով մարդկանց` ապրելու սահմանադրական իրավունքը, վտանգել նրանց կյանքն ու առողջությունը` մեծամտորեն արհամարհել նրանց բողոքներն ու մնալ անպատիժ, իսկ վերջում, նույնիսկ Հանրապետության նախագահի միջամտությունից հետո, ֆինանսավորում ստանալ աղբանոցի փակման ու նոր աղբանոցի կառուցման համար ու ոչինչ չանել: Այո, մի քանի օր երկու տրակտորներով աղբանոցը քչփորելուց հետո երկուսն էլ հաղթանակորեն կանգնած են ճամփեզրին (իբրեւ թե դեռ գործը շարունակելու ենք) ու սպասում են գարնանային սելավներին, որպեսզի քչփորած աղբն ավելի մեծ տարածքներ ապականի, իսկ իրենք իրենց գործն ավարտած համարելով...դե, պարզ է` ինչ պիտի անեն: Միայն Հադրութում է հնարավոր քանդել ու վաճառքի հանել շրջանի արտեզյան ջրհորներից մինչեւ պոմպակայան տանող մետաղյա գործող խողովակաշարը, իսկ վերականգնման անհրաժեշտության դեպքում նորից պետական միջոցներ կխնդրեն: Ինչ վերաբերում է զոհվածների ընտանիքներին սեփականաշնորհված հողերի ոռոգման ցանցի քանդմանը ու վաճառքին, ապա այստեղ խոսքերն անզոր են: Հադրութում յուրովի է լուծված աշխատատեղերի ստեղծման հարցը: Գոյություն չունեցող գյուղական ակումբների ղեկավարները «միջոցառումներ են կազմակերպում», հավաքարարները լվանում են այդ ակումբների հատակները, իսկ «գրադարանավարները» տեղի բացակայության պատճառով գրքերը պահում են...ճիշտն ասած` իսկի գիրք էլ չկա: Հադրութում է, որ Արցախի Հանրային հեռուստատեսությունը դիտելու համար անջատում են Հայաստանի գլխավոր ալիքը: Թուրքմենբաշին մտածում է, թե ոնց ավտոկրատիան Արաքսի հովիտներում մաքսազերծված խաղողայգիներ շնորհի, որ ինքն էլ կարողանա ազատ իր բաժինը ստանալ: Ում տալ «դավթումասի» արոտավայրերը, որպեսզի չգրանցվի ու չհարկվի, իսկ աճուրդին մասնակցել ցանկացողներին` մերժի: Ինչ-որ մեկն ասել է, որ հեղափոխությունը սկսում են որոշ մարդիկ, հաղթում են մի այլ մարդիկ, իսկ պտուղները վայելում են բոլորովին ուրիշ մարդիկ: Փակագծերը բացելու իմաստ չկա: Թուրքմենբաշու դարաշրջան ենք ապրում: Տեսնեք` կծնվի այն հեքիաթային մանուկը, որ կգոչի` «իսկ թագավորը մե~րկ է»:
Դավիթ Հովհաննիսյան
Հադրութ Հ.Գ. Բալթյան երկրներից մեկում անվստահության քվե են հայտնել երկրի նախագահին` ծառայողական հեռախոսն անձնական նպատակով օգտագործելու համար: Տեսնես ինչ կլիներ այդ նախագահի վիճակը, եթե նրա ծառայողական մեքենան շաբաթներով անհետանար այնպես, ինչպես անհետանում է Վ. Գեւորգյանի ծառայողական մեքենան վարորդի հետ` Գեւորգյան Վալերիկի դաշտերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել