Լ. Զուրաբյան. «Իշխանությունները չեն հասկանում, որ միակ լուծումը երկխոսությունն է»
«Երկու օր շարունակ ոստիկանությունը երկու շղթայով փակում է Հյուսիսային պողոտան եւ խոչընդոտում է քաղաքացիներին մուտք գործել այդտեղ` առանց ներկայացնելու որեւէ օրինական հիմք ունեցող բացատրություն: Ոստիկանությունը կոպտորեն հարձակվում է խաղաղ քաղաքացիների վրա, հետապնդում նրանց, ներկայացնում ցրվելու ապօրինի պահանջ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Զուրաբյանը պատմեց, որ իր ներկայությամբ են Աշոտ Թադեւոսյանի նկատմամբ բռնություն գործադրել. «Ես անձամբ տեսել եմ այն ոստիկանին, որը բռունցքով հարվածեց նրա դեմքին: Ինչը ամենացավալին է` Սերժ Սարգսյանի ինագուրացիայի տարին նշանավորվեց եւս մեկ քաղբանտարկյալով»:
Ըստ Լեւոն Զուրաբյանի` Աշոտ Թադեւոսյանին տարել են Կենտրոնի բաժանմունք եւ առաջադրել մեղադրանք Քրեական օրենսգրքի 136 հոդվածով` վիրավորանք պաշտոնական ներկայացուցչի նկատմամբ, նաեւ 316 հոդվածի առաջին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել:
Մխիթար Հարությունյանին եւս տարել են նույն բաժանմունք: Վերջինիս նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն չբացակայելու մասին, նաեւ ներկայացվել է մեղադրանք Քր. օր.-ի 136-րդ հոդվածով:
Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի պետ Աշոտ Կարապետյանը բացատրություն է տվել, թե ստացել է ութ բողոք Հյուսիսային պողոտայի խանութներից, որտեղ նշվում է, թե մարդկային կուտակումները եւ հասարակական կարգի խախտումներն ազդել են նրանց բիզնեսի վրա:
«Իհարկե, սա ծիծաղելի եւ անընդունելի հիմքեր են, որովհետեւ նման բողոքները չեն կարող հիմք ծառայել հարյուրավոր քաղաքացիների սեփական քաղաքում սիրված զբոսավայրում զբոսնելու իրավունքից զրկելու համար: Եթե ոստիկանությունը գտնում է, որ կան մարդիկ, որ խախտում են հասարակական կարգը, նա պետք է անհատապես այդ մեղադրանքը ներկայացներ կոնկրետ մարդկանց»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ն այս գործողությունները որակեց որպես հակասահմանադրական եւ ապօրինի:
«Իրականում իշխանությունների այս գործողությունները ունեն պարզ տրամաբանություն, նախ` երկրում բարդանում է սոցիալ-տնտեսական վիճակը, արդեն կան գործադուլային շարժման սաղմերը: Երկրորդ` Երեևանի ավագանու ընտրությունների հետեւանքով քաղաքականապես ժողովուրդը նորից ակտիվանում է, քանի որ իշխանությունները չեն վայելում ժողովրդի համակրանքը, խուճապահար փորձում են խեղդել բոլոր հնարավոր ընդվզումները սաղմնային վիճակում»,- կարծիք հայտնեց ՀԱԿ համակարգողը:
Ըստ Զուրաբյանի` իշխանությունները չեն հասկանում, որ միակ լուծումը երկխոսությունն է, եւ դիմում են բռնությունների: «Նման քայլերով նրանք չեն կարող ընկճել պայքարի ելած ժողովրդի ոգին, ժողովուրդը հասնելու է իր հաղթանակին»,- ընդգծեց բանախոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել