Լ. Զուրաբյան. «Այս իշխանություններն ունակ են ամենալայնամասշտաբ կեղծիքների»
«Այս իշխանությունները բազմաթիվ հանցագործություններ են գործել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նրանց հետ պատերազմենք, նրանց հետ պետք է գնալ երկխոսության, որովհետեւ որոշվում է ժողովրդի բախտը»,-այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Ըստ Զուրաբյանի` Գագիկ Բեգլարյանի նշանակումը հստակ մեսիջ էր, որ օգտագործվելու է կրիմինալը, նաեւ` ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը. «Արշավները, որ սկսել են դպրոցներում, այն արշավները, որ սկսել են գազային տեսուչները, երբ վերցնում են մարդկանց անձնագրային տվյալները, այս ամենը տեսնում ենք, որ ամեն ինչ զարգանում է նույն ուղղությամբ, ինչ նախագահական ընտրությունների ժամանակ»,-նշեց Զուրաբյանը եւ հավելեց, որ իրենք փորձելու են ակտիվացնել ժողովրդին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, ինչպես ներկայացրեց բանախոսը, փաստում է, որ ՀԱԿ-ը լուրջ է տրամադրված:
«Այս իշխանություններն ունակ են ամենալայնամասշտաբ կեղծիքների: Դրա դեմն առնելու լավագույն միջոցն ակտիվությունն է: Այսօր մենք դիմել ենք ԿԸՀ ստանալու համար ընտրողների ցուցակը, այս պահին մենք արդեն ունենք տվյալներ, որ այդ ցուցակում ընտրողների թիվը 8 հազարով ավելի է, քան ընտրողների ցուցակը նախագահականի ժամանակ Երեւանում»,-նշեց համակարգողը եւ հավելեց, որ հետեւելու են դինամիկային:
«Հավելումները ցույց կտան, թե ինչ մասշտաբի ընտրակեղծիքների են պատրաստվում իշխանությունները: Մենք կարձագանքենք»,-ասաց բանախոսը եւ պատասխանեց հարցին, թե արդյոք «Ժառանգության» հետ համաձայնության եկե՞լ են հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալու համար: «Մենք Ժառանգության հետ համագործակցում ենք ընտրական հանձնաժողովների պատշաճ համալրման հարցում»,-պատասխանեց Լ.Զուրաբյանը:
Ընտրակեղծիքի մեքենայի դիմադրությունը ջարդելու համար, ըստ բանախոսի, հաղթանակը պետք է ջախջախիչ լինի, առավելությունը` ակնառու, իսկ այն, որ Եվրոպական կառույցներից իշխանությունները չեն պատրաստվում դիտորդներ հրավիրել, «ցույց է տալիս, որ նրանք վախեցած են եւ չեն ցանկանում, որ լուրջ վերահսկողություն լինի»:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենք նամակներ են հղել տարբեր կառույցների` նշելով, որ այս ընտրությունները մեծ նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման համար:
Հետքի հարցերին, թե հնարավոր է որ ՀԱԿ-ը հաղթանակի դեպքում կոալիցիա կազմի իշխանական որեւէ կուսակցության հետ, բանախոսը պատասխանեց. «Չի կարելի որեւէ բան բացառել»: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվելու դեպքում կհրաժարվի արդյոք պաշտոնից` այն զիջելով Ստեփան Դեմիրճյանին, Զուրաբյանը նշեց, որ հարցին մոտ ապագայում կպատասխանի անձամբ Տեր-Պետրոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել