Լ. Ալավերդյան.«ԱԺ-ն կարող է որոշմամբ պահանջել ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին»
«Իշխանություններն օրենքի որոշ փոփոխություններից հետո քաղբանտարկյալների վրայից հանեցին 300 հոդվածի մեղադրանքները: Սրանով իշխանություններն ընդունեցին, որ ընդդիմությունը որեւէ հեղաշրջում չի պլանավորել, որովհետեւ նման որեւէ մեղադրանք ներկայացված չէ այլեւս»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ 225-րդ հոդվածով էլ հանվել են սպանության մեղադրանքները, եւ միակ մեղադրանքը, որ մնացել է, 225.1 հոդվածն է: Հին խմբագրությամբ 225.1-ը ձեւակերպված էր հետեւյալ ձեւով` Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի: Ինչու է փոփոխվել հոդվածը:
«Եթե քննությունն ապացուցում էր, որ դուք հավաքել եք մարդկանց, կազմակերպել եք մի տեղ, իսկ այնուհետեւ կատարվել են նշված գործողությունները, անկախ ձեր անձնական պատասխանատվությունից` ձեզ կարող են մեղադրել, նոր խմբագրությամբ զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, հրկիզումներով, եւ այլն, եւ այլն, այսինքն` այժմ պետք է ապացուցել մեղադրական եզրակացության մեջ, որ մեղադրվողները մարդկանց բերել են հենց այդ նպատակով»,- մեկնաբանում է Լ. Զուրաբյանը:
Ըստ հոդվածի տրամաբանության` պետք է ապացուցվի, որ օրինակ Ա. Արզումանյանն անձամբ հրահրել է մեքենա հրկիզելը. «Մեղադրական եզրակացությունը երբ կարդում ես, այնտեղ որեւէ նման ապացույց չկա, ուստի նոր խմբագրությունն ընդունելուց հետո այս մեղադրական եզրակացությունը թողնելը նշանակում է տարրական ապօրինություն»,- նշեց Զուրաբյանը:
Ժառանգության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց, որ
ԱԺ-ն, հիմք ընդունելով այն, որ այդ պատգամավորների վրայից հանված են այն մեղադրանքները, որոնց հիման վրա նրանք զրկվել են անձեռնմխելիությունից, կարող է որոշմամբ պահանջել ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ԵՄ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը արդյոք հայտարարել է, որ եթե եվրոպական կառույցները պնդեն, որ այսօր քաղբանտարկյալներին պետք է ազատ արձակել, կնշանակի, որ նրանք խոչընդոտում են Հայաստանի` որպես իրավական պետության կայացմանը: Երեկ Ա. Աշոտյանը ԱԺ-ում ասաց, որ Լ. Ալավերդյանի` մամուլում արված նման հայտարարությունները փաստում են, որ հեղինակը կա'մ հատուկ է սուտ ասել, կամ լեզվի հետ կապված դժվարություններ ունի:
«Ես պնդում եմ, որ իշխանական պատգամավորները 40-50 րոպե հենց դա էին բացատրում»,-պատասխանեց Լ. Ալավերդյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել