Հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքներն ամբողջ ծավալով գնահատված չեն
«Շատ կազմակերպությունների կողմից վերլուծություններ կան հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական օգուտների ու կորուստների վերաբերյալ, բայց, ճիշտն ասած, հենց նույն կազմակերպությունները չեն կարող վստահ լինել, որ դրանք հենց այն հետևանքներն են, որոնք կարելի է սպասել սահմանի բացումից»,- այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Ստյոպա Սաֆարյանը:
Նա այն կարծիքին է, որ հետեւանքները դեռևս ամբողջ ծավալով գնահատված չեն. «Մեր դիվանագիտության բացթողումներից մեկն է, որ չհասկանալով կամ չունենալով նախնական գնահատականներ, թե ինչ դրական կամ բացասական հետևանքների կարող է բերել սահմանի բացումը, գնում են դրան»:
Ստյոպա Սաֆարյանը մտահոգված է, որ հայ-թուրքական երկխոսությունից քիչ է տեղեկացված հասարակությունը: Նրա համար անհասկանալի են հայկական կողմի որդեգրած` չարձագանքելու մոտեցումը, երբ թուրքական կողմն ասում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը երբևէ չի վտանգելու թուրք-ադրբեջանական հարաբերությունները:
«Եթե միակողմանի փակված սահմանի բացումը դառնում է սակարկության առարկա և ենթադրում փոխզիջումներ նաև հայկական կողմից, սա անհասկանալի է»:
Լարիսա Ալավերդյանն էլ գտնում է, որ իրավիճակային գործընթացները հղի են անորոշ արդյունքներով.
«Ողջունելով ցանկացած հարևանի հետ հարաբերությունների բարելավումը` մենք գտնում ենք, որ այդ բոլորը պետք է ներկայացվի ընդհանուր համապարփակ ռազմավարական փոփոխությունների ներքո: Որևէ մեկին հայտնի չեն, թե ինչ սկզբունքների հիման վրա, ինչ վերջնական կամ միջանկյալ նպատակներ ակնկալելով է, որ մենք սկսում ենք հարաբերություններ Թուրքիայի հետ»,- նշեց պատգամավորը:
ՕԵԿ-ը ներկայացնող Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը համարում է նախագահի արձանագրած ամենադրական քայլը:
«Մեր երկրից քաղաքացիները գնում են, հանգստանում են այնտեղ, առեւտրական կապեր են հաստատում, բայց չգիտես ինչու` մենք չենք ուզում դիվանագիտական հարաբերությունները կարգավորել, որոնք հնարավորություն կտան ուղղակի մեր հայրենակիցներին պաշտպանել: Հարաբերությունները խիստ կարեւորում եմ: Կարծում եմ` ներկրվող ապրանքների գինը կէժանանա, սոցիալապես առաջընթաց կլինի մեր երկրի համար: Մեր աշխարհագրական դիրքը մեզ թույլ է տալիս այսօր ունենալ այլընտրանքային ճանապարհներ, և Թուրքիայի հետ ճանապարհը մեկ օր շուտ բացելը ես ողջունում եմ: Դա մեզ համար այլընտրանքային ճանապարհ է և ավելի էժան »,- նշեց պատգամավորը:
ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ սահմանի բացման հետեւանքների հաշվարկները 20 օր հետո կուսակցությունը կներկայացնի հասարակությանն ու կառավարությանը:
«Ադրբեջանն աննախադեպ ճնշում է սկսել միջազգային կառույցների, նաև Թուրքիայի վրա` սպառնալով, որ գազից կզրկի, էներգետիկ նախագծերը կձախողի, եթե բացվի հայ-թուրքական սահմանը: Ո՞ր մասն է այստեղ դերասանություն, ո՞ր մասն է անկեղծ, ժամանակը ցույց կտա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Պատգամավորի մոտ անկեղծության հարց են առաջացնում նաեւ Արևմտյան Հայաստանի տարածքում սկսված զանգվածային ցույցերը սահմանի բացման դեմ:
«Իմ կարծիքով, այս հիստերիկ շարժումները Ադրբեջանի և, իբր թե, թուրքական բնակչության կողմից կարող են նաև համաձայնեցված լինել թուրքական իշխանությունների հետ: Կարծում եմ` այս ամենը բեմադրություն է, որը հնարավորություն կտա կամ կպարտադրի արևմտյան աշխարհին ու միջազգային կառույցներին նորից դիմել Հայաստանին` Թուրքիային որոշ նախապայմաններ ընդունելու առաջարկով»,- նշեց պատգամավորը:
Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ մենք չպետք է կուլ տանք խայծը, և «շատ ճիշտ է վարվել ՀՀ ԱԳ նախարարը, երբ բացառել է որևէ նախապայմանի պարագայում այս բանակցությունների շարունակումը»:
Ըստ ԲՀԿ-ի անդամ Ավետ Ադոնցի` պետք չէ հաշվարկներ անել, թե ով կշահի, ով կտուժի սահմանի բացման հետեւանքով. «Մենք պատրաստ ենք սահմանը բացել նույնիսկ այսօր, նույնիսկ վաղը, սակայն առանց նախապայմանների: Մնացած ամենը ընթացիկ եւ լուծվող խնդիրներ են»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ, անդրադառնալով թեմային, ասաց. «Մենք կողմնակից ենք, նաեւ մեր դիվանագիտական հարաբերություններով փորձում ենք այնպես անել, որ սահմանը բացվի, բայց այն ճոխացրած հետաքրքրությունը, որ վաղը մյուս օրը սահմանը բացվելու է, դա այդքան էլ այդպես չէ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել