HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպիսին պետք է լինի Ջավախքի հայեցակարգը

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի «Ջավախքը 1988-2008թթ.» գրքի լույս ընծայման կապակցությամբ այսօր Հանրային գրադարանում քննարկում էր հրավիրված` Ջավախքի հիմնախնդիրների և հայեցակարգի մշակման վերաբերյալ: Հավաքված մտավորականները, պատմագետները և մի շարք այլ մասնագետները համաձայնեցին, որ Ջավախքի համար հարկավոր է մշակել առանձին հայեցակարգ: Քաղաքագիտության դոկտոր, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Իրավունքի և պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանն առաջարկեց հայեցակարգն այնպես մշակել, որտեղ հստակ տարբերակվի «վիրահայություն»  և «ջավախահայություն» հասկացությունները, քանի որ «ջավախահայությունը վիրահայություն չէ և ապրում է իր պատմական հողում»: «Ջավախքը ինքը Հայաստան է»,-ասում է քաղաքագիտության դոկտորը և հավաստում, որ Ջավախքը Հայաստանի Հանրապետության մաս է և մի համայնք, որը Վրաստանի կազմի մեջ է: Լևոն Շիրինյանի կարծիքով` ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունը ուշադիր պետք է հետևի 1918-20թթ-ի պատմությանը, և վրացիներն էլ պետք է հասկանան, որ այդ ժամանակաշրջանը կարող է կրկնվել, եթե այսպես շարունակվի: Լևոն Շիրինյանը կարծում է, որ ջավախահայերը Վրաստանի ներսում պետք է համագործակցեն ադրբեջանական համայնքի հետ: «Արարատ»  ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի կարծիքով, հայեցակարգի մշակումը պետության խնդիր է: «Մենք երբեմն փորձում ենք լուծել պետության խնդիրը հասարակական ուժերով ու հասարակական հիմունքներով: Հայեցակարգի բացակայության խնդիրն այն է, որ Ջավախքի խնդիրը չի դիտվում հայկական հարցի մեջ: Այն, ինչ մեր հակառակորդ թշնամիները տեսնում են, որ և' Ջավախքը, և' Արցախը, և' հայ-թուրքական սահմանը գտնվում են մի փաթեթի մեջ, մեր իշխանությունները մինչև այսօր այդ փաթեթը կիսում են մի քանի մասերի»,-ասաց Արմեն Այվազյանը: «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը համարում է, որ հայեցակարգը պետք է երկու տեսանկյունից դիտարկել առաջինն այն է, որ ջավախցիները, տեղական հասարակական-քաղաքական կազամերպությունները իրենք են առաջարկում իրենց գործունեության հայեցակարգը և իրենց տեսլականը ներառում այդ հայեցակարգի մեջ, և ներկայացնում, թե ինչպես են ուզում տեսնել իրենց երկիրը: Երկրորդը` դա անում է Հայաստանը` հաշվի առնելով Ջավախքի տեսլականը: «Ձեռքբերում ու հաղթանակ կլինի այն, երբ Հայաստանը սեղանին դնի Ջավախքի հայեցակարգը»,-ամփոփեց պատգամավորը: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ շեշտեց, որ Ջավախքի խնդիրը «բարձր և կարծր» դիրքերից չպետք է շոշափել, որպեսզի լարել հարաբերությունները վրացիները հետ և «նետվել» թուրքիայի գիրկը: «Մենք ոչ վրացիների, ոչ էլ թուրքերի գիրկն ենք ուզում նետվել, այլընտրանքային ճանապարհներ պետք է ունենանք բոլորի հետ: Բայց մենք հայեցակարգային մակարդակով պատրա՞ստ ենք դրան»,-իր հարցը հնչեցրեց և պատասխանն էլ տվեց ԳԱԱ ինստիտուտի տնօրենը` բացարձակապես ոչ: Աշոտ Մելքոնյանը մեջբերեց Վրաստանում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալյանի խոսքերը. «մենք այնպես պետք է Ջավախքի խնդիրը լուծենք, որ աչքը սարքելու փոխարեն ունքն էլ հետը չհանենք»: «Այն գաղափարները, որ կան մեր առջև, պիտի լինեն զուսպ, հեռանկարային, մտածված»,-ասաց Աշոտ Մելքոնյանը: Նա խորապես համոզված է, որ այսօր Ջավախքի խնդիրը Հայաստանում և հատկապես հայկական իշխանական մակարդակներում ընկալվում է որպես հոգս, իսկ եթե «այդ հոգսից պետք է ազատվենք Ջավախքը հայաթափելով, սերունդները մեզ չեն ների»: ԵՊՀ հայագտիական ամբիոնի գիտաշխատող Հայկազուն Ալվրցյանը համոզված է, որ հայեցակարգը ոչ թե որևէ մեկի պատվերով պետք է մշակվի, այլ այն պետք է հասունանա և բյուրեղանա հասարակության և պետական վերնախավում, որ պետությունը գիտակցի, ու պետական պատվերով արդեն մշակվի հայեցակարգը, ինչպես օրինակ` Արցախի հարցում: «Հայեցակարգ դառնում է ազգային, հասարակական պահանջմունքը»,-համոզված է Հ. Ալվրցյանը: Իսկ Ջավախքը որպես հողային և հայաբնակ տարածք դիտարկելը ճիշտ չէ, ըստ Հ. Ակվրցյանի, քանի որ Ջավախքը ոչ միայն  հայ պետականության և հայ ժողովրդի համար կարևորագույն տարածք է, այլ Հայաստանի թուրքաբնակ տարածքներով շրջապատված լինելու այսօրվա պարագայում միակ  խողովակն է, որը Հայաստանը կապում է ոչ թուրքական աշխարհի հետ: «Եթե այսօրվա խորը թաքնված նեոպանթուրքիստական ծրագիրն իրականանա, մենք կկորցնենք ընդհանրապես Հայաստանի պետականության հեռանկարը»,-ասաց Հայկազուն Ալվերցյանը և հավելեց, որ «Ջավախքի հայաթափումը հավասար է Ջավախքի թրքացման, որովհետև Ջավախքում վրացիները երբեք չեն կարողացել բնակվել և չեն էլ կարողանալու զուտ բնակլիմայական պայմաններից ելնելով, իսկ թուրք մեսխեթցիներին կարող են բնակեցնել և շարունակել թրքացումը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ պետք է պահանջներ դնել Վրաստանի առջև, բայց ոչ թե միայն ծնունդով ջավախքցիները պետք է իրենց պահանջները ներկայացնեն, այլ առաջին հերթին այդ պահանջը պետք է լինի հենց ոչ ծնունդով ջավախքցիներինը, որպեսզի հետագայում չմտածեն, որ սա ընդամենը տարածքային խնդիր է, ինչը առկա է նաև Արցախի հարցում: Երեկ ԱԺ-ում իր ելույթը հիշեցնելով, պատգամավորն ասաց, որ Ջավախքը որպես սփյուռք պետք չէ դիտարկել, քանի որ այդ դեպքում Ջավախքն արդեն օտարվում է: «Մենք պետք է հրաժարվենք վիրահայ կամ վրացահայ տերմիններից, ի վերջո, մենք ղարաբաղցիներին չենք ասում` ադրբեջանահայեր, այդ ինչից ելնելով ջավախքցուն պետք է ասենք` վրացահայ: Ջավախքը որպես հայոց պետականության վիրավոր զավակ, մենք պարտավոր ենք վերքերը ճիշտ հասկանալ: Ջավախքում խնդիրները ոչ թե սոցիալ-տնտեսական են, այլ` քաղաքական, որը պետք է բարձրացնել և փորձել լուծել»,-նշեց Արծվիկ Մինասյանը: «Երբ մարդը իր բնօրրանում չի կարողանում իր լեզուն դարձնել հիմնական լեզու, եթե նա չի կարողանում իր տարածքում  պաշտպանություն ապահովող անվտանգության ուժերի հետ խոսել իր մայրենի լեզվով, դա քաղաքական իրավունք է,-ասաց արծվիկ Մինասյանը,-սա և տնտեսական առաջընթացի խնդիրները պետք է լինեն ՀՀ-ի պետական անվտանգության հայեցակարգի ուղղություններից մեկը: Ցանկացած քայլ, եթե ժողովրդագրական կազմի փոփոխություն է բերելու Ջավախում ի վնաս հայկական տարրի նվազեցման, Ջավախքը հայաթափելու նպատակ ունի»: «Եթե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար ողնաշար է, ապա Ջավախքը թոքերն են, իսկ այսօր թոքերը գտնվում են հիվանդ վիճակում»,-ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Աբրահամյանը և նույնպես կարևորեց հայեցակարգային մոտեցումը  ջավախքի բոլոր հիմնախնդիրների լուծման համար: «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը մտահոգված է Հայաստանի վերաբերմունքից, երբ հայ-վրացական սահմանի խստացմամբ չեն թույլատրում Հայաստան մուտք գործել 2 տարեկան աղջկան ու մորը և նրանց սահմանից հետ են ուղարկում: Օրինակ բերելով Վահագն Չախալյանի` Հայաստանից վտարելու փաստը, Գագիկ Գինոսյանը կարծում է, որ Հայաստանը, փաստորեն, ինքն է խոչընդոտում հայերին ազատորեն մուտք գործել հայրենիք, դեռ ավելին` վտարում է: Հայեցակարգային մոտեցումներում  Գագիկ Գինոսյանն առաջարկեց ընդգրկել մի մոտեցում, որը թուլ կտա հայ տղամարդուն իր երեխայի ապագան Ջավախքում տեսնել, քանի որ ապագան չտեսնելու փաստն է  դառնում զանգվածային արտագաղթի դրդապատճառ: «Նորավանքի» գիտա-կրթական հիմնադրամի փորձագետ Թամարա Վարդանյանը ներկաներին տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարարությունն այս պահին մշակում է վիրահայության ընդհանուր հայեցակարգ, որին ինքը մասնակցել է: Այնտեղ տեղ են գտել նաև ջավախահայության վերաբերյալ կետեր: Հայեցակարգը շուտով պետք է ներկայացվի կառավարությանը: Իսկ հավաքի կազմակերպիչները, մասնավորապես «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը հավաստիացրեց, որ հնչած կարծիքները քննարկման առարկա կդառնան և կներգրավվեն նախատեսվելի հայեցակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter