
Թերթն իր խմբագրականում գրում. թվում է, թե մեր իշխանությունը եւ մասնավորապես ոստիկանությունը դեռ վերջնականապես չեն որոշել, թե ինչ է նշանակում «հասարակական կարգ» եւ ումից պետք է այն պաշտպանել: Օրինակ` նրանց համար առայժմ պարզ չէ, թե երբ եւ ինչպես է պետք քայլել Հյուսիսային պողոտայում, որպեսզի դա լինի, այսպես ասած` «օրինական քայլվածք», ու երբ է այդ քայլվածքը դուրս գալիս օրենքի սահմաններից:
Որպես օրինակ վերցնենք թեկուզ ինձ. օրերս անցնում էի այդ պողոտայով` որեւէ քաղաքական նպատակ չհետապնդելով, դեռ ավելին` հեղափոխական երիտասարդների նկատմամաբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունենալով: Բոլոր դեպքերում, նրանք ինձ չեն խանգարում` ինչ ուզում են, թող վանկարկեն: Քայլում եմ ես, ուրեմն, Հյուսիսային պողոտայով, ու հանկարծ գետնի տակից «բուսնում են» հակառակ ճամբարի երիտասարդներ, որոնց ես ավելի քիչ եմ հավանում, որովհետեւ գլխներին կարմիր բերետներ կան: Եվ այդ տղաները սկսում են ինձ բացատրել` «էստեղ չի կարելի», «էն կողմ գնա», «էն տեղով անցի»: Նորից եմ ասում` մի հատ կողմնորոշվեք` կա՞ն արդյոք մեր մայրաքաղաքում անցորդների համար ինչ-ինչ արգելված գոտիներ, ու ինչպե՞ս եւ ե՞րբ են դրանք առաջանում:
Բայց եկեք զուտ տեսականորեն ենթադրենք, որ ոստիկանների գործողություններն օրինական են: Եթե այդպես է, եթե ոստիկանները ամաչելու բան չունեն եւ պարտավոր են բռնություն կիրառել զբոսանքի դուրս եկած մարդկանց հանդեպ, ապա ինչո՞ւ են նրանք խոչընդոտում այդ «փայլուն օպերացիաների» նկարահանմանը` հարձակվելով լրագրողների վրա:
10 տարի առաջ ես ընկերոջս հետ Լոնդոնում պատահաբար հայտնվել էի Դաունինդ սթրիթ 10-ի մոտակայքում: Վարչապետի նստավայրից մի տաս մետր հեռավորության վրա 20-30 երիտասարդներ ինչ-որ բաների դեմ բողոքում էին` անհայտ լեզվով կարգախոսներ վանկարկելով: Երբ երիտասարդներն անցան որոշակի գծած սահմանը, ոստիկանները նրանց բավականին կոպիտ ձեւով ետ վերադարձրեցին` ուշադրություն չդարձնելով այդ ամենը նկարահանող տեսախցիկներին, նաեւ` մեր ֆոտոխցիկներին: Բրիտանացի ցանկացած ոստիկան գիտի, որ լրագրողը կոնֆլիկտի կողմ չէ. նա իրադարձությունն արձանագրողն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել