
Իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ Սերժ Սարգսյանը հանդիպել է լրագրողների հետ եւ, ըստ էության, գնահատել իր իսկ մեկ տարվա գործունեությունը: Նրա անկեղծության մասին կարելի է պատկերացում կազմել 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ տված գնահատականներով, որովհետեւ հասարակությունը շատ լավ տեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ եթե մարտի 1-ին ցուցարարները զենք չկիրառեին, ոստիկանները նույնպես զենք չէին կիրառի: Մի կողմ դնենք էմոցիաները եւ հարցին նայենք զուտ իրավական տեսանկյունից: Կա՞ գոնե մի փաստ, որն ապացուցում է, որ մարտի 1-ին ցուցարարները նույնպես զենք են կիրառել: Սերժ Սարգսյանը ենթադրաբար այդ օրը դեպքի վայրում չի եղել, եւ չէր կարող անձամբ ականատես լինել, թե ինչպես են ցուցարարները զենք կիրառում, հետեւաբար` կամ նա պիտի այդպիսի տեսագրություն նայած լինի, կամ ինչ-որ մեկը պիտի նրան պատմած լինի այդ մասին: Եթե նաման տեսագրություն լիներ, հեռուստաընկերությունները, հասկանալի է, մի տարի շարունակ ամեն օր կցուցադրեին այդ կադրերը: Եթե չեն արել, ուրեմն այդպիսի կադրեր չկան:
Ճիշտ նույն կերպ էլ հեռուստաընկերություններն ամեն օր եթեր կհեռարձակեին «ականատեսի վկայությունները», եթե հնարավորություն լիներ այդպիսի ականատես գտնել: Եզրակացությունը միակն է. կամ Սերժ Սարգսյանը պարզապես ստում է, կամ նախաքննության մարմինը պիտի անհապաղ հարցաքննի նրան` պարզելու համար, թե որտեղի՞ց է նրան հայտնի, որ ցուցարարները զենք են կիրառել:
Հնարավոր է` նաեւ մարզպետ
Թերթի տեղեկություններով` վերջերս Սերժ Սարգսյանի օգնական նշանակված հայտնի սպորտսմեն Յուրի Վարդանյանը երկար չի աշխատելու այդ պաշտոնում: Նրա համար նախատեսված է Շիրակի մարզպետի աթոռը: Իսկ գործող մարզպետ Լիդա Նանյանը ստիպված է լինելու հրաժարվել այսօրվա կարգավիճակից, քանի որ այդ փոփոխության քաղաքական որոշումը կայացված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել