Կողմնորոշվելու համար նախագահ Օբամայի ապրիլի 24-ի ուղերձին
Ապրիլի 9-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «ՄԱԿ-ը պետք է զորքերը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու կոչ անի Հայաստանին: Պետք է առաջնահերթ լուծում ստանա Ադրբեջանի հետ Հայաստանի վեճը, որից հետո կկարգավորվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները»:
Այլ կերպ` հարաբերությունների կարգավորումը նա պայմանավորել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմամբ:
Անգլիական «Ֆայնենշըլ թայմսը» նույն օրվա համարում հրապարակեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հարցազրույցը, որտեղ նա ասել է. «Կովկասի գլխավոր խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ղարաբաղյան հիմնահարցն է: Հավատացած եմ, որ 2009 թ. այդ առումով կլինի պատեհ առիթի տարի»: Այսինքն` ըստ անգլիական թերթի, Գյուլը չի բացառել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հավականությունը` անկախ ԼՂ հիմնահարցից:
Սա նշանակում է, որ հարցազրույցով Թուրքիայի նախագահը հակակշռել է վարչապետի` առաջին հերթին Ադրբեջանի կամակորությունները ստանձնելու նպատակ հետապնդող հայտարարությունը, որովհետեւ նույն Էրդողանն ապրիլի 8-ին, պատասխանելով ընդդիմության` կառավարությանը հասցեագրած մեղադրանքներին` կապված Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, ասել է. «Թեեւ երկխոսության գործընթացը ներկա պահին շարունակվում է, սակայն ոչ այնպես, ինչպես ընդդիմությունն է ներկայացնում: Ժողովրդա-հանրապետական եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների մոտեցումը շատ տգեղ է. նրանք զրպարտչական քարոզարշավ են ծավալում: Սակայն ինչ էլ որ ասեն, մենք կանենք այն, ինչ ճիշտ ենք համարում եւ չկարգավորվածությունը որպես կարգավորում երբեք չենք դիտարկի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել