Սերժ Սարգսյանը կմեկնի Իրան
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի, սփյուռքի նախարարները, Ազգային Ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:
Նախագահի մամլո ծառայության փոխանցամբ` Սերժ Սարգսյանը առանձնազրույց կունենա Իրանի Իսլամական Հանրապետության իր պաշտոնակցի` Մահմուդ Ահմադինեժադի հետ: Տեղի կունենան նաեւ հայ-իրանական բանակցություններ` ընդլայնված կազմով, կստորագրվեն համատեղ փաստաթղթեր:
Թեհրանում նախագահը կայցելի նաեւ ԻԻՀ հիմնադիր-առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի դամբարան` ծաղկեպսակ կդնի նրա գերեզմանին, ինչպես նաեւ հանդիպում կունենա ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումները ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանիի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի հետ:
«Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի կունենա Նախագահ Սարգսյանի հանդիպումը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել