Խորհրդակցություն՝ Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ պահպանման թեմայով
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, անցկացնելու խորհրդակցություն նվիրված` Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանության խնդիրներին:
Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրները միշտ եղել է նախարարի ուշադրության կենտրոնում, դրանց արդյունավետ կառավարման և փաստացի իրավիճակը արձանագրելու նպատակով ստեղծվել են 10 աշխատանքային խումբ, որոնք մարզպետարանի համապատասխան վարչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ համատեղ կիրականացնեն ուսումնասիրություններ, ըստ հաստատված ժամանակացույցի և հարցաշարի:
Նախարար Արամ Հարությունյանը աշխատանքային հանձնախմբերի անդամներին, մարզպետարանի աշխատակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց մարզում ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում առկա վիճակը և անելիքները:
Նա նշեց, որ մարզում ջրօգտագործումն իրականացվում է մի շարք թերություններով, ջրառը շատ դեպքերում իրականացվում է առանց ջրաչափերի, կա տրամադրված փաստացի ջրօգտագործման ջրաքանակների համապատասխանեցման, ինչպես նաև ջրահեռացման հարցեր: Խնդիր է դրվել տնտեսվարողների գործունեությունը բերել օրինական դաշտ:
Նախարարը տեղեկացրեց, որ այդ աշխատանքները ավարտվելու են երկու շաբաթից, իրական պատկերն ունենալուց հետո կիրականացվեն օրենսդրությամբ սահմանված համապատասխան գործողություններ կարգազանցների նկատմամբ:
Այս խնդրի լուծման գործում նախարարն ակնկալում է մարզպետարանի, համայնքների ղեկավարների աջակցությունը: Արարատի մարզպետ Է. Բարսեղյանը կարևորեց խնդիրը մարզի բնակչությանը ոռոգման և խմելու ջրի ապահովման տեսանկյունից և մարզպետարանի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել հանձնախմբերի աշխատանքներին: Համայնքների ղեկավարները ևս կարծիք հայտնեցին, ասելով, որ նախարարի ներկայացրած նախաձեռնությունը համահունչ է բնակչության շահերին և կօգնի լուծել սոցիալական խնդիրները, քանի որ, ըստ իրենց ներկայացրած տվյալների, չկարգավորված ջրօգտագործումը պատճառ է դարձել գյուղատնտեսության անկմանը:
Նախարար Ա. Հարությունյանը խորհրդակցության մասնակիցներին հավաստիացրեց, որ ջրօգտագործման նոր թույլտվություններ չեն տրամադրվի, մինչև չկարգավորվի առկա ջրօգտագործումը: Նա կարևորեց նաև երկրորդային ջրերի օգտագործման հարցի լուծումը, որպես ջրխնայողության հեռանկարային տարբերակ նշեց ձկնաբուծական տնտեսությունների՝ փակ շրջանառու համակարգին անցնելը:
Նախարարը կարևորելով Արարատի մարզում առկա բնապահպանական խնդիրները, հավաստիացրեց որ դրանք լինելու են իր մշտական և անմիջական հսկողության տակ, ակնկալելով նաև մարզպետարանի աջակցությունը խնդիրներին վերջնական լուծում տալու գործում:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել