HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլի 14-ին Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան առջեւ կայանալու է ցույց ի նշան բողոքի ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավճռի դեմ

Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը ս.թ. ապրիլի 14-ին Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ մտադիր է անցկացնել ցույց ի նշան բողոքի ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ վերջերս վրացական դատարանի կողմից ընդունած դատավճռի դեմ, որով նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Միջոցառման մասին հաղորդագրությունը տեղադրված է Կազմակերպության պաշտոնական կայքում`  <http://www.ccaf.info/item.php?r=0&id=391>: Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրության տեքստի ամբողջական հայերեն թարգմանությունը` կատարված «Երկիր» միության կողմից. ՖՀԿՀԽ (Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը) ս.թ. ապրիլի 14ին, ժամը 18:30-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ կազմակերպելու է ցույց ի նշան բողոքի ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ, որով նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` զենք պահելու եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու կեղծ մեղադրանքների հիման վրա: Այս քաղաքական բնույթի դատավճիռը, որը ուժի մեջ է մտել նրա նկատմամբ իրականացված  դատավարության արդյունքում, որի ընթացքում նրա նկատմամբ թույլ տրված խախտումներից մի քանիսը արձանագրվել են Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից, հանդիսանում է երկրի հայ համայնքի նկատմամբ վրացական իշխանությունների ազգայնականության վերջին դրսեւորումը: Ջավախքում այս քաղաքականությունն արտահայտվում է տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի նպատակով թուրք-մեսխեթցիների վերաբնակեցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների սիստեմատիկ կեղծմամբ, տեղի բնակչության ժողովրդավարական պահանջներին ականջալուր չլինելով, ինչպես նաեւ երկխոսության փոխարեն հալածանքների իրականացմամբ: Ամբողջ երկրի կտրվածքով այս քաղաքականությունը հանգեցրեց բնիկ հայկական ժառանգության նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերին, եւ, մասնավորապես, վերջին տարիներին` հայկական եկեղեցինեի վրացականացմանը: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի հետ անհավասար պայքարի արդյունքում թուլացած եւ տարբեր անջատողական շարժումներից տուժած իշխանությունները նման քաղաքականությամբ փորձում են փոխհատուցել իրենց կորուստները ի հաշիվ իրենց երկրի տարածքում բնակվող հայերի: Հայ համայնքի խոցելիությունը ուժեղանում է այն հանգամանքից, որ հարեւան Հայաստանի Հանրապետությունը գտնվում է թուրք-ադրբեջանական շրջափակման աքցանի մեջ, եւ Թբիլիսին ունի առանցքային նշանակություն արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու առումով: «Միասնական Ջավախք» կազմակերպության անկախություն հաստատելու նպատակ չի հետապնդում, այլ սահմանափակվում է երկրամասի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների նկատմամբ հարգանք դրսեւորելու պահանջով: Դա եւ ոչ մի դեպքում չի հանգեցնի Վրաստանի թուլացմանը, այլ նրան հնարավորություն կտա ամրապնդել իր միասնությունը` ժողովրդավարության ամրապնդման եւ իր հայ մշակութային բաղադրիչի իրավական ճանաչման միջոցով: ՖՀԿՀԽ կոչ է անում վրացական իշխանություններին անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ երկխոսության ու բանակցությունների միջոցով հարգանք դրսեւորել հայ փոքրամասնության իրավունքների նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter