HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արհեստական բեղմնավորման ճանապարհով Հայաստանում ծնվել է 120 երեխա

11_04-noracin«Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից սկսվել եւ իրականացվում է գիտական ծրագիր, որը նպատակ ունի պարզել, թե ինչքանով է տարածված չբերությունը Հայաստանում: Մենք այդ ծրագիրը իրականացնում ենք երկրորդ տարին, այս պահին թվեր չեմ կարող ասել, որովհետեւ ընթացքի մեջ է ծրագիրը»,-այսօր Հայելի ակումբում ասաց հայկական բժշկական ասոցիացիայի կլինիկական հանձնախմբի քարտուղար Լիլիթ Կուջոյանը: Մոր եւ մանկան առողջության  պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Առուստամյանն ասաց, որ վերարտադրողականության մակարդակը բարձրացնելու համար Հայաստանում կատարվում է արհեստական բեղմնավորում: Արհեստական բեղմնավորումն իրականացվում է միայն Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: «Աշխատանքները սկսվել են դեռեւս 1999 թ. ֆրանսիացի բժիշկների հետ համատեղ: Առաջին դրական արդյունքները գրանցվել են 2003 թ., առաջին երեխաները ծնվել են 2004 թ. փետրվարի 5-ին, եռյակ: Նրանց առողջական վիճակը շատ լավ է»,-ասաց Կ. Առուստամյանը: Այսօր արհեստական բեղմնավորումը իրականացնում են հայ բժիշկները բժիշկ Օկոյեւի ղեկավարությամբ: 120-ից ավել երեխա է ծնվել արհեստական բեղմնավորման ճանապարհով: Արհեստական բեղմնավորումը Հայաստանում արժե 1 մլն դրամ: Մասնագետը նշեց, որ եթե  արտամարմնային բեղմնավորումը միայն դասական եղանակով էր իրականացվում, 2006 թ. ներդրվեցին մյուս տարբերակները եւս: «Նոր տարբերակները հնարավորություն են ընձեռում ունենալ կենսաբանական երեխա այն զույգերին, որոնց մոտ չբերությունը պայմանավորված էր տղամարդկային գործոնով: Մինչ այդ տղամարդու գործոնի պարագայում կատարվում էր արհեստական սերմնավորում` դոնորի սպերմայով»,-նշեց բժշկական գիտությունների դոկտորը եւ ավելացրեց, որ մեկ դոնորը կարող է լինել 5 երեխաների հայր: Վերարտադրողականության ցուցանիշի բարձրացման համար իրականացվում է նաեւ «Փոխնակ մայրության ծրագիրը»: Փոխնակ մայրության իրավունքն ամրագրված է ՀՀ Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքով: «Դա իրականացվում է այն դեպքում, երբ կինը այս կամ այն պատճառով չի կարող կրել երեխային: Եթե կինն ունի օրինակ արգանդի բացակայություն, նման դեպքերում հնարավոր է իրականացնել արտամարմնային բեղմնավորում սուրագաթ մոր օգտագործմամբ, այսինքն կենսաբանական մոր ձվաբջիջը բեղմնավորվում է կենսաբանական հոր սերմնաբջիջով եւ ստացված սաղմը տեղակայվում է մոր արգանդի մեջ»,-ներկայացրեց մասնագետը եւ հավելեց, որ ծառայությունը արժե 3 մլն դրամ: Առաջին  անգամ այս մեթոդը Հայաստանում իրականացվել է, քանի որ կինը բնածին չուներ արգանդ. «Ստացված էմբրեոնները տեղադրվեցին ամուսնու բարեկամուհու արգանդի մեջ եւ ծնվեցին զույգ աղջիկներ, հանձնվեցին կենսաբանական մորը»: Բժիշկը վստահեցնում է, որ կենսաբանական կապվածություն չի առաջանում, իսկ փոխնակ մոր հետ նախօրոք կնքվում է պայմանագիր, ըստ որի ծննդաբերելուց հետո երեխային հանձնում է ծնողներին: Փոխնակ մայրեր Հայաստանում դժվար  է գտնել, կենտրոնը պարբերաբար հայտարարություններ է տարածում, սակայն շատ դեպքերում էլ զույգը ինքն է գտնում փոխնակ մորը: Հայաստանում  հաճախ բարեկամներին են առաջարկում  լինել փոխնակ մայր: Հետքը հարցրեց, թե արհեստական բեղմնավորման դեպքում ապագա ծնողները կարո՞ղ են, արդյոք, միջամտել  երեխայի սեռը որոշելու հարցում: «Նախաիմպլատացիոն հետազոտություն է կատարվում, պարզելու համար զույգի գենետիկական հիվանդությունների առկայությունը: Սեռը կարելի է որոշել, եթե հետազոտության արդյունքում պարզվում է, որ կա գենետիկական հիվանդություն, որը շղթայված է սեռի հետ, այսինքն եթե օրինակ տղա երեխա ունենա, կմահանա: Միայն նման դեպքում ենք կատարում»: Լիլիթ Կուջոյանը ասաց, որ  Հայաստանում չբերության հիմնական պատճառը ինֆեկցիոն գործոնն է, ինչպես նաեւ` զույգերի անհամատեղելիությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter