HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողի վրա հարձակվողները չեն հայտնաբերվել, քրեական գործը կասեցված է

13_04-l-barseghyan«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա հարձակման փաստով 2008 թ.-ի օգոստոսի 11-ին հարուցված քրեական գործը նույն թվականի նոյեմբերի 11-ին կասեցվել է. հանցագործները չեն հայտնաբերվել: Վարույթն իրականացնող մարմինը վստահեցնում է, որ իրենք կատարել են ամեն ինչ, սակայն չեն կարողացել հայտնաբերել հանցագործներին: 

«Այս գործով թերություն չկա: Աշխատանք է տարվել ինչպես որ կարգն է, ինչքան ուզում եք միլիցիային քննադատեք, այս գործով բաց տեղ չի մնացել, որովհետև բարձրաստիճան պաշտոնյաների հսկողության տակ է եղել»,- Հետքի հետ զրույցում ասաց Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Արտաշես Հովհաննիսյանը: Վերջինիս վարույթում է եղել լրագրողի վրա հարձակման փաստով հարուցված քրեական գործը: Մեր ուսումնասիրությունը հիմք է տալիս պնդելու, որ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ` հանցագործությունը բացահայտելու համար: 2008 թ. օգոստոսի 11-ին, առավոտյան ժամը 9:40-ի սահմաններում, «Հայկական ժամանակ» օրաթերթի Լրագրող Լուսինե Բարսեղյանը երկու անհայտ անձանց կողմից ենթարկվել է հարձակման: 13_04-lusine

«Երբ ես իմ հայրական տնից դուրս էի եկել և գալիս էի աշխատանքի, նկատեցի, որ կողքի շենքի մոտ կանգնած մեքենայի շարժիչը միացավ և որ ինձ հետևում են, մտածեցի` երևի Ազգային անվտանգության աշխատակիցներն են, քանի որ այդ ժամանակ Նիկոլին էին փնտրում և բոլորիս հետևում էին, ուշադրություն չդարձրի, բայց զարմացա, թե ինչու այս անգամ այսքան բացահայտ է: Հասել էի աստիճաններին և ներքև էի իջնում, զգացի, որ մեքենան էլ իմ հետևից պտտվեց ու եկավ էդ աստիճանների մոտ, դրանք դուրս եկան մեքենայից, հարձակվեցին վրաս ու սկսեցին խփել: Ես սկսեցի բղավել և այդ աղմուկի վրա, երբ տեսան մարդիկ են հավաքվում, թողեցին ու փախան»,-պատմում է Լուսինեն:

Լուսինեի ձայնը լսելով` մոտակա գազի լցակայանի աշխատակիցն ու մի քանի անցորդներ օգնելու նպատակով վազել են Լուսինեի կողմը, սակայն հարձակվողները հասցրել են փախչել: Լուսինեի կարծիքով` հարձակվողները հատուկ էին ընտրել այդ աստիճանները, քանի որ այն մարդաշատ չէր և կարելի էր հեշտ փախչել: Լուսինեն նույնիսկ ենթադրում է, որ հարձակման պահին եղել է ոչ թե մեկ, այլ երկու մեքենա, որից մեկը կանգնած է եղել վերևում, մյուսը` աստիճանների ներքևում, և այդպես առավել հեշտ է եղել փախչելը: Միջադեպն այնքան արագ է տեղի ունեցել, որ Լուսինեն չի հասցրել տեսնել, թե ուր, որ կողմ և ինչպես են կարողացել հարձակվողներն անհետանալ, քանի որ իր աղաղակների վրա օգնության հասած մարդկանց ձայներից հարձակվողները հապճեպ փախուստի են դիմել: Լուսինեն չի հասցրել նույնիսկ տեսնել հարձակվողների դեմքերը: Սակայն նշում է, որ նրանք սպորտային կազմվածք ունեին և նման էին սափրագլուխների: «Ես շոկային վիճակում էի, առաջին պատահած տաքսին կանգնեցրի, որ իբր հասնեի դրանց ետևից: Բայց թե ոնց ծլկեցին, չնկատեցի: Դրա համար ենթադրում եմ, որ մեկ այլ մեքենա կար նաև աստիճանների ներքևում»,- ասում է Լուսինեն: Ճանապարհին` լոսաֆորի կարմիր լույսի տակ կանգնելու ժամանակ, Լուսինեն նկատել է սպիտակ գույնի «Մոսկվիչ» 15 LU 393 պետհամարանիշով մեքենա, որում տեսել է ոստիկանական համազգեստով վարորդին, հետևում` իր վրա հարձակվող սափրագլխի նման մեկին և կողքին` մեկ այլ անձի: Նրանք, ըստ Լուսինեի, ուշադիր նայել են իր կողմը: Լուսինեն վնասվածքներով հասել է խմբագրություն: Խմբագրությունից շտապօգնություն են կանչել, նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները հետազոտել են լրագրողին և արձանագրել գլխի սալջարդ ու հեմատոմա: 13_04-lusine-1

Օպերատիվ հետախուզչական միջոցառումները պարզել են, որ «Մոսկվիչ 21-41» 15 LU 393 պետհամարանիշով մեքենան պատկանում է Երևան քաղաքի Նոր Նորքի առաջին զանգվածի, Նանսենի փողոցի 17 շենքի թիվ 111 բնակարանի բնակիչ Վահե Արմենի Խաչատրյանին, որը վարում է վերջինիս հայրը` ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնին կից պահպանության բաժանմունքի ոստիկան, ոստիկանության ավագ Արմեն Խաչատրյանը: Կատարված քննությամբ պարզվել է, որ Արմեն Խաչատրյանն օգոստոսի 10-ին` դեպքի նախորդ օրը, երեկոյան ընդունել է հերթափոխը Իսահակյան փողոցի «Տրիումֆ» սրճարանում, առավոտյան 09:30-ի սահմաններում հանձնել այն և վերոնշյալ ավտոմեքենայով «Տրիումֆ» սրճարանի բանվոր Սեյրան Սարգսյանին և էլ. մոնտաժող Յուրի Սարգսյանին տեղափոխել է Երևանի քաղաքի Սարյան փողոց, այնուհետև անձնական գործերով ուղևորվել Լոռու մարզի Ակներ գյուղ: Քրեական գործի նախաքննությամբ վերոնշյալ երեք անձանց մասնակցությունը կատարված հանցագործությանը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Քանի որ Լուսինեն գրանցված էր Ավանի հայրական տանը, քրեական գործը հարուցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնում` ՀՀ քր.օր.-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով` ծեծ (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով): Օգոստոսի 12-ին Նոր Նորքի քննչական բաժինը գործը վարույթ է ընդունել: Լուսինեի գործը քննող Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Արտաշես Հովհաննիսյանի հավաստմամբ` հանձնարարություններ են տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնին ձեռնարկելու օպերատիվ-հետախուզչական միջոցառումներ` Լուսինե Բարսեղյանին ծեծի ենթարկող երկու հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ձեռնարկված միջոցառումները դրական արդյունքներ չեն տվել: Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության ընթացքում Լուսինե Բարսեղյանը որպես տուժող ճանաչվելուց և հարցաքննվելուց հետո բազմիցս հրավիրվել է քննչական բաժին` քննչական գործողությունների կատարման, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննությունն ավարտելու համար, սակայն իր զբաղվածության պատճառով քննության չի ներկայացել: Քննիչը ցույց տվեց բազմաթիվ տեղեկանքներ այն մասին, որ Լուսինեն թե' հեռախոսազանգերով, թե' գրավոր բազմիցս ծանուցվել է դատական բժշկին ներկայանալու համար, որպեսզի վերջնական եզրակացություն կազմվի նրա ստացած վնասվածքների ծանրության աստիճանի մասին:

«Մի ամիս ինձ համոզում էին, որ նորից գնամ դատաբժշկի մոտ, ես բացատրեցի, որ ժամանակ չունեմ, և քանի որ մինչև այդ իրենք մատը մատին չէին տալիս, միայն իմ հետ էին քննչական գործողություններ կատարել, որևէ իմաստ չեմ տեսել նորից գնալ դատաբժշկական փորձաքննության: Որքան ես հասկանում եմ, իրենք ուզում էին նորից ինձ ուղարկել դատաբժշկի մոտ, ու եթե հետևանքներ չլինեին, ավելի հեշտությամբ գործը փակեին»,- ասում է Լուսինեն:

Չնայած Լուսինեն երկրորդ անգամ չի ներկայացել դատաբժշկական հետազոտության, այդուհանդերձ, նոյեմբերի 11-ին դատաբժիշկը նախնական հետազոտությունների հիման վրա կայացրել է եզրակացություն, որի համաձայն` «Լուսինե Բարսեղյանի ստացած մարմնական վնասվածքները պատճառել են նրա առողջությանը թեթև վնաս և առողջության կարճատև քայքայում»: Նույն օրը որոշում է կայացվել արարքը ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) վերաորակելու մասին: Քրեական գործով վարույթը կասեցվել է ՀՀ քր. դատ. օր.-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործությունը կատարող անձինք պարզված չլինելու հիմքով, որի օրինականությունը ստուգվել է Երևան քաղաքի դատախազության կողմից: «Գործով վարույթը կասեցվել է, չնայած օպերատիվ հետախուզչական աշխատանքները մինչև օրս էլ շարունակվում են»,- փաստեց քննիչ Ա. Հովհաննիսյանը:

«Բնականաբար, ոչ ոքի չհայտնաբերեցին, չնայած ես նշել էի այնպիսի տվյալներ, որոնցով շատ հեշտ էր գտնել նրանց»,- ասում է Լուսինեն: Լուսինեի խոսքերով` նույն մեքենան, որը դեպքի պահին կանգնած էր հայրական տան շքամուտքի մոտ, մի քանի օր պահակություն է արել խմբագրության դիմաց: Այն եղել է մուգ մանուշակագույն երանգով 06 «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա: Մեքենան նկատել են նաև խմբագրություն այցելած անձինք: Դեպքից մի քանի օր առաջ Կարեն անվամբ ոմն մեկը եկել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն, ներկայացել «Սարգիս Տխրունի» երիտասարդական թևից, ցանկացել է տեսնել Լուսինեին: Լուսինեն այդ պահին զբաղված է եղել և խնդրել է սպասել մի քանի րոպե, իսկ երբ դուրս է եկել, Կարեն անվամբ ներկայացող երիտասարդն արդեն չկար: Նույն անձը եղել է նաև Լուսինեի ծնողների տանը: Լուսինեի հայրը` Նորայր Բարսեղյանը, պատմեց, որ այդ երիտասարդը հետաքրքրվել է Լուսինեով և ասել, որ ուզում է աշխատել «Հայկական ժամանակ» օրաթերթում: «Կլոր դեմքով, ոչ մուգ գույնի մազերով, 35 տարեկանին մոտ երիտասարդ էր: Ասաց, որ ուզում է  «Հայկական ժամանակ»-ում աշխատել, մենք էլ ասացինք` եթե ուզում եք աշխատել, գնացեք «Հայկական ժամանակ», մեր տուն ինչու եք եկել, «Հայկական ժամանակ»-ը խմբագիր ունի, գնացեք խմբագրի մոտ»,-պատմում է Նորայր Բարսեղյանը: Երիտասարդն ասել է, թե արդեն եղել է խմբագրությունում, այնտեղից են ուղարկել Լուսինեի հայրական տուն: Լրագրողը պարզել է, որ «Սարգիս Տխրունի»-ում նման մարդ գոյություն չունի: «Ստուգողական աշխատանքներ են իրականացրել»,- վստահ է Լ. Բարսեղյանը: Լուսինեի վրա հարձակվողների ֆոտոռոբոտը չի կազմվել, քանի որ Լուսինեն նրանց միայն ետևից է տեսել, իսկ օգնության հասած մարդիկ անծանոթ են եղել: Քննիչը դժգոհում է, որ Լուսինեն պասիվություն է դրսևորել այս գործի բացահայտման առումով, չի ներկայացել իրենց մոտ, չի օգնել գործի քննությանը: Լուսինեն դրա բացատրութունն ունի. նա վստահ է, որ ոստիկանությունը չի բացահայտի հանցագործներին, եւ նրանք ձեւական քննություն են կատարում:

«Նույն երիտասարդը նաև զանգել է խմբագրություն, ես մոտավոր ժամը ասել էի, և եթե ուզենային տեսնել, թե ով է, «ԱրմենՏելից» կարող էին վերցնել հեռախոսազանգերի վերծանումը և շատ հեշտ ճշտել, կարող էի տալ նրա նկարագիրը»,- ասում է լրագրողը: Կարեն ներկայացող անձի ֆոտոռոբոտ կազմելու անհրաժեշտություն, ըստ քննիչի, չի եղել: «Կարենը հանցագործներից մեկը չէ: Լուսինեն է կապում Կարենին այս դեպքին, բայց դա դեպքից շատ շուտ է եղել` մի շաբաթ առաջ: Ինքը չգիտի, ուղղակի ասում է, դե թող գար` պարզեինք»,- ասում է քննիչը և վստահեցնում, որ իրենք բոլոր վարկածները ստուգել են: Սակայն անհասկանալի է, թե ինչու է քննիչն այդքան համոզված, որ Կարեն անունով տղան ոչ մի կապ չունի դեպքի հետ: Թեեւ Կարենին տեսել են շատերը` և' Լուսինեն, և' «Հայակական ժամանակ»-ի աշխատակիցները, և' Լուսինեի ծնողները, քննիչը պնդում է, որ Լուսինեն Կարենի արտաքինն էլ կարգին չի հիշում, դրա համար էլ ֆոտոռոբոտ չի կազմվել: «Հորն էլ ենք քննել, նա էլ չէր կարողանում նկարագրել Կարենին»,- ասում է Ա. Հարությունյանը: Լուսինեն հակառակն է պնդում, չեն հարցաքննվել նաեւ այդ տղային խմբագրությունում տեսած  «Հայկական ժամանակ» օրաթերթի աշխատակիցները: Արտաշես Հովհաննիսյանն ասում է, որ հեռախոսազանգերի վերծանումով էլ ոչինչ հնարավոր չի եղել պարզել. «Մենք վերծանումներով փորձել ենք պարզել, Լուսինեին էլ կանչել ենք կոնկրետ համարներ ճշտելու համար, ինքը հրաժարվել է: Հնարավոր չի եղել պարզել, թե Կարեն անունով անձն ով է»: Հիշեցնենք, որ Լուսինեն նշել է մոտավոր ժամը, երբ այդ Կարենը զանգել էր խմբագրություն, եւ քննիչների համար դժվար չէր այդ ժամերի շրջանակում զանգերի ճշտումը, թեկուզ առանց Լուսինեի: Լուսինեն ասում է, որ այդ տղան չկար իր վրա հարձակվողների մեջ, հարձակվողները սափրագլուխներ էին, իսկ Կարեն անունով ներկայացող անձը շեկ մազերով երիտասարդ էր: «Այդ բոլոր տվյալները նշելուց հետո ցանկացած պրոֆեսիոնալ կարող էր հեշտությամբ հայտնաբերել դրանց, ոչ մի բան չարվեց, մի քանի ամիս ձգձգելուց հետո իրենք հայտարարեցին, որ գործը կասեցվել է,-պատմում է Լուսինեն,-ինձ էլ տեղյակ չեն պահել, ես պատահական աղբյուրներից եմ լսել, որ գործը կասեցվել է այն հիմնավորմամբ, որ չկա երկրորդ վկա, ապացույցների անբավարարության պատճառով: Ի սկզբանե պարզ էր, որ չէր բացահայտվելու, որովհետև դա իմ լրագրողական գործունեության հետ էր կապված»: Դեպքին նախորդող շրջանում լրագրողը հրապարակել է հոդվածների շարք պաշտոնյաների չարաշահումների մասին: Մասնավորապես հոդվածներ են եղել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի, այն ժամանակ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի գործունեության եւ ունեցվածքի վերաբերյալ: «Նույնիսկ նշել եմ, որ առաջին կասկածյալը Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանն է (հանրությանը հայտնի է Թոխմախի Մհեր մականունով-խմբ.), կարող են լինել նաև այլ մարդիկ, ասենք` Հովիկ Աբրահամյանը: Կամ մեկ ուրիշը: Քանի որ մեր հեռախոսները լսվում են, իրենք գիտեին, որ, օրինակ, նյութ էր նախապատրաստվում ոստիկանության չարաշահումների վերաբերյալ («Որտեղի՞ց նրանց այս ամենը», «Ժողովրդի վրա կրակող Մհերը»)»,-համոզված ասում է լրագրողը: Վարկածները, ըստ քննիչ Ա. Հովհաննիսյանի, տարբեր են եղել և դիտարկվել են լրագրողի մասնագիտական գործունեության ոլորտում: «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունն էլ է տվել, գնայինք քննեի՞նք,- հարցնում է քննիչը և հաստատում, որ չեն քննել,-ասել է, որ հնարավոր է նրա «ճտերն» են: Այդ վարկածն օպերատիվ հետախուզական միջոցառումներում մշակվել ու ստուգվել է, եթե կապ ունենար, մենք կանեինք»: Քննիչ Ա. Հովհաննիսյանը վստահեցնում է, որ բոլոր օպերատիվ-քննչական գործողություններն արված են և շեշտում, որ «իմիջիայլոց, գործը նախարարի կանտրոլի տակ է եղել, ընդհուպ մինչև նախագահի աշխատակազմ»: «Հետքը» գրավոր դիմեց ՀՀ գլխավոր դատախազին` պարզելու, թե ինչու չի կազմվել Կարեն անունով ներկայացող անձի ֆոտոռոբոտը, ինչու չեն ստուգվել հեռախոսազանգերը, չեն հարցաքննվել «Հայկական ժամանակի» աշխատակիցները: 13_04-lusine-2

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մեր նամակի` Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ. Շահինյանը պատասխանել է. «… Լուսինե Բարսեղյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստի առիթով հարցուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից Երևան քաղաքի Ավան և Նոր նորք համայնքների դատախազին տրվել է գրավոր ցուցում` դիմումում նշված փաստերի ստուգման նպատակով համապատասխան քննչական գործողություններ կատարելու մասին»: Նույնպիսի մի նամակ էլ «Հետքը» ուղղել էր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից ստացանք պատասխան 1-ին վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ս. Ծաղիկյանի ստորագրությամբ, որտեղ, սակայն, չկար մեր նշած հարցերից և ոչ մեկի պատասխանը:

Մեջբերենք այդ պատասխան-գրությունից մի հատված. «…Ինչ վերաբերում է գրությամբ նշված այն հանգամանքներին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում լիարժեք քննչական գործողություններ չեն կատարվել և թույլ տրված անփութության հետևանքով է, որ լրագրող Լ. Բարսեղյանի նկատմամբ կատարված հանցագործությունը չի բացահայտվել, ապա այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Նոր Նորք քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի նյութերի մանրազննին ուսումնասիրությամբ պարզվել է, որ գործի նախաքննության ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմնի  կողմից անշեղորեն պահպանվել են ՀՀ քրեական դատավարւթյան օրենսգրքի պահանջները, ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, ինչպես նաև նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները»: Թե ինչու ոստիկանությունը չի պատասխանել մեր հարցերին, եւ ինչ քննչական գործողություններ չեն կատարվել հանցագործներին բացահայտելու համար, կներկայացնենք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter