HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրամահավաք դպրոցում. վանաձորցի ծնողները վճարել են ստուգողական աշխատանքներ անցկացնելու համար

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի թեժ գծին ահազանգած վանաձորցիները բողոքել են դպրոցների հերթական դրամահավաքից: Վանաձորի թիվ 11 դպրոցի տնօրինությունից բողոքող 2 ծնողները, ինչպես նաեւ դպրոցի 8-11-րդ դասարանների շուրջ 300 աշակերտների ծնողներ 1000-ական դրամ են հավաքել քննության նախապատրաստման համար:

Կոռուպցիոն կենտրոնը, որը գտնվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, դիմել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին` խնդրելով պարզաբանել հերթական դրամահավաքի պատճառները: Ի պատասխան կազմակերպության հարցման` Կրթության պետական տեսչությունից տեղեկացրել էին, որ գանձված գումարներն ընթացիկ առաջադիմության անցկացման համար են ծախսվել: Դպրոցներում անցյալ տարեվերջից անցկացվող, այսպես կոչված, միջանկյալ քննությունները` ընթացիկ առաջադիմության համար անցկացվող ստուգողական աշխատանքները, դպրոցներին կանգնեցրել են ֆինանսական ճգնաժամի առջեւ: Լոռու մարզպետարանի կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանի հավաստմամբ` ստուգողական այս աշխատանքներից առաջ դպրոցները հանկարծակիի եկան: «Նման միջոցառումներին նախապատրաստվում են, եւ քանի որ հսկայական գումար էր պետք, մի կերպ դպրոցներն այն կազմակերպեցին»: Մի կերպ, ըստ այս ոլորտի պատասխանատուների, կազմակերպվեցին նաեւ մարտ ամսվա ստուգողական աշխատանքները: Ծնողների բողոքի թիրախ դարձած դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը նշում է, թե իրենց մեկ օր առաջ են տեղեկացրել ստուգողական աշխատանքների մասին, եւ իրենք այլ հնար, քան ծնողական խորհրդին խնդրանքով դիմելը, չունեին: «Գիտեի, որ գրավոր է լինելու, բայց թե դա ինչ կպահանջի դպրոցից, չգիտեի: Մտածում էի` հանձնարարությունը կտան, երեխեքն էլ կգրեն»,- այնինչ տնօրենը զարմացել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ուղարկած թեստերի ծավալից: Ըստ Սահակյանի` ամեն մի թեստը բաղկացած է 8-16 թերթից: Ամեն մի դասարան 3-4 առարկայից է ստուգողական հանձնել: 8-11-րդ դասարանի աշակերտների թիվն էլ շուրջ 300-ի է հասնում, ու այդ թեստերը պետք էր բազմացնել: Սահակյանը, հաշվելով 300 աշակերտի` 3-4 քննությունների համար նախատեսված թեստերի բազմացման համար պահանջվող գումարները, որոշել էր ամեն մի աշակերտից գանձվող գումարը` 980 դրամ: «Մեզ պետք էր 93 տուփ թուղթ` արժե 2000 դրամ, թեստերի կեսը դպրոցում բազմացրեցինք, կեսն էլ ծանոթ գտանք` 7 դրամով պատճենեց»,- հայտնեց տնօրենը: Վերջինս ասաց, որ նույն օրն իրավիճակը ներկայացրել է ծնողական խորհրդին, եւ իր խնդրանքը բավարարվել է: «Եթե դուք ինձ չօգնեք, ես տանուլ կտամ, չեմ կարող անցկացնել քննությունները»,- խորհրդի նիստում հայտարարել էր դպրոցի տնօրենը` հավաքած գումարը ծախսելով ինչպես թղթի եւ գրիչների ձեռքբերման, այնպես էլ թեստերի բազմացման վրա: Տնօրենը նշում է, թե դպրոցը նման ծախսերի պատրաստ չէր, եւ եթե դպրոցի բյուջեից օգտագործեր, ապա չէր կարող նախապատրաստվել հունիսյան քննություններին կամ էլ որեւէ ծախս անել, ասենք`ապակի գնել: Դպրոցի տնօրենի հավաստիացումներին, թե այդ գումարից ինքն իր գրպանը չի դրել ու նման իրավունք էլ չունի, բողոքող ծնողները չեն հավատում: Ծնողները չեն հրապարակում իրենց անունները` մտավախություն ունենալով, որ հետագայում տնօրինությունն իրենց երեխաների համար խնդիրներ կհարուցի, սակայն պնդում են, որ այս դրամահավաքն անօրինական է: «Ամոթ է»,- ծնողների բողոքին հակադարձում է տնօրենը: Նա կարծում է, որ եթե անգամ կասկածում էին իրեն, կարող էին դիմել ծնողական խորհրդին` հավաստիանալու, թե ինչպես է ծախսվել գանձված գումարը: «Կտրոնները կարող են ստուգել»,- Ն. Սահակյանը խնդրել է ծնողական խորհրդին` հետաքրքրվող ծնողներին թույլ տալ ստուգել փաստաթղթերը: Տնօրենը վստահեցնում է, որ իր դպրոցի բյուջեն իսկապես բավարար չէ քննություններ անցկացնելու համար, մյուս կողմից էլ` այդ ծախսերը հոգում է ոչ թե դպրոցը, այլ` Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: «Դպրոցը նման գումար չունի: «Այլ ծախսեր» ունի, բայց մենք նույնիսկ այդ ծախսերն ենք կրճատել»,- ասում է Լոռու մարզպետարանի կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանը:  Նա տեղյակ չէ, թե ինչու կենտրոնը գումար չի փոխացնել միջանկյալ կոչվող քննություններն անցկացնելու համար: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի լրատվական բաժնի ղեկավար Գայանե Մանուկյանը պնդում է, որ, այսպես կոչված, միջանկյալ քննությունները` ստուգողական աշխատանքները, ֆինանսավորում է դպրոցը: Նա հայտնեց, որ կենտրոնը հոգում է քննությունների ծախսերը, իսկ նման ստուգողական աշխատանքների համար դպրոցն իր բյուջեից պիտի ծախսեր կատարի: Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի` նախարարությանն ուղղված գրության պատասխանում Կրթության պետական տեսչությունը նշել է, թե այդ գումարները հավաքվել են գրիչների, թղթերի, տպիչի ներկ գնելու համար: «Գնահատման եւ թեստավորման կենտրոնից պատվիրված աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով, դպրոցի ծնողական խորհրդի նախաձեռնությամբ, առանց տնօրենի մասնակցության, որոշվել է գումար հավաքել»,- նշված է տեսչության պատասխանում: Մինչդեռ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի լրատվական բաժնի ղեկավար Մանուկյանը զարմանում է, թե ինչու պիտի աշակերտները հավաքեին այդ գումարները դպրոցի փոխարեն: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի` Լոռու մարզի Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքների դպրոցներում 2 տարի առաջ անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դպրոցներում դրամահավաքությունը հիմնականում կատարվում է ոչ կամավոր` ծնողներից շատերը հարկադրված են գումարը դպրոց ուղարկում: Դպրոցների ֆինանսական միջոցները կարող են գոյանալ նաեւ ծնողների կամավոր մուծումներից, բայց հարցված ծնողների մեծ մասը ստիպողաբար է վճարել եւ գումարը ծախսելու մասին տեղեկացված է եղել մասնակի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter