HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

«Արդեն 5 ամիս է անցել, ինչ մեր կազմակերպությունը պաշտոնական 3 գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանը` ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնադրված Ջի Էմ Մաղարո ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն անջակցելու հարցով: Սակայն մինչ օրս կազմակերպությունը ՀՀ կառավարությունից ոչ մի արձագանք չի ստացել: 2006թ. Գագիկ Ծառուկյանի կողմից Երևանում հիմնադրվել է Ջի Էմ Մաղարո  ՓԲԸ-ն, որը Թումանյանի շրջանում զբաղվել է ոսկու արդյունաբերությամբ և 2007թ. մարտի 1-ից աշխատանքի է ընդունել Ալավերդի և Մղարթ գյուղի մոտ 50 բնակիչների: Աշխատանքի ընդունելուց հետո ընկերությունն աշխատակիցներին աշխատավարձ չի վճարել, այնուհետև մոտ 6 ամիս անց հավաքել է վերջիններիս հետ կնքած աշխատանքային պայմանագրերը և այլևս չի վերադարձրել: Աշխատակիցների խոսքերով` Ջի Էմ Մաղարո ՓԲԸ-ն նշված ամիսների ընթացքում որևէ գործունեություն չի ծավալել: Ջի Էմ Մաղարո ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն աջակցելու խնդրանքով կազմակերպությունը նախ դիմել էր ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը: Աշխատանքի պետական տեսչությունը տեղեկացրել էր, որ իրականացվում է վարույթ և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնի կազմակերպությանը, թեև մինչ օրս իրականացվող վարույթի արդյունքների մասին որևէ տեղեկություն չի ներկայացվել: Այնուհետև կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչապետին, սակայն որևէ պատասխան չի ստացվել: Նույն խնդրանքով երկրորդ անգամ ներկայացված գրության կապակցությամբ կազմակերպությունը բանավոր տեղեկացվել է, որ խնդրի կարգավորմամբ հանձնարարվել է զբաղվել Լոռու մարզպետարանին, այն դեպքում, երբ խնդրի կարգավորումը Լոռու մարզպետարանի իրավասությունների շրջանակից դուրս է: 2009թ. փետրվարի 16-ին կազմակերությունը բաց նամակով է դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս անգամ ևս որևէ արձագանք չի ստացվել: Հաշվի առնելով ՋԻ Էմ Մաղարո ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ առկա փաստերը, և այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում նման խախտումները վերացնելու կապակցությամբ` եզրակացնում ենք. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի գործում դրսևորած անհետևողականությունը պայմանավորված է Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վերջինիս մոտ առկա վախի հանգամանքով»: Հետքը դեռեւս 2008-ի փետրվարի 4-ի համարում անդրադարձել էր այս խնդրին ( «Ո՞վ է շահագործել Մղարթի ոսկու հանքը», http://old.hetq.am/arm/economy/7531/), սակայն որեւէ արձագանք այդպես էլ չի ստացել, ոչ կառավարությունից, ոչ էլ՝ դատախազությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter