Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Իրան
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, ապրիլի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Իրան: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է Իրան:
Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, Տրանսպորտի և կապի նախարար ուրգեն Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԱԺ պատգամավորներ, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Հայռուսգազարդ ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը, պաշտոնատար այլ անձնինք:
Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նախագահներ Սերժ Սարգսյանի և Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:
Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել և հեռանկարային որակել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել միջպետական հարաբերությունների հետագա ընդլայնման իրենց պատրաստակամությունը` նկատելով, որ նման այցելություններն ու բարձր մակարդակի շփումները հնարավորություն են տալիս քննարկելու և լուծումներ տալու հայ-իրանական հագեցած օրակարգին վերաբերող տարբեր խնդիրների:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների դինամիկ ընդլայնմանը, նրան դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող հարևան և «դժվար օրերի բարեկամ»` շնորհակալություն հայտնելով ինչպես անկախության առաջին տարիներին, այնպես էլ օգոստոսյան իրադարձությունների օրերին Իրանի տարածքով առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման հարցում ցուցաբերած բարեկամական աջակցության համար: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին կարևոր առաջանահերթություններից մեկը: «Անհրաժեշտ է պահպանել և ընդլայնել մեր ձեռքբերումները»,-նշել է Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը:
Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադն ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
«Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի քննարկումը լավագույն վկայությունն է բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման մեր տեսլականի: Վստահ եմ, որ քննարկված խնդիրների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն փաստաթղթերի, որոնց իրականացումը կբերի մեր բարեկամության հետագա էլ ավելի խորացմանը»,- ընգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու երկրների ղեկավարները կարևորել են Իրանի հայկական համայնքի լուրջ դերակատարությունը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում:
Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ առևտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, Իրան-Հայաստան երկաթուղագծի կառուցմանը, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի կառուցմանը, էներգետիկ, տրանսպորտի և առևտրի բնագավառներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին:
Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: Զրուցակիցները կարևորել են առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը` համագործակցությունը, խաղաղությունն ու կայունությունը համարելով կարևոր նախապայման տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իրանի Նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մշտապես ցուցաբերված հավասարակշռված մոտեցման համար:
Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը դրական են գնահատել բանակցությունների արդյունքները:
Նույն օրը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Զրուցակիցներրը բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամության պատգամավորական խմբի աշխատանքները` կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու զարգացման հարցում: Անդրադառնալով բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում քննարկվող ծրագրերին, Իրանի Մեջլիսի նախագահը նկատել է, որ դրանք իրատեսական են և իրագործելի: Ալի Լարիջանիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայաստանյան իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների մասին: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր խնդիրների վերաբերյալ:
Երեկ ուշ երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Պաշտոնական այցի շրջանակում այսօր մեր երկրի Նախագահը կհանդիպի Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ, ծաղկեպսակ կդնի Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր-առաջնորդ Այաթոլլա Խոմեյնիի դամբարանին: Տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթերի ստորագրումից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Մահմուդ Ահմադինեժադը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
ՙ
«Արարատ» մարզամշակութային համալիրում իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ կավարտվի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել