
Պաշտոնավարման մեկ տարվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելի համարեց Տեր-Պետրոսյանի մարտի մեկյան հանրահավաքում հնչեցրած «խոհեմ մոտեցումը», թե ընդդիմությունը պետք է հրաժարվի պայքարի հեղափոխական մեթոդներից և գործի բացառապես Սահմանադրության շրջանակում:
Նախագահը միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ այդ հայտարարությունը չարվեց փետրվարի 20-ին, երբ ԼՏՊ-ին ձեռքերի վրա նախագահական տանելու «գործընթացը» նոր էր սկսվում, և դեռ կարելի էր խուսափել հեղափոխական ակտիվիստների զանգվածը գազազած ամբոխի վերածելու կանխատեսելի հեռանկարից: ՀՀՇ-ական թերթերից մեկը սրան ի պատասխան շտապեց հակադարձել, թե Տեր-Պետրոսյանը փետրվարի 20-ին էլ էր նույն բանն ասել` «որ պետք է գնալ սահմանադրական ճանապարհով»:
Իսկապես: ՀՀՇ առաջնորդն այդ մասին խոսում էր ոչ միայն փետրվարի 20-ին, ոչ միայն դրանից հետո, երբ բեմահարթակում ծամածռվելով ազդարարում էր «երգի-պարի հեղափոխության» մեկնարկը, դերասանություն անում, թե` «թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձնից բացի» և կամ մարտի 1-ի նախօրեին, երբ հեղափոխական ակտիվն ի մի էր բերում պահեստավորված զենքուզրահի պաշարները` պատրաստվելով գարնանային գրոհի:
Ընտրություների արդյունքներից անկախ` իշխանությունը «օրինականության շրջանակում» սահմանադրական ճանապարհով յուրացնելու մասին նա փարիսեցիաբար հայտարարում էր ավելի վաղ` 10-ամյա կամավոր աքսորից հետո հրավիրած առաջին ասուլիսում` երդվելով, որ ինչ լինելու է, լինելու է բացառապես օրենքի և Սահամանդրության շրջանակներում:
Այսօր էլ Տեր-Պետրոսյանը ձևացնում է, թե մտքով անգամ չի անցկացնում շեղվել պայքարի սահմանադրական «մայրուղուց», ցինիկաբար հայտարարելով, թե ապստամբություն, հեղափոխություն բառերը երբևէ չեն եղել և չպետք է լիենեն ընդդիմության զինանոցում, ինչն արդեն մտահոգության տեղիք է տալիս, քանզի աչքը տեսածից է վախենում: Փորձը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանը մի բան ասում է`ճիշտ հակառակն անում: Եթե խոսում է «Սահմանադրական ճանապարհով գնալու» մասին, ուրեմն պատրաստվում է հետընտրական նոր խժդժությունների, այս անգամ, հուսանք` առանց մարդկային զոհերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել