Դատապարտում են Վահագն Չախալյանի նկատմամբ գործադրած քաղաքական հալածանքը
Միահամուռ կերպով դատապարտում ենք Ջավախքի ազգային գործիչ, տեղի հայության ոտնահարվող ազգային և քաղաքացիական իրավունքների նվիրյալ պաշտպան «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի համակարգող Վահագն Չախալյանի նկատմամբ Վրաստանի իշխանության գործադրած անօրեն և սանձարձակ քաղաքական հալածանքը, որի արդյունքում նրա նկատմամբ կայացավ 10-ամյա բանտարկության դատավճիռ:
Վահագն Չախալյանի և «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի մյուս անդամների դեմ միջնադարյան դաժանությամբ և օրինականության աղաղակող խախտումներով զուգակցվող քաղաքական հալածանքն ակնհայտորեն միտված է Ջավախքի բնիկ հայ բնակչության իրավազուրկ վիճակի ամրապնդմանը, հասարակական և մշակութային դաշտի բնաջնջմանը և, որպես հետևանք, տարածքի շուտափույթ և անդառնալի հայաթափությանը:
Այսուհանդերձ, տարիներ շարունակ Ջավախքի միակ անկախ և հայոց ազգային շահերը հետևողականորեն և արդյունավետ պաշտպանած «Միասնական Ջավախք»ժողովրդավարական դաշինքի անդամներին վարկաբելու, բանտարկելու և մատնելու գործին մեծապես և մշտապես ակտիվորեն մասնակցել է նաև ՀՀ ներկայիս վարչախումբը, որի հրահանգով և նախաձեռնությամբ հայաստանյան ռեժիմի ղեկավարները Վրաստանում սեփական գործարարական շահերը պաշտպանելու նպատակով Վրաստանի իշխանությունների հետ համատեղ մշակել և իրագործել են Ջավախքում հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության համար պայքարող գործիչներին «չեզոքացնելու» գործողություն:
2006 թ. հոկտեմբեր ամսին Երևանում Վահագն Չախալյանի դեմ կատար ված մահափորձը, դրան անմիջապես հաջորդած ձերբակալությունը, ապա նաև ՀՀ-ից արտաքսումը ազդակ էր Վրաստանի իշխանություններին Չախալյանի ձերբակալության և այժմյան դատավճիռը կայացնելու համար: Ներկայիս վարչախմբի հայրենավաճառ էությունն, այսպիսով, ակնհայտորեն փաստվում է նաև Ջավախքի հայության դեմ հրապարակային լկտիությամբ դրսևորվող քաղաքական ընթացքի մեջ:
Զորակցության կոչ ենք անում Ջավախքի մեր բոլոր հայրենակիցներին և, ի մասնավորի, Վահագն Չախալյանի ընտանիքին և նվիրյալ հայրենաշեն պայքարի եղբայրակիցներին՝ ամուր պահպանելու կամքն ու վճռականությունը: Ջավախքը Հայոց հայրենիքի անբաժան մասնիկն է, որը միշտ կմնա հայեցի և աննկուն:
Վահագն Չախալյանի արդար գործը հաղթանակելու է և նա ազատության մեջ բոլորիս հետ միասին կվայելի իր ազգային սխրանքի վաստակը՝ Հայոց Ջավախքի զարթոնքն ու անսասանությունը:
«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնություն, 14.04.09թ. ք. Երևան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել