Կապանում մեկնարկեց «Արմմոնո» թատերական փառատոնը
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի նորոգ բեմում ապրիլի 13-ին մեկնարկեց «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնը: Առաջինը ելույթ ունեցավ Հ. Ղափլանյանի անվան թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանը: Նա ներկայացրեց «Կոնտրաբաս» ներկայացումը` Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:
Փառատոնը նշանավորվեց նաեւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան 74-ամյա պետական դրամատիկական թատրոնի նոր մասնաշենքի հանդիսավոր բացմամբ: Հիշեցնենք, որ «Սյունիք» կինոթատրոնի նախկին շենքը հատկացվել էր Կապանի թատրոնին ու անցած տարվա պետբյուջեով թատրոնի մասնաշենքը նորոգելու համար կառավարությունը հատկացրել էր 49 մլն դրամ: Իր խոսքում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարոյական հաղթանակ համարեց շենքի նորոգումը: Ըստ նախարարի` «մարզեր կան, որ թատրոններ չկան, իսկ Սյունիքում 2 գործող թատրոն կա»:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խոսքով էլ փառատոնը Սյունիքում միավորել է աշխարհի տարբեր երկրների դերասանների. «Սա մշակությաին ինտեգրման մի ձեւ է»: Փառատոնի կազմակերպմանն աջակցել է Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը: «Ամենակարևորը շնորհավորում եմ կապանցի թատերասերներին, նաեւ թատրոնի կոլեկտիվին` տանիք ունենալու առիթով»:
Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Գասպարյանը պարտավորվեց անվճար բեմադրություն անել, իսկ Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ խոստացավ լուսային ու հնչյունային համակարգ նվիրել, քանի որ թատրոնին շենք տալով ոչ թե խնդիրը փակվում է, այլ նոր խնդիրներ են ծագում:
Փառատոնը, որին մասնակցում է 8 երկիր` Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Կամերուն, Մեծ Բրիտանիա, կշարունակվի մինչեւ ապրիլի 17-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել